Այս տարվա սեպտեմբերից նախատեսվում է ուսուցիչների աշխատավարձերի բարձրացում, այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Թե վարչապետը, թե ես բազմիցս հայտարարել ենք, որ այդ հարցը մեր օրակարգում է և առաջնային խնդիրներից է: Համակարգի դրույքների հետ կապված երեկ էլ մարզպետների հետ մեծ հանդիպում ենք ունեցել: Ամբողջական պատկերացում ունենալուց հետո արդեն կխոսենք աշխատավարձերի բարձրացման մասին: Նախնական պետք է ասեմ, որ մեր ծրագրերում  կա սեպտեմբերից աշխատավարձերը բարձրացնելու հարցը: Այս պահին թիվ չեմ ասի: Հիմա մենք դա կանենք բյուջեով նախատեսված մեր միջոցների խնայողությունների հաշվին», ասաց Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ եթե սեպտեմբերից լինի բարձրացումը, բյուջեի վրա մեծ ճնշում չի լինի: Հաջորդ տարվա բյուջեից արդեն այդ ուղղությամբ մեծ հատկացում կպահանջվի, և, ըստ Արայիկ Հարությունյանի, կգտնեն այդ միջոցները: Նա նաև հավելեց, որ ուսուցիչների վերապատրաստման համակարգ են ներդնելու, վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը 50 տոկոսով կբարձրանա:

Նշենք, որ ԿԳ նախարարն այսօր խորհրդարանում փակ հանդիպում ունեցավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: Հանդիպումը տևեց շուրջ 3 ժամ, Արայիկ Հարությունյանը լրագրողներին ասաց, որ պատասխանել է 15-ից ավելի պատգամավորների հարցերի, բայց դեռ հարցեր կան։

«Խոսել ենք շատ հարցերի վերաբերյալ, օր նշանակեցին, որ շարունակելու ենք: Մարտի 19-ին կրկին հանդիպում կլինի, քանի որ ոլորտը մեծ է, շահառուների թիվը մեծ է, և հարցերն էլ շատ են: հիմնական հարցերը կապված էին դպրոցի հետ»,- ասաց նախարարը:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադառնալով դիտարկմանը, որ մարտի 1-ի մասին պատմությունը դասագրքերում խեղաթյուրված է եւ պետք է վերանայել դասագրքերը, լրագրողներին ասել է, որ իր հրամանով ստեղծված է հանձնաժողով՝ պատմության մասնագետների ներգրավմամբ բուհերից, դպրոցներից, եւ հիմա քննարկում է գնում այդ ուղղությամբ:

«Նրանք որոշակի լուծումներից հետո եզրակացություն կներկայացնեն», ասաց նախարարը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հավաստիացնում է՝ իր նշանակման պահից բոլոր բուհերի ռեկտորների՝ այդ թվում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի նկատմամբ հավասար և արդար վերաբերմունք է ցուցաբերել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանն այս մասին ասաց՝ անդրադառնալով տեսակետներին, թե Արամ Սիմոնյանի նկատմամբ «քաղաքական հետապնդում» է իրականացվում:

«Ես Արամ Սիմոնյանի և մնացած բոլոր ռեկտորների նկատմամբ իմ նշանակվելուց հետո հավասար և արդար վերաբերմունք եմ ունեցել: Եվ այսուհետ էլ այդպես է շարունակվելու: Որևէ խտրական վերաբերմունք չի կարող լինել: Մինչ հիմա Սիմոնյանի հետ եղել են բացառապես գործընկերային հարաբերություններ»,-ասաց նախարարը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...