«Հայաստանում իշխանությունը զավթած ուժի կցորդը, սպասարկողն ու կամակատարը հանդիսացող ԵՊՀ-ը հիշել է ինքնավարության և ազատության մասին»

- in Կրթություն

ՀՀ ԿԲ նախկին նախագահ, ԵՊՀ դասախոս Բագրատ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

Մեծ ոգևորություն ապրեցի՝ հրապարակում տեսնելով ԵՊՀ գիտական խորհրդի հայտարարությունը, որում հիշատակվում են բուհական ոլորտում պետական քաղաքականության գերակա՝ բուհական ինքնավարության ապահովման ու ակադեմիական ազատությունների հարգման սկզբունքները:

Պարզվում է, որ տարիներ ի վեր Հայաստանում իշխանությունը զավթած ուժի կցորդը, սպասարկողն ու կամակատարը հանդիսացող ԵՊՀ-ը հիշել է ինքնավարության և ազատության մասին:

Պարզվում է, որ առավելապես քաղաքական հնազանդության սկզբունքով ձևավորվող ԵՊՀ ղեկավար մարմինների կամակատար գիտական խորհուրդը, որի անդամներից գեթ մեկը չարձագանքեց, երբ ԵՊՀ-ում հայտարարվում էր մարտի մեկի նախապատրաստվող հանցագործության մասին, կուսակցականացրել էր անգամ դասավանդման գործընթացը, խեղդում էր ազատության որևէ դրսևորում, իսկ ուսանողից պահանջում լուռ հնազանդություն և ոչ անգամ գիտելիք, թափահարում է ինքնավարության և ազատության սկզբունքը:

Եվ ցավալին այն է, որ այս հռչակվող ինքնավարությունն ու ազատությունը ուղղված է ոչ թե Երևանի Պետական Համալսարանի հեղինակության բարձրացմանը, մոտեցող 100-ամյակի միջոցառումների պատշաճ կազմակերպմանը (ինչպես տարփողվում է), այլ իր քաղաքական նկրտումները զավեշտի հասցրած, իսկ լայն հանրությանը հայտնի դարձած որպես անհայտ միջոցներով «բոմժի» կարգավիճակից դուրս եկած անձի պաշտպանությանը:

Կարծում եմ, հորդորում և պահանջում, որ ելնելով ԵՊՀ հեղինակության բարձրացման, բուհական կրթության ոլորտում բուհական ինքնավարության ապահովման և ակադեմիական ազատությունների հարգման անհրաժեշտությունից, ԵՊՀ ամբողջ ղեկավար կազմը, ներառյալ վարչական և գիտական ղեկավարությունը, հրաժարվեն զբաղեցրած պաշտոններից և ստանձնած պարտավորություններից:

Հայտարարությունը բաց է միանալ ցանկացողների համար:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments