Լայնածավալ օպտիմալացում. Մարզպետարանների աշխատակազմի մինչև 30 տոկոսը կկրճատվի

- in Մամուլ
karavarutyan

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարզպետարաններում պատրաստվում են լայնածավալ օպտիմալացման` աշխատակազմի մինչև 30 տոկոսի կրճատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, տեղեկացավ, որ աշխատանքային ֆոնդը մնալու է անփոփոխ:

Փաստորեն ստացվում է` մարզպետարանների աշխատողների աշխատավարձերը բարձրանալու են: Մարզպետարաններում կրճատումները սկսվել են հայեցակարգային պաշտոններից:

Ըստ մեր տեղեկությունների` կրճատումների ժամանակ շեշտը դրվելու է այն բաժինների և վարչությունների վրա, որոնք ուռճացված են, այսինքն` շատ ավելի մարդիկ կան աշխատող, քան իրականացվող գործառույթների համար հարկավոր է:

Կրճատումներ են լինելու այն բաժիններում, որտեղ գործառույթները կրկնվում են: Օրինակ` գոյություն ունի իրավաբանական առանձին բաժին, և կա վարչություն, որը իր մեջ ներառում է նաև իրավաբանի հաստիք:

Օպտիմալացման հետ կապված կրճատումներ լինելու են նաև տեղակալների մասով: Յուրաքանչյուր մարզպետ ունի 3 տեղակալ, որն ավելի քան ճոխություն է այս պայմաններում: Դա իրենից ենթադրում է նաև տեղակալների վարորդների հաստիքների կրճատում»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...