Հավելագրումնե՞ր են կատարվել Գազպրոմի, ՀԷՑ-ի ու Վեոլիա ջրի կողմից

- in Սոցիալական

Մի քանի օր է՝ մարդիկ բարձրաձայնում են էլեկտրաէներգիայի ու գազի ամսական հավելագրումների մասին։ Մարդիկ բարձրաձայնում են, որ անցած ամսվա համեմատ ծախսերը մի քանի անգամ գերազանցում են առանց ծավալների ավելացման։

Նախօրեին այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը. «Սիրելի հայրենակիցներ, իմ տան հոսանքի ծախսը նախորդ ամսվա համար տասնապատիկ ավելի է արձանագրվել, սպառման ծավալներում փոփոխություններ չլինելու պայմաններում։ Պարզաբանում եմ պահանջել՝ մտածելով, որ տեխնիկական անսարքության խնդիր կարող է լինել, սակայն նման դեպքերը, կարծես, բազմակի են դարձել, նույնը նաև գազի մասով։ Եթե վերջին մեկ ամսում եղել են նման դեպքեր, խնդրում եմ արձագանքել»,- գրել է պատգամավորը։

«Քիչ առաջ ստուգեցի հունվար ամսին մեր բնակարանում սպառված գազի դիմած վարձավճարի չափը՝ 48 370 դրամ: Դեկտեմբերի համար այն կազմել էր մոտավորապես 33 000 դրամ: Բնակարանի ջեռուցման համակարգում կարգավորումների ոչ մի փոփոխություն չի եղել՝ ինչպես կար, այնպես էլ մնում է, եղանակն էլ, կարծես թե, հունվարին հիմնականում, եթե ավելի տաք չէ դեկտեմբերից, հաստատ ցուրտ էլ չէ: Ֆեյսբուքում մի քանի գրառումներ աչքովս ընկան ու հասկացա, որ միայն ես չէ, որ զարմացած եմ նկատելի տարբերությունից: Մինչդեռ դեկտեմբերի վերջին հայտարարվում էր, թե որքան էլ ՀՀ սահմանին թանկանալու է գազի գինը, դա չի ազդելու սպառողի վճարած գնի վրա: Պարզվում է՝ լավ էլ ազդում է։ Սա ի՞նչ է, սաբոտա՞ժ «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից, հանրությանը գրգռելու ձև, պայմանավորվածությունների խախտո՞ւմ, մեր վրա հավելյալ ճնշո՞ւմ: Ո՞վ է պաշտպանելու բնակիչների շահերը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

Պարզաբանումներ՝ ՀԷՑ-ից ու «Գազպրոմ Արմենիա» ընկերություններից։ Երկու տեղից էլ նույնաբովանդակ պարզաբանում ստացանք։

«Ամանորյա տոներից հետո էլեկտրաէներգիա սպառող բաժանորդների մոտ հաճախ առաջանում են հարցեր՝ կապված էլեկտրաէներգիայի դիմաց ծախսերի և վճարումների հետ: Դա պայմանավորված է տոնական օրերին բաժանորդների՝ միջինից շեղված ծախսերի հետ: Նմանատիպ կամ ցանկացած այլ հարցի/բողոքի պարագայում օպերատիվ արձագանք ստանալու համար խնդրում ենք բաժանորդներին դիմել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որտեղ գործում է հատուկ հանձնաժողով նմանատիպ խնդիրների պարզաբանման համար»,- ասված է ՀԷՑ-ի պարզաբանման մեջ։

«Սպառած գազի ծավալը հստակ հաշվարկվում է հաշվիչի ցուցմունքի հիման վրա, հաշվառման համակարգը շեղումներ թույլ չի տալիս: Ինչ վերաբերում է ավելի սպառած գազին, եթե մեր բաժանորդները պնդում են, որ նախորդ ամսվա համեմատ ավելի գազ է սպառվել, ապա այդտեղ հիմնական գործոնը եղանակային պայմաններն են: Այսինքն՝ ինչքան դրսի ջերմաստիճանը, արտաքին օդը ավելի սառն է լինում, այնքան տան ներսում ջերմային կորուստը բարձրանում է, ջեռուցման կաթսաների շահագործումն ավելի հաճախ է լինում:

Հիմնականում սա է պատճառը, այն բացատրվում է եղանակային պայմաններով»,- ասված է «Գազպրոմ Արմենիա» ընկերության պարզաբանման մեջ, որտեղ նաև հորդորում են բաժանորդներին, որ եթե կան մարդիկ, ովքեր համաձայն չեն ցուցմունքների հետ կամ բողոքներ ունեն, կարող են դիմել «Գազպրոմ Արմենիա», քանի որ իրենք պատրաստակամ են յուրաքանչյուր անհամաձայնության կամ բողոքի անհատապես անդրադառնալ։
Սպառողների իրավունքների պաշտպան Կարեն Չիլինգարյանը նկատել է, որ նման բողոքներ ու դժգոհություններ գրեթե ամեն տարի այս ամիսներին լինում են, բայց ասել, որ հավելագրում է եղել, ճիշտ չի լինի. «Գազի հաշվիչները դուրսն են գտնվում։ Չեմ կարող պնդել, որ տեսուչը շրջել, դրսում գտնվող հաշվիչներում փոփոխություն է արել։ Իսկ ով կասկածում է, կարող է գնալ անձամբ նայել թվերը, համեմատել։ Որ ասում են՝ մի քանի անգամ ավելի է, մի քիչ անհնար է։ Գուցե ինչ-որ բան է եղել»։

Իսկ բացառո՞ւմ եք, որ ՀԷՑ-ը կամ «Գազպրոմ Արմենիա»-ն, օգտվելով ձմռան ամիսներից, ինչ-որ մեխանիզմներ կիրառելով գնում են հավելագրումների, Չիլինգարյանը պատասխանեց. «Ես ինքս տեխնիկական կրթություն ունեմ, բացի դրանից՝ միշտ սպառողների իրավունքներն եմ պաշտպանում։ Բայց այս դեպքում մի քիչ անհնար եմ համարում հավելագրումներ կատարելը։ Մարդիկ խոսում են տասնապատիկ ավելի ծախսի մասին, այն դեպքում, որ ես անգամ կրկնակի ծախսն եմ անհնարին համարում։ Գուցե հունվար ամսին մարդիկ տանն են եղել, ավելի շատ են սպառել և այս տարբերությունը աչք է զարնում։ Ճիշտ է, շատ ցուրտ չէր, բայց ես ինքս ավելի եմ ծախսել, քան դեկտեմբեր ամսին»։

Մեր դիտարկմանը, որ դժգոհում են մարդիկ, ովքեր տոներին տանը չեն եղել, այդ դեպքում ի՞նչ կասեք, Չիլինգարյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, եթե առանձին դեպքեր կան, թող դիմեն, ստուգեն, վերանայեն։ Ես ինքս անհնար եմ համարում մի քանի անգամ ավելի հավելագրումները։ Կրկնում եմ, գուցե առանձին դեպքերում ինչ-որ տեխնիկական խնդիրներ են եղել»։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ գործունեության հանրային վերահսկողություն» ֆեյսբուքյան խմբի նախաձեռնող անդամ Դավիթ Գասպարյանը բարձրացնում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ներկայացրած հաշվետվությունների արժանահավատության հարցը։

Ըստ Գասպարյանի՝ իրենց կատարած ուսումնասիրությունները լուրջ հիմքեր են տվել կասկածել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից ներկայացվող տարբեր բնույթի տեղեկատվության արժանահավատությանը։ Ըստ այդմ` կասկածի տակ է առնվում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ 2017 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը, որտեղ արձանագրվել են ներկայացված 3 հրապարակային հաշվետվությունների միջև առկա տարբերությունները։

Մասնավորապես, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց 2017 թվականին ձևավորված հասույթը տարբեր հաշվետվությունների մեջ ունի ակնհայտ շեղումներ․

• բաժանորդների կողմից վճարումների /հավաքագրման/ ցուցանիշները շեղվում են ավելի քան 1,2 մլրդ ՀՀ դրամով,

• հասույթագրված կամ, այլ կերպ ասած՝ վաճառված ջրաքանակի շեղումը կազմում է 3 մլն խորանարդ մետր,

• ծախսերի միջև անհամապատասխանությունը կազմում է ավելի քան 2,8 մլրդ ՀՀ դրամ և այլն։

Համաձայն ֆինանսական աուդիտի հաշվետվության, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններից հասույթն առանց ԱԱՀ կազմել է 17140,2 մլն ՀՀ դրամ։ Ակնհայտ է, որ ոչ բոլոր դեպքերում է կիրառելի ԱԱՀ-ն, քանի որ սպառողների որոշ խմբեր ազատված են ԱԱՀ վճարելուց։ Այդուհանդերձ, աուդիտի արդյունքում հաստատած հասույթի գումարը բազմապատկելով ԱԱՀ 20 տոկոս դրույքաչափով, ստանում ենք 20 568 մլն /17140,2 x 1.2/, որը ավելի քան 380 մլն դրամով ավելի փոքր մեծություն է ստացվում, քան ՀՀ ՀԾԿՀ ներկայացված տեղեկատվությունը։

Նախաձեռնության անդամները առանձնացրել են ջրաչափերի գնման և տեղադրման ցուցանիշները։ Հաշվետվության մեջ նշված է, որ 2017 թվականի ընթացքում գնվել է 36300 ջրաչափ։ «Կազմակերպությանը ձևավորման պահին ջրաչափ չի հանձնվել և հարկ է պարզաբանել, թե ձեռք բերելով ընդամենը 36300 ջրաչափ, ինչպես է հաջողվել տեղադրել նոր սերնդի 52278 ջրաչափ։ Մեկ այլ խիստ կարևոր դիտարկում։ «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ կողմից իրականացված «Վեոլիա Ջուր» ՓԲԸ 2017 թվականի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ»-ի հաշվետվության մեջ և հաշվետվությանը կից ծանոթագրություններում հասույթի մասով ամրագրված է, որ «Ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների հասույթը չի ներառում 275,602 հազար դրամ գումարը այն վաճառքների գծով, որոնց հետ կապված վաճառքի պահին կատարված հատուցման փոխհատուցումը հավանական չէ։ Սա վերաբերում է ջրաչափեր չունեցող հաճախորդներին կատարվող վաճառքներին, երբ վաճառքի գումարը չափվում է նախապես սահմանված օգտագործման ստանդարտների հիման վրա»։ Հարցն այն է, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ բաժանորդների մոտ ջրաչափերի վերջին ցուցմունքը վերցվել է նախկին օպերատորի կողմից՝ 2016 թ․ընթացքում, իսկ 2017 թ․հունվարի 1-ից «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից վերցված ցուցմունքի դիմաց հաշվառվող սպառումը ձևավորվում է այդ երկու ցուցմունքների տարբերությամբ։ Համաձայն պայմանագրի՝ «Ջրաչափ ունեցող յուրաքանչյուր բաժանորդի համար մեկնարկային օրվանից առաջ ջրաչափերի վերջին ցուցմունքի գրանցումն և մեկնարկային օրվանից հետո ընկնող առաջին գրանցումը պետք է իրականացվի համատեղ՝ վարձակալի և նախկին օպերատորի կողմից։ Նախկին օպերատորի և վարձակալի միջև այդ երկու գրանցումների տարբերությունը պետք է բաշխվի հետևյալ կերպ․

• նախկին օպերատորի կողմից մատուցված ծառայությունների ծավալը հաշվարկվում է ջրաչափի վերը նշված երկու ցուցմունքների տարբերությունը բաժանելով դրանց գրանցումների միջև ընկած օրերի քանակի վրա և բազմապատկելով վերջին ցուցմունքի գրանցումից մինչև մեկնարկային օրվան նախորդող օրն ընկած օրերի քանակով,

• վարձակալի կողմից մատակարարված ծառայությունների ծավալը հաշվարկվում է ջրաչափի վերը նշված երկու ցուցմունքների տարբերությունը բաժանելով դրանց գրանցումների միջև ընկած օրերի քանակի վրա և բազմապատկելով մեկնարկային օրվանից մինչև վարձակալի կողմից առաջին ցուցմունքի գրանցումն ընկած օրերի քանակով։

«Նախկին օպերատորն ու վարձակալը համապատասխանաբար պարտավոր են բաժանորդներին հաշիվ ներկայացնել վերը նշված կերպով հաշվարկված մատուցված ծառայությունների ծավալների դիմաց»,- ասում է Գասպարյանը։

Նա ասել է, որ հաշվետվություններում առկա տարբերությունները նվազագույնը անփութության հետևանք են, բայց միևնույն ժամանակ կարծում է, որ անփութության հետևանքով հնարավոր չէր հաշվետվություններում 300 միլիոն դրամի տարբերություն։ «Սա նշանակում, որ խնդիր կա ներկայացված հաշվետվություններում։ ՀԾԿՀ գնացած հաշվետվությունների մեջ 300-350 միլիոնի տարբերություն կա։ Ես վստահ եմ, որ տարբերություն կա նաև վիճակագրական վարչություն ներկայացված տեղեկատվության մեջ, պարզապես այդ ինֆորմացիան հրապարակային չի»,- ասաց Գասպարյանը՝ հավելելով ՀԾԿՀ-ն ունի երկու հաշվետվություններն էլ՝ ներկայացված աուդիտի հաշվետվությունը և ընկերության կողմից ներկայացված հաշվետվությունները։ Հիմա պետք է ուսումնասիրի, ու եթե առկա են լուրջ տարբերություններ՝ վեր հանի դրանք ու պարզի տարբերությունների պատճառները։ «Այս պահին, սակայն, դա արված չէ։ Կայքում ներկայացված հաշվետվություններում մենք չենք գտնում այդ ուսումնասիրության արդյունքները։ Օրինակ՝ ներկայացվում է վաճառված ջրի քանակ, ու եթե տարեկան հաշվետվության ու ՀԾԿՀ ուղարկված հաշվետվության մեջ 3 միլիոն խմ-ի տարբերություն է արձանագրվում, ապա դա լուրջ թիվ է, քանի որ վաճառված ջրի քանակից է ձևավորվում ջրի սակագինը։ Այստեղ մեծ խնդիր ունենք»,- ասաց Գասպարյանը։

Զրուցակցի խոսքերով՝ հնարավոր է ընկերությունից բացատրեն, թե վրիպակ է տեղի ունեցել, բայց նման վրիպակները համատարած են։ «Օրինակ՝ տարեկան հաշվետվության մեջ գրված է, որ ձեռք են բերել 36 հազար նոր ջրաչափ, բայց նույն հաշվետվության մեջ մեկ այլ տեղ նշված է, որ տեղադրել են 52 հազար ջրաչափ։ Ես վերցրել ու գումարել եմ ամսական հաշվետվություններում նշված ջրաչափերի թիվն ու ստացել եմ թիվ, ըստ որի՝ 88 հազար ջրաչափ է տեղադրվել։ Սա աբսուրդ է։ Երեք տարբեր ցուցանիշ։ Այսպես չի լինում»։

Հարցին՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ այս անփութության հետևանքով գումարներ են յուրացվել, Գասպարյանը պատասխանել է. «Չեմ կարող պնդել, որ գումարներ են յուրացվել, բայց որ իրենք այս ամենի տակ պետական ներդրում են ցույց տալիս, փաստ է և երևում է իրենց հաշվետվություններից։ Դրա մասին ժամանակին բարձրաձայնում էր նաև ՀԾԿՀ-ն, երբ ասում էր, որ եթե դու ջրաչափը ձեռք ես բերում 15 հազար դրամով, մինչդեռ դրա շուկայական գինը 7-8 հազար դրամ է, ապա դու պետությանը խաբում ես քո կատարած ներդրումների ծավալի մասով։ Իրենց վրա պարտականություն է դրված կատարել տարեկան 800 միլիոնի ներդրում։ Հիմա իրենք ցույց են տալիս այդ ներդրումը, բայց եթե իրականում մաքուր աշխատեին, ապա կպարզվեր, որ այդ աշխատանքը հնարավոր էր կատարել 550 միլիոնով, իսկ մնացածով կարելի էր մի ամբողջ փողոցի ջրագիծ փոխեին»։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...