Ինչու՞ է Թբիլիսին ուզում վերականգնել Ռուսաստանից գազի գնումը

- in Հրապարակ
Gaz

Վրաստանի էներգետիկայի նախարար Գեորգի Կոբուլիան օրերս խորհրդարանում հայտարարել է, որ Վրաստանը կարող է վերսկսել գազի գնումը Ռուսաստանից, այդպիսով դիվերսիֆիկացնելով իր աղբյուրները եւ գալով գազի ավելի ցածր գնի:

Վրաստանի նախարարը հայտարարել է, որ մինչեւ փետրվարի վերջ կավարտեն այդ թեմայով բանակցությունը Գազպրոմի հետ: Նախարարի խոսքը վերաբերել է նաեւ Հայաստան ռուսական գազի տարանցման թեմայով բանակցությունն ավարտելուն:

Վրաստանը Ռուսաստանից գազ չի գնում արդեն 12 տարի: Այդ երկրում է մնում Հայաստան տարանցվող մասի որոշակի տոկոս, որպես տարանցման գնի մի մաս: Գազի հիմնական եւ փաստացի միակ մատակարարը Ադրբեջանն է: Ադրբեջանի գազը մատակարարվում է գնային տարբեր սանդղակով:

Ինչու՞ է Թբիլիսին ուզում վերականգնել Ռուսաստանից գազի գնումը: Այդ հարցը նախկինում էլ հայտնվել է օրակարգում, սակայն վրացական ընդդիմությունը շատ սուր է արձագանքել Վրացական երազանքի մեծամասնության այդօրինակ մտադրությանը: Հնարավոր է, որ խորհրդարանի եւ նախագահի ընտրություններից հետո Վրաստանում իշխող ուժն իրեն ավելի ամուր է զգում Ռուսաստանից գազ գնելու հարցն օրակարգ բերելու համար: Միաժամանակ չի բացառվում, որ Ադրբեջանն էլ գնային որոշակի պայմաններ է թելադրում, որոնք Թբիլիսիին տալիս են Գազպրոմի հետ բանակցության հիմնավորում, փաստարկ:

Համենայն դեպս, ուշագրավ է, որ Վրաստանը պաշտոնապես հայտարարում է ռուսական գազի գնումը վերսկսելու բանակցության եւ դրա մոտալուտ ավարտի մասին: Այս հանգամանքը իհարկե ունի ոչ միայն երկկողմ նշանակություն, այլ ռեգիոնալ, եւ ընդհուպ քաղաքական:

Եթե Թբիլիսին վերսկսի Ռուսաստանի գազի ձեռքբերումը, ապա սա կարող է բերել Կովկաս ռուսական գազամատակարարման տնտեսական էֆեկտի փոփոխության, եւ չի բացառվում, որ այդ համատեքստում էլ այն իր ազդեցությունը թողնի Հայաստանի ներքին շուկայում գազի գինն անփոփոխ թողնելու եւ ավելի երկարաժամկետ գնային կայունության մեխանիզմ մշակելու շուրջ Հայաստանի կառավարության եւ Գազպրոմի բանակցության վրա: Այլ կերպ ասած, Հայաստանն ու Վրաստանը կարող են դիտարկվել տնտեսական գործարքի մեկ փաթեթում եւ ըստ այդմ դա կարող է բերել գնագոյացման շարժառիթների եւ գործոնների նոր տրամաբանության, բարձրացնելով այդ հարցում փոխշահավետ համաձայնության ճկունությունը:

Իր հերթին, սա որոշակիորեն կարող է խոսել ռեգիոնալ էներգետիկ քարտեզում տրանսֆորմացիայի հնարավորության մասին, Ադրբեջանի ազդեցության թուլացմամբ: Մյուս կողմից, կարո՞ղ է արդյոք ազդեցություն թողած լինել նաեւ Հայաստանի վարչապետի հայտարարությունը Մոսկվայում, որ Հայաստանը դեմ չէր լինի ունենալ տարանցիկ գազամուղ, որն Ա կետից գազը կհասցնի Բ կետ: Հաշվի առնելով այն, որ այդ հայտարարությունը հնչել է վարչապետի Իրան կատարելիք այցին ընդառաջ, հնարավո՞ր է դա դիտարկել ռեգիոնալ էներգետիկ քարտեզում Իրանին աշխուժության ավելի մեծ հնարավորություն տալու Հայաստանի պատրաստակամություն, ինչը թերեւս կողջուներ նաեւ Վրաստանը: Սա կարո՞ղ է բերել Գազպրոմի ավելի փոխզիջումային տրամադրվածության, թե՞ ռուսական ընկերությունն իր դիրքերը համարում է անսասան:

Բոլոր դեպքերում ռեգիոնալ էներգետիկ քարտեզում նկատվում է հետաքրքիր շարժ, ինչը սակայն կարող է թելադրված լինել ավելի լայն՝ նաեւ տրանսպորտային ենթակառուցվածքների ուղղությամբ նոր զարգացումների հեռանկարով: Խոսքը մասնավորապես նույն վրաց-ռուսական բանակցության մասին է այս դեպքում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքով ավտոճանապարհային միջանցքների գործարկման շուրջ, որի վերաբերյալ բանակցությունը մտնում է նոր եւ կարեւոր փուլ:

Արդյոք այստեղ էլ ռուս-վրացական գազային բանակցությունն այդ ավելի լայն փաթեթի մաս չէ: Այս դեպքում էլ ակնառու է ենթակառուցվածքային առումով Ադրբեջանի խաղի սահմանափակման եւ Հայաստանի համար շահեկան հեռանկար:

Ռեգիոնալ զարգացման տրենդների այդ փոփոխությունը Բաքվին կարող է անհրաժեշտ լինել սեփական ռազմական դիվանագիտության ներքին ճնշման ծուղակից դուրս գալու խնդրի լուծման տարբերակների որոնումներում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...