ԱԺ ՀՀԿ-ական նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը հայտարարել է, որ իր նորաստեղծ հասարակական կազմակերպության գործերով հանդիպումներ է ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագետների հետ, ներկայացրել գործունեության առաջնահերթությունները, հեռանկարները, նպատակները:

Հայտնի է, որ Հովհաննիսյանը կասեցրել է իր անդամությունը ՀՀԿ-ին, որպեսզի զբաղվի իրավական գործունեությամբ հանրային դաշտում: Տվյալ պարագայում, անշուշտ, Արփինե Հովհաննիսյանի հանրային կարիերան չէ, որ հետաքրքրության առարկա է, այլ դրա տեղն ու դերը Հանրապետական կուսակցության հետագա ճակատագրում՝ հաշվի առնելով այն, որ անդամությունը կուսակցությանը կասեցվել է, ոչ թե եղել է կուսակցությունը լքելու որոշում: Դա նշանակում է, որ կուսակցությանը կապող թելը կա, ինչն էլ իր հերթին տալիս է հենց կուսակցության հեռանկարում այդ դրվագը դիտարկելու, ըստ այդմ՝ կոնկրետ իրողությունից ավելի լայն եզրահանգման գալու առիթ և հնարավորություն:

Խորհրդարանի արտահերթ ընտրությունից հետո ՀՀԿ-ն գործնականում կա երկու անձի՝ Արմեն Աշոտյանի և Էդուարդ Շարմազանովի դեմքով: Նախագահն էլ շարունակում է լինել Սերժ Սարգսյանը: Մեծ հաշվով, այդ դեպքում է հնարավոր ասել, որ ՀՀԿ-ն դարձել է կուսակցություն, որը բառի բուն իմաստով է հնարավոր տեղավորել մեկ գազելում, այն էլ գազելի միայն առաջնամասում, որտեղ երեք մարդ տեղավորվում է: Սա, մի կողմից, տրամաբանական «վախճան» է, սակայն մյուս կողմից փոքր-ինչ տարօրինակ, հատկապես հաշվի առնելով այն, որ կուսակցությունը մի քանի ամիս առաջ հայտարարել է գերմանական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի մասնակցությամբ վերափոխման ծրագիր մշակելու մասին, իսկ բառացիորեն մի քանի շաբաթ առաջ կուսակցության պատվիրակությունը Գերմանիայում էր՝ նույն հիմնադրամի հրավերով, ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցին զուգահեռ: Պատվիրակության կազմում էին Արփինե Հովհաննիսյանը, Արմեն Աշոտյանն ու Վիգեն Սարգսյանը: Սարգսյանը լուռ է, Արփինե Հովհաննիսյանը՝ կասեցված, մնացել է միայն Արմեն Աշոտյանը:

Մի՞թե կուսակցական անդամակցությունը կասեցնելու մտադրություն ունեցող Հովհաննիսյանը կուսակցական պատվիրակությամբ մեկնելու էր Գերմանիա: Հազիվ թե, և ըստ այդմ պետք է եզրակացնել, որ նրա հանրային գործունեությունը, խոշոր հաշվով, այն վերակենդանացման կամ վերափոխման ծրագրի մի մաս է, որ ՀՀԿ-ն իրականացնում է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի օգնությամբ: Դա էլ հիմք է տալիս եզրակացնելու, որ ՀՀԿ վերափոխման մի մասը անցնելու է հանրային դաշտով: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն խոսակցությունը, որ Վիգեն Սարգսյանն էլ պատրաստվում է ձեռնամուխ լինել ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ստեղծման, նկատելի է դառնում, որ Արմեն Աշոտյանն ու Էդուարդ Շարմազանովը մնում են այսպես ասած՝ օրապահ՝ ՀՀԿ օրապահ, իսկ կուսակցության «դեսանտը» անցնում է իրավա-քաղաքական հանրային-փորձագիտական դաշտ, և ռեաբիլիտացիան տեղի է ունենալու այդ դաշտում: Այստեղ, սակայն, առանցքային հարցերից մեկը այն է, թե արդյո՞ք «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի աջակցությամբ չի ստացվի այն, որ կուսակցական «ռենեսանս» չի հաջողվի, փոխարենը կուսակցականները՝ թեկուզ կասեցված, կհաջողեն քաղաքացիական, ոչ կառավարական դաշտն ականապատելու և արժեզրկելու հարցում, հաշվի առնելով այն, որ առաջիկա, թերևս, մի քանի տարիներին ուղղակի դժվար է լինելու պատկերացնել, որ հանրային որևէ շերտ չի ասոցացնելու ՀՀԿ-ից տարածություն պահող գործիչներին, այսպես ասած, «մայր գետի» հետ, ինչպես կասեր Հովիկ Արգամիչը: Իսկ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հանրային, ոչ կառավարական սեկտորում բավականին նկատելի և շոշափելի «ներդրումներ» է կատարում նաև նախկին իշխանության մյուս բևեռը՝ Ռոբերտ Քոչարյանը, ընդ որում՝ առավել ագրեսիվ և ընդգծված հակաիշխանական տոնայնությամբ, կարող ենք արձանագրել առաջիկայի համար ուշագրավ մի հարաբերակցության հավանականություն՝ քաղաքացիական, հանրային սեկտորի շուրջ դիսկուրսի առումով:

Նախկին իշխող համակարգը այդ սեկտորի մի մասի հանդեպ կհնչեցնի «սորոսականության» մեղադրանքներ՝ ընդհանուր «գրանտակերության» ծիրի մեջ, իսկ հանրությունն ու նոր իշխանությունն էլ մեծ հավանականությամբ, ուղղակի և անուղղակի, մեղադրանք կհնչեցնի հանրային սեկտորի այդ մյուս մասի հանդեպ, որի թելերը ոչ միայն շոշափելի, այլ նկատելի կերպով կապված են նախկին իշխող համակարգի այս կամ այն թևի հետ: Հետևանքը կստացվի այն, համենայնդեպս վտանգի կամ ռիսկ տեսքով, որ հանրային գիտակցության մեջ կարող է գնալ հասարակական սեկտորի արդեն, այսպես ասած, երկու կողմից տեղի ունեցող թիրախավորում և արժեզրկում: Իսկ դա մարտահրավեր է այս սեկտորի ապագայի համար, որը Հայաստանի արդիականացման հույժ կարևոր հարթություն է:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •