Հովհաննես Գալստյանը դադարեցրեց հացադուլը

- in Մշակույթ
Film

Հովհաննես Գալստյանը դադարեցրել է հացադուլը: Այս մասին «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագծի համառեժիսորն ու համապրոդյուսերը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

Հիշեցնենք, որ «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանը փետրվարի 3-ից գտնվում էր անժամկետ հացադուլի մեջ:

«Երեկ ուշ երեկոյան, վերջին օրերին երրորդ անգամ Մատենադարան այցելած նախարար Արայիկ Հարությունյանի հետ շուրջ մեկ ժամ քննարկեցինք Հացադուլի պահանջների ամբողջ «փաթեթը»։ Նախարարի հետ համաձայնեցրինք քայլերի հաջորդականությունը, որ ենթադրաբար պետք է հանգեցնի հարցերի կարգավորմանը՝ բանակցությունների ճանապարհով։ Այցի ավարտին ես առաջարկեցի նախարարին գրավոր փաստաթղթի վերածել մեր «ճանապարհային քարտեզը», հանդիպումների ժամանակացույցի և ձևաչափի ամրագրումով։ Նախարարն ասաց, որ բանակցությունների արդյունավետ ընթացքի համար կարևոր է, որ կողմերը հավասար պայմաններում լինեն, ես՝ ֆիզիկական և հոգեպես կայուն։ Պայմանավորվեցինք, որ գործողությունների պլանը հաստատող փաստաթուղթը ստանալուց հետո, ազատամարտիկ Մհեր Մազմանյանն ու ես, կդադարեցնենք հացադուլը։

Այսօր՝ փետրվարի 23-ին, իմ հացադուլի 21-րդ օրը, նախարարի օգնական, բանակցությունների դրական ընթացքի համար մեծ ջանքեր գործադրած Դավիթ Դանիելյանը, Մատենադարան բերեց նախարարի կողմից վավերացված պլանը։ Մհերն ու ես դադարեցրեցինք Հացադուլը։ Առաջին հանդիպումը նախարարի հետ տեղի կունենա շաբաթվա սկզբին։ Ենթադրաբար, հանդիպումները կշարունակվեն մինչև մարտի առաջին տասնօրյակի ավարտ։ Նույնքան էլ պետք է Հացադուլից վերականգնվելու, ֆիլմի աշխատանքներին վերադառնալու համար։ Մարտի 12-13-ին կհրապարակենք բանակցությունների արդյունքները՝ ասուլիսով։

Անչափ ուրախ եմ տուն վերադառնալու, հարազատներիս գրկելու երջանկությունը կրկին վայելելու համար։ Կրկնակի ուրախ եմ, որ խնդրի լուծման բանալին այս պահին գտնվում է նախարար Արայիկ Հարությունյանի ձեռքում, ում անկողմնակալությունն ու խոսքը հարգելու կարողությունը կասկածի տակ չէ և ով՝ մոտ ապագայում, կստանձնի մշակույթի կառավարման լիարժեք պատասխանատվությունը։

Շնորհակալ եմ Մհեր Մազմանյանին անձնուրաց արաքի համար։ Շնորհակալ եմ Վահան Արծրունուն՝ հանդիպումներին նպաստելու համար։ Շնորհակալ եմ բոլորին աջակցության, հոգատարության, մարդասիրության բացառիկ պահերի համար։ Առողջություն բոլորիս ծնողներին։

Անչափ Շնորհակալ եմ»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments