Ինչո՞ւ Կրեմլը չի սանձում իր պրոպագանդիստներին, որ չհնչեն մեղադրանքներ Հայաստանի հասցեին

- in Կարծիք

Հայաստանի հանրության շրջանում գրեթե իրարանցում, կամ համենայն դեպս շփոթմունք է առաջացրել ռուսական պետական հեռուստաալիքներով Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքը, թե ամերիկացիները Երեւանում կազմակերպել են երիտասարդական հավաք, որի մասնակիցներին սովորեցրել են ԱՊՀ տարածքում, այդ թվում Ռուսաստանում իշխանության դեմ հեղափոխական պայքարի մեթոդոլոգիա:

Այդ բանը «բացահայտել» է «Ռաշա թըդեյ» հայտնի լրատվամիջոցը, որի ղեկավարն էլ ոչ անհայտ հայազգի Մարգարիտա Սիմոնյանն է: Նա «բացահայտումը» ներկայացրել է դարձյալ ոչ անհայտ Սոլովյովի հաղորդաշարի ընթացքում:

Այդ հանգամանքն էլ մեծ ուշադրության է արժանացել Հայաստանում, դիտարկվելով իբրեւ Կրեմլի դժգոհություն Հայաստանի նոր իշխանությունից:

Իրավիճակն ունի մի քանի ուշագրավ ասպեկտ: Բանն այն է, որ Հայաստանում առաջացած իրարանցման մասնակիցներից շատերը թավշյա հեղափոխությունից հետո այն համոզման կրողներ են, որ հեղափոխությունն իրականացվել է Կրեմլի հովանու ներքո, եւ Հայաստանի նոր իշխանությունն իրականում ավելի ռուսամետ է, քան նախորդը:

Միեւնույն ժամանակ, ստացվում է առեղծված: Եթե Հայաստանի թավշյա հեղափոխությունն իրականացվել է Կրեմլի կնիքով, թեկուզ «գաղտնի» կնիքով, այդ դեպքում ինչու՞ է Կրեմլը իր տեղեկատվա-քարոզչական հարթակներից Հայաստանին պարբերաբար մեղադրում «գունավոր հեղափոխության» համար, այդ հեղափոխությունը ներկայացնում որպես «սորոսական» կամ «արեւմտյան»:

Ի վերջո, Սոլովյով-Սիմոնյան «բացահայտումը» որպես օրինակ է նոր, իբրեւ երեւույթ՝ հերթական դրվագն է: Ուրեմն ի՞նչ է կատարվում: Հայ «հանդիսատեսը» թերեւս շփոթմունքի մեջ է, հիմա ինչ կարծել՝ թավշյա հեղափոխությունն արեւմտյան-սորոսակա՞ն էր, թե ռուսական: Եթե արեւմտյան-սորոսական էր, ապա ինչու են ներքին տեղեկատվական բոլոր հարթակներից Փաշինյանին ռուսամետության համար մեղադրում, իսկ եթե ռուսական էր, ինչու՞ են ռուսները տեղեկատվական կրեմլյան հարթակներից Փաշինյանին վերագրում եվրասիական «գունավոր հեղափոխությունների» ծիծեռնակի կարգավիճակ:

Իսկապես, դժվար է չշփոթվել, հաշվի առնելով այն ելակետերը, որով հասարակական-քաղաքական, փորձագիտական խմբերը ձգտում են կողմնորոշել Հայաստանի հանրային կարծիքը՝ երկրպագություն Արեւմուտք կամ Ռուսաստան, առանց դիտարկելու եւ հաշվի առնելու ներհայկական, ռեգիոնալ եւ համաշխարհային վերափոխումների դինամիկ ու բավականին խիտ շղթան եւ դրանում արձանագրվող խորքային վերադասավորումները, որոնք իրենց առանցքային ազդեցությունն են թողնում նաեւ Ռուսաստանում:

Սոլովյով-Սիմոնյանը այդ ազդեցության ներքո են «գրոհում» Հայաստանը: Հայաստանը նրանց համար հայելին է, որի մեջ տեսել են իրենց ապագան եւ գրոհել հենց դրա վրա:

Տեսել են, որովհետեւ նրանք դուրս են չափման այն կատեգորիայից եւ նեղ տեսադաշտից, որի մեջ է հայաստանյան հասարակական-քաղաքական, փորձագիտական հանրույթի զգալի մասը: Նրանք շատ լավ են տիրապետում խորքային վերափոխումներին եւ զգում Ռուսաստանի ներքին իրողությունների, ներհամակարգային հարաբերությունների վրա դրանց ազդեցությունը:

Նրանք, որ փորձում են ռուսաստանյան հանրությանը համոզել, հավատացնել, թե Ռուսաստանը հաղթահարում է պատժամիջոցների եւ մեկուսացման հետեւանքը եւ «ծնկած տեղից կանգնում» է, իրենք հո ամենից լավ գիտեն, որ իրականում Ռուսաստանը ծնկած տեղից արդեն պառկելու գործընթացի մեջ է:

Եվ միաժամանակ, նաեւ լավ են պատկերացնում, որ մնում է Ռուսաստանի «ոտքի կանգնելու» մի տարբերակ, եւ այդ տարբերակն այն է, որ Ռուսաստանը կանգնել կարող է ոտքը հենց իրենց վրա դնելով: Իրենցը իհարկե լոկ Սոլովյով-Սիմոնյանը չեն, այլ ամբողջ այն պրոպագանդիստական շերտը, իր բազմաֆունկցիոնալ բաղադրությամբ, որը արդեն մի քանի տարի նետվել է Արեւմուտքի դեմ պայքարի եւ գործնականում մաշվում եւ սպառվում է այդ պայքարում: Ռուսաստանը կանգնել կարող է միայն այդ շերտի վրա ոտքը դնելով, եւ դա նրանք լավ են հասկացել: Նրանք լավ են հասկացել, որ Պուտինը նետելով առաջնագիծ եւ պարգեւատրելով շռայլ, իրականում տարել է զոհաբերության, որովհետեւ ճակատամարտը պարտված էր ամենասկզբից:

Իսկ ինչու՞ Հայաստան: Որովհետեւ Հայաստանն է մնացել գործնականում այն միակ թելը, որ Արեւմուտքը թողել է Ռուսաստանին ոտքի վրա մնալու համար՝ հստակ խաղի կանոնների պայմանով: Հայաստանում իրականացված կամ իրականություն դարձած թավշյա հեղափոխությունը գործնականում այդ բարձր մակարդակում եղած փոխադարձ ըմբռնման արդյունք էր, որի շնորհիվ աշխարհքաղաքական ուժային որեւէ կենտրոն չփորձեց խանգարել Հայաստանի հանրությանը իրականացնել անարյուն փոփոխությունը, որ թվում էր անհնար:

Այդ դեպքում ինչո՞ւ Կրեմլը չի սանձում իր պրոպագանդիստներին, որ չհնչեն մեղադրանքներ Հայաստանի հասցեին: Որովհետեւ այդ դեպքում կարգելակի նրանց սպառման գործընթացը, փաստորեն հավելյալ պատասխանատվություն ստանձնելով նրանց «պահպանության» համար: Այդ ամենն արդեն անցյալ է, այդ թվում հայ-ռուսական հարաբերության անցյալ: Երբ է դա ձեւակերպվելու դե ֆակտո, բարդ է ասել, գործընթացը լինելու է տեւական եւ ցավոտ, թեեւ պետք չէ բացառել նաեւ ակնթարթային-անսպասելի «զոհաբերումը»:

Խուճապի մատնվել կամ շփոթվել պետք չէ, պետք է հանգիստ շարունակել հեղափոխությամբ սկսածը: Կճեղքենք, ասում էր երջանկահիշատակ Իգոր Մուրադյանը: Ճեղքումն արդեն սկսված է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...