Հայ գործարարին սպանելու փորձ Ռոստովում. նոր և ուշագրավ մանրամասներ

- in Իրավունք
Kasharq

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ շարունակվեց Տիգրան Հակոբյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ Տիգրան Հակոբյանը Արմեն Քեյանի կազմակերպմամբ ու պատվերով Արամայիս Ջոմարդյանին սպանելու նպատակով «Քեյանի հրամանով» 2013 թվականի հունվարին Հայաստանից մեկնել է ՌԴ Դոնի Ռոստով քաղաք: Սպանության իրագործման նպատակով, ըստ մեղադրանքի, Տիգրան Հակոբյանը գործի քննությամբ չպարզված ժամանակահատվածում և չբացահայտված անձից ապօրինի կերպով ձեռք է բերել ու մինչև 2013 թվականի փետրվարի 25-ը ապօրինի պահել է «Մակարով» տեսակի հրազեն հանդիսացող ակոսափող ատրճանակ և ռազմամթերք՝ 7 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ, որոնք օգտագործել է փետրվարի 25-ին Դոնի Ռոստովի Բուդյոնովսկի պողոտայի 101 շենքի մոտ:

Արամայիս Ջոմարդյանին սպանելու դիտավորությամբ, ըստ մեղադրանքի, Տիգրան Հակոբյանը վերը հիշատակված՝ իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակոցներ է արձակել Ջոմարդյանի ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամիքց անկախ հանգամանքով պայմանավորված՝ Արամայիս Ջոմարդյանն ինքնապաշտպանության նպատակով իր մոտ օրինական պահվող «WASP R» ատրճանակից պատասխան կրակոցներ է արձակել Տիգրան Հակոբյանի ուղղությամբ և Հակոբյանը դիմել է փախուստի: Հակոբյանի կրակոցներից վնասվածքներ ստացած Արամայիս Ջոմարդյանը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքը փրկվել է:

Տիգրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության փորձի ու ապօրինի հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ռուսաստանում կատարված դեպքի վերաբերյալ դատական քննությունը Հայաստանում է անցկացվում, քանի որ դեպքից հետո Տիգրան Հակոբյանը Ռուսաստանում պատասխանատվության չի ենթարկվել, նրա նկատմամբ հայտարարված է եղել հետախուզում, նա հայտնաբերվել է Հայաստանում, քրեական գործի նյութերը Ռուսաստանից ուղարկվել են Հայաստան, իսկ արարքի որակումները համապատասխանեցվել են ՀՀ օրենսդրությանը:

Այս գործով, սակայն, Ռուսաստանում բռնվել ու պատասխանատվության են ենթարկվել՝ սպանությունը պատվիրելու և կատարումը կազմակերպելու համար՝ Ա. Քեյանը, ինչպես նաև նրանց օժանդակած Կ. Կարապետյանը: Այս գործով կան ՌԴ-ում կայացված և ուժի մեջ մտած դատական ակտեր:

Տիգրան Հակոբյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքները՝ նշելով, թե առնչություն չունի հիշյալ պատվերով սպանության փորձի հետ:

Դատարանը ապացույցների հետազոտման փուլում է:

Նախկին դատվածությունների վերաբերյալ տեղեկանքի հրապարակումից հետո ամբաստանյալի շահերի պաշտպանը հանդես եկավ հայտարարությամբ՝ դատարանի ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Տիգրան Հակոբյանը նախկինում մեկ անգամ է դատված եղել՝ 1998 թվականին, այդ դատվածությունը ներկայումս մարված է:

Դատարանը հետազոտեց լուսանկարով անձին ճանաչման ներկայացնելու արձանագրությունները: Գործողությունները կատարվել են ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում՝ գործի նախաքննության շրջանակներում:

Երեք լուսանկար է ճանաչման ներկայացվել, այդ թվում՝ 2-րդ համարի տակ՝ Տիգրան Հակոբյանի լուսանկարը: Տուժող Արամայիս Ջոմարդյանը ճանաչել է Տիգրան Հակոբյանին՝ որպես իր վրա կրակոցներ արձակած անձի: Նշել է, թե Հակոբյանին ճանաչեց կովկասյան տիպի դեմքից:

Տիգրան Հակոբյանին լուսանկարով ճանաչել է նաև գործով վկա Կոնստանտին Մարկովը: Նա ևս նշել է, թե Հակոբյանին ճանաչեց կովկասյան տիպի դեմքից, կարճ սանրվածքից: Դա, ըստ վկայի, այն անձն է, ում ինքը վաճառել է իր «ՎԱԶ-2109» մեքենան:

Ընդ որում՝ դա այն մեքենան է, որում, ըստ մեղադրանքի, միջադեպի ժամանակ գտնվել են Արմեն Քեյանը, Տիգրան Հակոբյանը: Այդ մեքենայի դիմապակին վնասվել է Արամայիս Ջոմարդյանի՝ ինքնապաշտպանական նպատակով արձակած կրակոցներից:

Լուսանկարով Տիգրան Հակոբյանին ճանաչել է նաև գործով մեղադրյալ Կորյուն Կարապետյանը: Նշել է, որ Տիգրանն այն անձն է, ում ինքը Արմեն Քեյանի խնդրանքով 2013 թվականի հունվար-փետրվարին օգնել է Դոնի Ռոստովում՝ ձեռք են բերել մեքենա՝ «ՎԱԶ-2109», այդ մեքենայով են Քեյանն ու Հակոբյանը եղել դեպքի վայրում…

Տիգրան Հակոբյանի շահերի պաշտպանը հայտարարությամբ դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքների վրա, որ տուժողին, մեղադրյալին ու վկային ճանաչման է ներկայացվել Տիգրան Հակոբյանի անձնագրի պատճենի լուսանկարը:

Անձնագիրն էլ Տիգրան Հակոբյանին տրվել էր 2003 թվականին, այսինքն՝ ճանաչման է ներկայացրել Տիգրան Հակոբյանի՝ 10 տարի առաջվա լուսանկարի պատճենը… Պաշտպանը նշեց նաև՝ լուսանկարով անձին ճանաչածները՝ բոլորը, նույն ձևակերպումն են կրկնել՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ հատկանիշներով են ճանաչել Տիգրան Հակոբյանին: Երեքն էլ նշել են, թե Հակոբյանին ճանաչել են կովկասյան տիպի դեմքից, մինչդեռ պաշտպանը պնդեց, որ իր պաշտպանյալի արտաքինն ամենևին էլ ընդգծված կովկասյան չէ, այն որպես կովկասյան տիպի արտաքին աչքի չի զարնում, առավել ևս, որ Հակոբյանի մայրը ռուս է…

Դատարանը հետազոտեց դեպքի վայրի զննության մի քանի արձանագրություններ՝ դեպքի վայրում դեպքից հետո հայտնաբերվել էին կրակված պարկուճներ ու գնդակներ, դրանք առգրավվել են:

Զննվել է դեպքի վայրից ոչ հեռու գտնված «ՎԱԶ-2109» մոխրագույն մեքենան, որի դիմապակու վրա առկա էր փամփուշտի ներգործության նմանվող վնասվածք: Մեքենայի սրահից հայտնաբերվել են պարկուճներ, գնդակ, ինչպես նաև ծխախոտի ծխուկներ:

Հետազոտվեցին առգրավում կատարելու մասին արձանագրությունները՝ առգրավվել են դեպքի վայրում, մեքենայի սրահում հայտնաբերված պարկուճները, գնդակները, ծխուկները, ինչպես նաև դեպքի վայրին հարակից հաստատությունների՝ ուսումնարանի, երշիկի գործարանի տեսանկարահանող սարքերի տեսագրությունների լազերային սկավառակները:

Դոնի Ռոստովի Սեմաշկոյի անվան հիվանդանոցից առգրավվել են տուժող Ջոմարդյանի հագուստներ, ինչպես նաև նրան օրինական կարգով պատկանող, դեպքի պահին նրա կողմից գործադրված ատրճանակը:

Հրապարակվեց դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ Արամայիս Ջոմարդյանը հրազենային երկու թափանցող վնասվածք էր ստացել որովայնի շրջանում՝ ստամոքսի, բարակ և հաստ աղիների վնասումներով, ենթաստամոքսային գեղձի տրավմատիկ կոնտուզիայով:

Այս վնասվածքները Ջոմարդյանի առողջությանը հասցրել են ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս:

Ջոմարդյանը նաև մեկ թափանցող և մեկ շոշափող հրազենային վնասվածքներ է ստացել աջ դաստակի ու ձախ նախաբազկի շրջաններում, այդ վնասվածքները նրա առողջությանը հասցրել են թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Դատահետքաբանական փորձաքննության եզրակացությամբ՝ դեպքի պահին Ջոմարդյանի հագին եղած հագուստների վրա առկա են հրազենից արձակված կրակոցների ներգործությամբ առաջացած վնասվածքներ:

Մոլեկուլյար-գենետիկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ «ՎԱԶ-2109» մեքենայում հայտնաբերված ծխուկների վրա առկա են Արմեն Քեյանի գենոտիպի նմուշներ:

Դատարանը հետազոտեց դեպքի վայրից ու մեքենայի սրահից առգրավված պարկուճների, գնդակների, ինչպես նաև դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերված «Մակարով» ատրճանակի շրջանակի դատաձգաբանական փորձաքննությունների եզրակացությունները:

Հաստատվել է, որ դեպքի վայրում կրակոցներ են արձակվել հրազենի երկու տարբեր տեսակներից:

Մեղադրող Մարգարյանը հանդես եկավ միջնորդությամբ, որ դատարանը ՌԴ պատկան մարմինների միջոցով Հայաստանում ընթացող դատական քննության շրջանակներում հարցաքննվելու համար Հայաստան հրավիրի գործով տուժողին, դատակոչված վկաներին:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը ևս միացավ այս միջնորդությանը:

Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ արդեն իսկ ծանուցագրեր են ուղարկվել Դոնի Ռոստով՝ գործով դատակոչված վկաներին, տուժողին, նրանց հարցաքննությունը դատարանը նախատեսում է առաջիկա ծրագրված նիստերից՝ ապրիլի 4-ի նիստին, այդ պատճառով մեղադրողի միջնորդության քննարկումը դատարանը հետաձգեց մինչև այդ նիստը:

Իսկ գործով հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 7-ին, դատարանը կշարունակի գործում առկա փաստաթղթերի և այլ ապացույցների հետազոտումը: