Լուկաշենկոյին է ներկայացրել Ռուսաստանում իշխանության վերաֆորմատավորման իր ծրագիրը

- in Միջազգային

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Սոչիում ՌԴ նախագահ Պուտինի հետ փաստացի եռօրյա բանակցությունից հետո հայտարարել է, որ այդ բանակցությանը չեն քննարկել երկու երկրների ինքնիշխանության հարցը, քանի որ ինքնիշխանությունը երկուսի համար էլ «սրբություն» է: Մենք ելնում ենք նրանից, որ կա երկու պետություն, հայտարարել է Լուկաշենկոն:

Հարցը ուշադրության կենտրոնում էր հայտնվել անցնող շաբաթների եւ ամիսների ընթացքում, հատկապես երբ Բելառուսի նախագահը սկսել էր խոսել ինքնիշխանության վրա ճնշումների մասին, իսկ հետո մեկ այլ առիթով էլ ասել, թե կողմ է միասնական պետության, բայց եթե ամեն ինչ սկսում են համատեղ, ոչ թե այսպես ասած ռուսական գերակայությամբ:

Միաժամանակ, ռուսական շրջանակներում էին հայտնվում վարկածներ, որ ՌԴ նախագահ Պուտինը դիտարկում է Բելառուսի հետ միանալու հարցը իր նախագահության փաստացի հինգերորդ ժամկետի համար: 2022 թվականին լրանում է Պուտինի նախագահության չորրորդ ժամկետը, այդ թվում երկրորդ «գալստյան» երկրորդ ժամկետը: Նա չունի նորի իրավունք, պետք է լուծել ժառանգորդի հարց, կամ հռչակվել ցմահ նախագահ, կամ ինչ որ կերպ ստանալ առաջադրվելու նոր իրավական հիմք: Որոշ փորձագետներ նշում էին, որ դա կարող էր լինել Բելառուսի հետ նոր միութենական պետության ստեղծումը:

Իհարկե հնարավոր է նաեւ, որ Պուտինը միութենականության թեման առաջ է քաշել ի պատասխան նավթագազային միասնականության մասին մասին Լուկաշենկոյի հարցադրումների, հատկապես որ Բելառուսն ու Ռուսաստանը ներկայում ունեն կնճռոտ հարցն այդ թեմայով: Մոսկվան չի ցանկանում, որ Մինսկը իրեն պահի ռուսական նավթի վերավաճառքից ստացվող հարյուրավոր միլիոն դոլարները: Միսկը բնականաբար չի ուզում դրանք տալ Մոսկվային:

Սոչիում գրեթե եռօրյա շփումներից հետո Լուկաշենկոն հայտարարում է, որ միութենական թեմայի մասին չեն էլ խոսել: Բայց, միեւնույն ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է, թե Պուտինի հետ իրենք հավերժ չեն, երբեւէ հեռանալու են, եւ իրենց հուզում է իրենցից հետո միութենական պետության ճակատագիրը:

Խա՞ղ են խաղում Լուկաշենկոն եւ Պուտինը, փորձելով լուծել ներքին իշխանության խնդիրներ, թե՞ նրանց միջեւ իսկապես լուռ դիմակայություն է, կախված հենց նույն իշխանության խնդրից:

Այն, որ Լուկաշենկոն խոսում է իրենց հավերժ չլինելու մասին, դա իսկապես հատկանշական է: Մյուս կողմից, ի՞նչ է ասել նրան Պուտինը այդ թեմայով: Արդյոք ՌԴ նախագահը Լուկաշենկոյին է ներկայացրել Ռուսաստանում իշխանության վերաֆորմատավորման իր ծրագիրը, Բելառուսի նախագահին երաշխիք տալու համար ներկայացնելով կոշտ պայմաններ: Թե՞ Լուկաշենկոն է Պուտինից հստակ երաշխիքներ կամ թանկ գին պահանջում նրա ներիշխանական խնդիրների լուծմանն աջակցելու համար:

Սա իհարկե լոկ ռուս-բելառուսական կամ Պուտին-Լուկաշենկո խնդիր չէ, եւ այն իր ուրույն ազդեցության շրջանակն ունի թե եվրասիական, թե նաեւ միջազգային անվտանգության առումով: Այս համատեքստում էլ անշուշտ իր ուրույն տեղն ունի Հայաստանը, հատկապես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ իր առաջացրած խառնաշփոթով, որը փաստորեն Հայաստանին տվել է բազմավեկտոր քայլերի հնարավորություն: Հատկանշական է, որ Պուտին-Լուկաշենկո հանդիպման առաջին օրը Բելառուսի ԱԳՆ խոսնակը հիշեցրել էր հենց այդ հարցը արագ լուծելու անհրաժեշտության մասին, եւ նույն օրն էլ Մինսկում Հայաստանի դեսպանը հանդիպել էր այդ երկրի վարչապետի հետ:

Հայաստանն այս իրավիճակում հայտնվում է յուրօրինակ «արբիտրի« կարգավիճակում, ինչին իհարկե Հայաստանում էլ շատերը չեն կարողանում հավատալ: Եվ այս իմաստով իհարկե շատերն են թերեւս շտապում լուծել տարաբնույթ հարցեր, այդ թվում Հայաստանում տարբեր շրջանակների այդ անկարողությունն օգտագործելու միջոցով՝ ուղղակի, թե անուղղակի՝ քանի դեռ ամբողջական եւ լիարժեք չէ հավատն այն հնարավորությունների նկատմամբ, որ առաջացել են թավշյա հեղափոխության արդյունքում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...