Ռոբերտ Քոչարյանը մտադիր է առաջադրվել Արցախի նախագահի ընտրություններում

«Ժամանակ» թերթը գրում է. «Ռոբերտ Քոչարյանը կարող է փորձ անել առաջադրվել հաջորդ տարվա սկզբին կայանալիք Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում:

Իհարկե, Քոչարյանը Արցախում մշտական բնակության ցենզի հետ խնդիր ունի, բայց եթե նա 1998թ. գտավ մի ԺԷԿ-ի պետ, որը նրան մշտական բնակության կեղծ տեղեկանք տվեց, ապա նույնը կարող է անել նաև ԱՀ-ում:

Կա մի այլ տարբերակ ևս, սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելը, որի համար պետք է ԱՀ ընտրողների 10 տոկոսի, այսինքն՝ 10 հազարի չափ ստորագրություն հավաքել: Այդ ճանապարհով է ուզում գնալ նաև ԱՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, բայց եթե Քոչարյանը որոշի առաջադրվել, Բաբայանը կարող է պաշտպանել նրան»:

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքը փետրվարի 18-ին հաստատել է, որ նրա ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, որն առնչվում է տնտեսական գործունեությանը, փողերի լվացմանը: Այդ մասին հաստատել է ինքը՝ Սեդրակ Քոչարյանը:

Ազգային անվտանգության ծառայության այդ մեղադրանքը, անկասկած, նշանակում է, որ իրավապահները սեղմում են օղակը երկրորդ նախագահի շուրջ: Օրերս ՀՔԾ-ն հայտարարեց, որ Քոչարյանի մարտիմեկյան գործով նախաքննությունն ավարտվել է և գործին փաստաբանների ծանոթանալուց հետո այն կպատրաստվի դատարան ուղարկվելուն: Սրան զուգահեռ, Սեդրակ Քոչարյանի կալանքի հանգամանքը բավականին ուշագրավ է, եթե նկատի առնենք և այն, որ ընթացքում էլ կաշառք վերցնելու համար նոր մեղադրանք էր առաջադրվել հենց Ռոբերտ Քոչարյանին:

Մեղադրանքների հնարավոր այս ծավալի մասին ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը բավականին թափանցիկ ակնարկել էր դեռևս նախորդ տարի սեպտեմբերին, երբ քաղաքապետի ընտրության շեմին հրապարակվեց հայտնի գաղտնալսման առաջին մասը՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի խոսակցության հատվածները: Նրանք համատեղ ասուլիս հրավիրեցին, և Արթուր Վանեցյանը խոսեց Քոչարյանների ունեցվածքի առումով առկա քննության, գործի մասին, խոստանալով բացահայտումներ: Բացահայտումներ, համենայնդեպս հանրային, դեռևս չկան, բայց փաստորեն կան մեղադրանքներ՝ հայր և որդի Քոչարյաններին: Արդյո՞ք սա նշանակում է, որ իրավապահների մոտ խնդիրներ կան Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանքի ապացուցողական մասի առումով և այդ պատճառով են նրանք հարակից ավելացնում ճնշումը, սեղմում օղակը Ռոբերտ Քոչարյանի շուրջ: Թե՞ օղակը սեղմվում է նրա շրջապատի հանդեպ, այդպիսով փորձելով անհրաժեշտը ստանալ այն պաշտոնյաներից, որոնք Ռոբերտ Քոչարյանի նախագահական գործունեության ընթացքում եղել են նրա, այսպես ասած, վստահության շրջանակում և կատարել այն գործերը, որոնցով մեղադրանքներ են ներկայացվում Քոչարյաններին:

Այս ամենն իհարկե ուղեկցվում է անխուսափելի քաղաքական համատեքստով, առավել ևս, որ Քոչարյանը հայտարարում է քաղաքական պլաններ ունենալու մասին և չի բացառվում, որ այս առումով օղակը ոչ թե սեղմվում է, այլ ինչ-որ իմաստով սեղմվելով, ինչ-որ առումով ընդլայնվում է, ներառելով այն հնարավոր պոտենցիալ շրջանակը, որը կալանավայրից դուրս կարող է աջակցել երկրորդ նախագահի քաղաքական պլաններին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...