Կառավարությունը ներմուծողներից կպաշտպանի տեղական ցեմենտ արտադրողներին

- in Պաշտոնական

Կառավարությունը որոշեց սահմանափակումներ կիրառել ցեմենտ ներկրման ոլորտում՝ բարձրացնելով ներմուծվող ապրանքի մաքսատուրքերը: Որոշման նպատակն է պաշտպանել տեղական արտադրողներին:

Տնտեսական զարգացման նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ դա թույլ կտա շուկայում հավասարեցնել ներմուծվող և տեղական ցեմենտի գները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեղական արտադրողներն էլ պետք է ներդրումներ անեն տեխնոլոգիապես վերազինվելու և իրենց արտադրանքի ինքնարժեքը նվազեցնելու ուղղությամբ:

Որոշման հիմնավորման մեջ նշված է. «…ներմուծվող իրանական ցեմենտը` դեմպինգային գներով տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ է առաջ բերում:

Տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների արտադրական հնարավորությունները բավարարում են արտադրելու մոտ 2.1-2.2 մլն տոննա ցեմենտ, ինչը կբավարարի ցեմենտի տեղական պահանջարկն ամբողջությամբ։

Ներմուծման նման պայմաններում ցեմենտի տեղական արտադրող ընկերությունները կդադարեցնեն գործունեությունը և դրա արդյունքում ներմուծող ընկերությունները կարող են բարձրացնել ցեմենտի գները: Բացի այդ տեղական արտադրության բացակայության պայմաններում ամբողջական պահանջարկի բավարարումը պետք է իրականացվի ներմուծման միջոցով, որի դեպքում նույնպես կարող են առաջանալ խնդիրներ, քանի որ անհրաժեշտ ենթակառուցվածքների թողունակությունը ևս կարող են չբավարարել ապահովելու այն, հաշվի առնելով այն հանգամանքը օրական 100-ից ավելի մեքենա` 15 տոննա տարողությամբ, կավելանա մաքսակետերում:

Շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է պետության կողմից ներմուծվող ցեմենտի վրա որոշակի սահմանափակումների կիրառում` ապահովելով տեղական արտադրողների համար հավասար մրցակցային դաշտ, սակայն այդ սահմանափակումը պետք է լինի այնպիսին, որը արտադրողներին «հանգստի ռեժիմի» հնարավորություն չի տա, այլ պայմաններ կստեղծի ինքնարժեքի իջեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...