Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստից հետո, որտեղ քննարկվել էր ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը, նա իր ելույթում անդրադարձավ համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակին:

Արամ Սիմոնյանը նշեց, որ այս հարցը պետք է հանգուցալուծվի, սակայն չի կարելի բռնությամբ հանգուցալուծել նման հարց. «Հավաստիացնում եմ, այս աթոռին ես նստած եմ շուրջ 12 տարի, և ինձ համար սա շատ ծանր, հոգնատանջ, բայց միևնույն ժամանակ պատվաբեր աշխատանք է: Ես արել եմ իմ ուժերի չափով այն, ինչ օգուտ է համալսարանին»:

Ռեկտորը պնդում է, որ Երևանի պետական համալսարանը երբևէ ֆինանսական այնպիսի կայունություն չի ունեցել, ինչպես հիմա, և համալսարանի հետընթացի և ճահճացման մասին խոսակցություններն անհիմն են. «Մենք արդեն 6 տարի առաջ կանխատեսում էինք, որ կգան ծանր ժամանակներ, երբ արտագաղթի հետևանքով և այլ պատճառներով կպակասի ուսանողների թիվը: Մենք այն ժամանակվանից կուտակում էինք գումարներ բանկերում, որպեսզի այսօր կարողանանք մեր հաշվին ապահովել Երևանի պետական համալսարանի կայունությունը: Տարեվերջին մեր բյուջեն եղել է դեֆիցիտային՝ 750 միլիոն դրամից ավելի: Այսօր այդ դեֆիցիտից մնացել է ընդամենը 80 միլիոնը: Սա՞ է վատ կառավարման արդյունք»:

Արամ Սիմոնյանը հայտարարեց, որ ինքն ինքնակամ հրաժարական չի տալու: Առաջարկեց նաեւ չհավատալ այն պնդումներին, թե համալսարանը ճահիճ է: Ասաց, որ բուհը այսպիսի ֆինանսական կայունություն երբեք չի ունեցել, միջազգային այդքան մեծ թվով գործընկերներ չի ունեցել եւ այլն: Արամ Սիմոնյանը նշեց, որ ճիշտ չեն նաեւ այն պնդումները, որ բուհի կրթությունը ցածր որակի է:

Սիմոնյանը համոզմունք հայտնեց, որ իրեն առնչվող այդ քրեական գործերով իր մեղքը չի կարող ապացուցվել: Ինչպես բազմիցս է նշել, այժմ էլ Սիմոնյանը շարունակեց պնդել, որ սա քաղաքական հետապնդում է: Լրագրողների այն հակադարձումներին, թե շատ այլ ՀՀԿ-ականներ աշխատում են տարբեր կառույցներում՝ այդ թվում ԿԳՆ-ում, ինչին ի պատասխան Արամ Սիմոնյանն ասաց, որ ինքն ուրիշների հետ կապված ոչինչ չի կարող ասել, միայն իր մասով կարող է ասել: Այդուհանդերձ ռեկտորը ընդունեց, որ Հոգաբարձուների խորհրդի նիստը անցավ ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...