Բեռլինում հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել են արցախյան կարգավորման հարցին:

«Կողմերը պետք է պատրաստ լինեն, որ խոսքերին պետք է հետևեն որոշ գործողություններ և կարծում եմ, որ խիզախ քայլեր է ձեռնարկել պարոն վարչապետը, բայց դա պահանջում է, որ դիմացի կողմն էլ պատրաստակամություն ցույց տա նման խիզախ քայլերի», – ասել է կացնել Անգելա Մերկելը:

Փաշինյանը, մեկնաբանելով Մերկելի՝ խիզախ քայլերի մասին խոսքը, նշել է. «Ես Հայաստանի խորհրդարանում ամիսներ առաջ արել եմ հայտարարություն՝ ասելով, որ Ղարաբաղի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես հույս ունեի, որ այդ հայտարարությանը նմանատիպ հայտարարություն կհետևի նաև ադրբեջանական կողմից, բայց ցավոք սրտի ոչ մի պաշտոնյա նույնիսկ կիսաձայն չի բարձրաձայնոմ, որ ղարաբաղյան հարցի որևէ լուծում կարող է ընդունելի լինել Հայաստանի ժողովրդի և Ղարաբաղի ժողովրդի համար: Ես կարծում եմ, որ այս մի հայտարարության պատմությունը հստակ ցույց է տալիս այն իրավիճակը, որ մենք ունենք բանակցային գործընթացում: Եվ քանի դեռ համարժեք հայտարարություններ չեն հնչում նաև Ադրբեջանից, շատ մեծ հույսեր ունենալ, որ կարող ենք առաջ շարժվել այս ուղղությամբ, ցավոք, չենք կարող: Իհարկե, Հայաստանի Հանրապետությունը նվիրված է բանակցային գործընթացում բացառապես խաղաղ ճանապարհով հարցը լուծելու տրամաբանությանը, և ես ուզում եմ արձանագրել, որ նաև մեր քննարկումների ընթացքում արձանագրել եմ, որ որպես ՀՀ վարչապետ կարող եմ բանակցել ՀՀ անունից, բայց չեմ կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից, այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մեր ընտրություններին չի մասնակցում, ինձ քվե չի տվել: Նրանք ունեն իրենց նախագահը, իրենց խորհրդարանը, կառավարությունը, և Ղարաբաղի ժողովրդի անունից բանակցային գործընթացում պետք է խոսեն Ղարաբաղի ժողովրդի ընտրված ներկայացուցիչները»:

Քննարկել ենք երկկողմի հարաբերություններին վերաբերող լայն շրջանակ, այդ թվում՝ առանձնահատուկ կարևորություն է ստացել տնտեսական համագործակցության թեման և արձանագրել ենք, որ գերմանական կապիտալի ներգրավմամբ մի քանի ներդրումային կարևւոր ծրագրեր են իրականացվում ՀՀ-ում և հույս ունենք, որ ներդրումային միջավայրի բարելավմանը զուգընթաց Գերմանիայի ներդրումները ՀՀ-ում կավելանան: Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից հետո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ կանցլերի հետ խոսել են նաև տարածարջանային, միջազգային օրակարգին վերաբերող հարցերի վերաբերյալ: «Այդ հարցերի վերաբերյալ ունենք փոխադարձ ըմբռնում: Մեր տարածաշրջանում կայունության ու խաղաղության հարցերը կարևոր են, բայց կարևոր է արձանագրել, որ այդ խաղաղությունն ու կայունությունը պետք է լինեն բազմակողմ ջանքերի արդյունք: Մենք խոսել ենք նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ իրավիճակի վերաբերյալ: Այս արձանագրումը նույնպես այդ համատեքստում արվել է, որ պետք է գործընթացը երկկողմանի լինի և չի կարող գործընթացը միակողմանիության տրամաբանության մեջ լինել: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ գոնե ես բավարարված են բանակցությությունների արդյունքներից», – ասել է Փաշինյանը:

Հայաստանը պետք է ավելի ու ավելի գրավիչ լինի իր քաղաքացիների համար։ Ինչպես Բեռլինից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով վիզաների ազատականացման հարցին։

«Վիզաների դյուրացման հարցը մենք նույնպես քննարկել ենք։ Այս առումով շատ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունը ավելի ու ավելի գրավիչ լինի սեփական քաղաքացիների համար։ Ես ուրախ եմ արձանագրել, որ 2018 թվականին երկար տարիներ ի վեր առաջին անգամ Հայաստան վերադարձող քաղաքացիների թիվը շատ ավելի մեծ է եղել, քան մեկնողներինը։ Պետք է մեր երկրում այնպիսի ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնենք, որ Հայաստանը չդիտարկվի որպես փախստական մատակարարող երկիր»,- ասաց վարչապետ Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ այս տարվա զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանն այդ ուղղությամբ շարժվում է և շարժվում է վստահ։

«Իհարկե, քննարկումների, բանակցությունների, հարաբերությունների զարգացման առումով հույս ունեմ, որ առավել նպաստավոր պայմաններ կստեղծենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում հաջողության հասնելու համար, և ի վերջո կարծում եմ, որ ժամանակն է՝ մենք մտածենք այդ թեմայով բանակցությունները սկսելու մասին», ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանն ու Գերմանիան քաջալերում են երկկողմ հարաբերությունների զարգացումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Նրա խոսքով՝  Հայաստանի ժողովուրդը հավատով է լցված նոր վարչապետի նկատմամբ: «Մենք Երևանում արդեն անդրադարձել ենք երկրում տիրող տրամադրություններին, ինչպես նաև խոսել ենք երկկողմ հարաբերությունների զարգացման մասին»,-ընդգծեց Մերկելը:

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցին: «Անհրաժեշտ է, որ երկու կողմերը բարի կամք ցուցաբերեն»,-ասաց Գերմանիայի կանցլերը։

Նա նաև հույս հայտնեց, որ հայ-գերմանական հարաբերություններն առաջիկայում էլ ավելի են սերտանալու:

Մենք արդեն աջակցում ենք, ԵՄ-ն պարոն Հանի [ԵՄ ընդլայման ու հարևանության հարցերով հանձնակատար Յոհանես Հան] միջոցով իր աջակցությունը հստակ հայտնել է, և մենք չենք ցանկանում Հայաստանի արտաքին քաղաքականությանը միջամտել, ինքն է որոշում արտաքին հարաբերություններում որ երկրների հետ աշխատել, և մենք արդեն ունենք պայմանագիր [Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր], որով կարող ենք զարգացնել մեր հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետ կայացած ճեպազրույցում՝ պատախասխանելով, Հայաստան-ԵՄ հարաբերությունների և ԵՄ-ից Հայաստանի ցուցաբերվող աջակցության մասին հարցին:

Փաշինյանը նշել է, որ Յոհանես Հանի վերջին այցը տվեց այդ հարցերի պատասխանները: «Եվրամիությունը պատրաստվում է ընդլայնել Հայաստանին տրամադրվող օժանդակության ծավալները, և այս առումով ակնհայտ է, որ Հայաստանի ու Եվրամիության հարաբերություններում շատ լավ գործընկերային մթնոլորտ է հաստատված և չեմ կարծում, որ այդ առումով խոչընդոտներ կունենանք», – ասել է Փաշինյանը: