Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցնում է պաշտպանությունը զինվորի հացը յուրացնելու մասով

- in Իրավունք
Manvel Grigoryan

Այս պահից սկսած դադարեցնում եմ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը նրա զինվորի կամ ազատամարտիկի հացը յուրացնելու մեղադրանքի մասով, նման մեղադրանքն անհիմն հերյուրանք լինելու պատճառով, մնացած մասով մեղադրանքը թող հուզի այլ մաստի փաստաբաններին:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը՝ նշելով, որ իր ընտանիքի, հարազատների, ընկերների ու հայրենիքի առջև այլևս արդարանալու բան չունի, իսկ կասկածողները՝ սրիկա են։

Մանվել Գրիգորյանին մոտ 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդության քննարկումն այսօր հետաձգվեց:

Նրա պաշտպաններից Արսեն Մկրտչյանը մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատճառը քննիչի բացակայությունն էր, որը չէր զգուշացրել նիստին չներկայանալու մասին:

Նշենք, որ միջնորդությունը քննում է դատավոր Մարինե Մելքոնյանը, որը մի քանի անգամ մերժել է Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդությունները: Հարցին, թե դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելո՞ւ են, Մկրտչյանը պատասխանեց, որ պատրաստվում են նման միջնորդությամբ հանդես գալ, սակայն այն համարում են անիմաստ:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատներում հայտնաբերված մեքենաներին, Արսեն Մկրտչյանն ասաց, թե դրանք ընդհանրապես բանակի հետ կապ չունեն, դրանք բանակի համար չեն բերվել: Մեր դիտարկմանը, թե շտապօգնության մեքենան էլ բանակի համար չէր բերվե՞լ, Մկրտչյանը բասացական պատասխան տվեց. «Ես չեմ ուզում գործի մանրամասներին շատ անդրադառնանք, ամենակարեւորը հարցն է, որ Մանվել Գրիգորյանը իրականում զինվորի սնունդ չի յուրացրել»: Հարցին, այդ մեքենաները ձեւակերպվել են իր հարազատների անուններով Մկրտչյանը ասաց՝ ոչ: Ճշտող հարցին՝ իսկ մտերիմների անուններո՞վ, պաշտպանը արձագանքեց. «Ինչ է նշանակում, Մանվել Գրիգորյանը ունի ՀՀ-ում մոտ 3 միլիոն մտերիմ, եթե կա մի զանգված մարդկանց, ովքեր վատ են տրամադրված Մանվել Գրիգորյանին…

Նշենք, սակայն, որ ըստ ԱԱԾ-ի ավելի վաղ տարածած հաղորդագրության՝  Մանվել Գրիգորյանի առանձնատներում հայտանբերվել է նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Պաշտպանության բանակի համար նախատեսված ամենագնացների շարք, շտապօգնության մեքենա։ Դրանք պաշտպանության բանակին էին նվիրաբերել Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք Մանվել Գրիգորյանը ձևակերպել է իր բարեկամների անուններով եւ տեղափոխել իր սեփական ավտոպարկ:

Մանվել Գրիգորյանը 2000-2008 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը, կազմակերպել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ Էջմիածին քաղաքի բնակիչ Պ. Թորոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի շորթումը: Մասնավորապես, 2004 թվականի կեսերին Մ. Գրիգորյանը, Պ. Թորոսյանի կողմից Էջմիածնում կառուցվող բենզալիցքավորման կետն իրենը դարձնելու շահադիտական նպատակով, տվյալ գույքը ոչնչացնելու (վնասելու), գույքի սեփականատիրոջ և նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, կազմակերպել է իր ազդեցության ոլորտում գտնվող երկու անձանց միջոցով` նախնական համաձայնությամբ, խմբով, Պ. Թորոսյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ բենզալիցքավորման կետի շորթումը:

Անդրադառնալով այս դրվագին Մկրտչյանն ասաց, որ այս գործով անցնող անձինք մահացած են:

Նշենք, որ հենց այս դրվագով Գրիգորյանը չի առարկել, որպեսզի այն վաղեմության ժամկետն անցնելու հիմքով կարճվի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...