Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի ֆինանսական աղբյուրը՝ անհայտ կամ հույժ գաղտնի – փաստաթղթերի պատճեներ

- in Կրթություն

Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) Restart ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է, որ դեռեւս անցյալ տարի ՀՊՄՀ ուսանողական խորհուրդը հրաժարվել էր պատասխանել հաշվետվությունները տրամադրելու վերաբերյալ հարցմանը՝ այն «ուղղորդելով» դեպի համալսարանի հաշվապահություն։

Այնուհետ՝ Restart նախաձեռնության անդամները հարցումն ուղարկել բուհի ռեկտորատ, ինչին ի պատասխան՝ ստացել են նամակ, որտեղ մասնավորապես նշված է եղել. «ՈւԽ-ին 2014- 2018 թվականների ընթացքում ՀՊՄՀ կողմից գումար չի փոխանցվել եւ չի տրամադրվել։ Ուսանողական խորհուրդը չունի առանձնացված հաշվեհամար եւ համալսարանի բյուջեից ընդհանրապես գումար չի փոխանցվել»։

Սակայն, հակառակ այս պնդման, բուհի 2015-18 թթ. եկամուտների եւ ծախսերի կատարողականների «դրամական միջոցների արտահոսք» բաժնում նշված է, որ այդ թվականներին ուսխորհրդին հատկացվել են տարբեր չափի գումարներ։ Ինչպես նշված է Restart նախաձեռնության գրառման մեջ՝ փաստորեն, ՀՊՄՀ-ի կողմից ներկայացված երկու փաստաթղթերը հակասում են միմյանց։

Նախաձեռնության գրառման մեջ առավել մանրամասն ասված է․

«Այս հակասությունը ճշտելու նպատակով եւս մեկ հարցում ուղարկեցինք ուսխորհուրդ, որը, սակայն, նույնպես մերժվեց։ Նրանք որպես հիմք բերեցին այն օրենքը, ըստ որի՝ տեղեկությունը տրամադրում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունները։

Այսպիսով, հաշվի առնելով ՀՊՄՀ եկամուտների եւ ծախսերի կատարողականների «դրամական միջոցների արտահոսք» բաժնում նշված տեղեկությունը, ըստ որի՝ ուսխորհուրդը ֆինանսավորվել է բուհի բյուջեից, կարող ենք եզրակացնել, որ Ուսանողական խորհուրդը տեղեկատվության տնօրինող է եւ պարտավոր է այն տրամադրել։

Հաշվի առնելով այս ամենը՝ հարց է առաջանում՝ ինչու՞ է ուսանողական խորհուրդը թաքցնում իր ֆինանսական միջոցների աղբյուրը»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...