Սարգսյանի ռեժիմից հետո տարածքներ հանձնելու միտքը մարդիկ բացառում են. ադրբեջանցի խմբագրի անդրադարձը

- in Մամուլ

Դժվար է գնահատել իրավիճակը մի երկրում, որի հետ փաստացի պատերազմի մեջ ես գտնվում:

Այսպես է սկսել Հայաստանից ստացած իր տպավորությունների մասին հոդվածը ադրբեջանական Turan գործակալության գլխավոր խմբագիր Շահին Հաջիեւը:

Խմբագիրը նշել է, որ Բաքվից, այնուհետ Երեւանից այցի համար թույլտվություններ ձեռք բերելն այնքան էլ հեշտ չի եղել, բոլոր  պայմանավորվածությունների համար ամիսներ են պետք եղել:

«Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել 2 երկրների գերատեսչություներին՝ նման հնարավորություն ունենալու համար: Առանձնակի շնորհակալություն ՀՀ ԱԳՆ-ին՝ ադրբեջանցի լրագրողին հավատարմագիր տրամադրելու համար: Այդ քայլը Հայաստանում դժգոհությունների ալիք է բարձրացրել, քիչ դժգոհություններ չկան նաեւ ադրբեջանական կողմում, որի մեծ մասի համար միայն Հայաստան այցի մասին տեղեկությունը դիտվում է որպես դավաճանություն»,-գրել է հեղինակը:

Շարունակելով, խմբագիրը բացահայտում է Հայաստան այցի բուն պատճառը: Նա նշում է, որ անձամբ իրեն ու իր նման շատ-շատերին հիմնականում հետաքրքրում է մեկ հարց՝ ի՞նչ է փոխվել Հայաստանում հեղափոխությունից հետո, ինչպիսի՞ն են մարդկանց տրամադրությունները երկրում, արդյոք կա՞ հույս, որ Փաշինյանի թիմի հետ հնարավոր կլինի պայմանավորվել:

«Այս հարցերը ես ուղիղ կերպով տվել եմ իմ բոլոր զրուցակիցներին, արդեն ամփոփելով, պատասխանները կարելի է տեսնել անզեն աչքով: Եթե խմբագրելու լինեմ Հայաստանում զրուցակիցներիս խոսքերն ու գնահատականները, ապա դրանք այսպիսի տեսք կունենան՝

1․ Մենք՝ հայերս, ձեզ՝ ադրբեջանցիներին, չենք վստահում

2․ Դուք պետք է անեք առաջին քայլը և ապացուցեք, որ այլևս չի լինի պատերազմ

3․ Ղարաբաղն ու հարակից շրջանները չենք վերադարձնելու, և այդ հարցն առհասարակ պետք է ուղղել ոչ թե մեզ, այլ Ղարաբաղին

4․ Պատերազմից չենք վախենում, և դուք ուժով ոչնչի չեք հասնի:

Չեմ կարծում, որ Հայաստանում բոլորն անխտիր այս նույն կարծիքն ունեն, սակայն հակառակ կարծիքները չեն գերազանցի 5-10 տոկոսը»:

Հաջիևը կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը և Փաշինյանի թիմի՝ իշխանության գալը ավելի շուտ կոշտացրել են հայ հասարակության դիրքորոշումն Արցախյան հակամարտության հարցում։

«Այդ դիրքորոշումները կարելի է նկարագրել մոտավորապես այսպես. Սերժ Սարգսյանի ծախված ռեժիմը պատրաստ է եղել հանձնել Ղարաբաղի տարածքները՝ իշխանությունը պահպանելու համար: Սակայն իշխանության փոխանցումից եւ կոռումպացված համակարգի տապալումից հետո ժողովուրդն այդ միտքը բացառում է: Էյֆորիան այն մասին, որ հաջողվել է տապալել ատելի վարչակարգը, և բոլոր մյուս հարցերը հիմա արդեն լուծելի են, զգացվում է ամենուր: Բոլոր տրամադրություններն այն մասին էին, որ նոր իշխանությունները պատրաստվում են տնտեսական բարեփոխումների, ազգային շահերի պաշտպանության եւ արտաքին քաղաքականության պահպանման»:

Խոսելով բուն հակամարտության մասին, Հաջիեւը նշում է, որ բարդ է 2 կողմի համար էլ հասկանալ, թե ինչ են քննարկում Մնացականյանն ու Մամեդյարովը փակ դռների հետեւում իրենց բանակցություններում: Նոր իշխանությունների մոտեցումը առայժմ դրսեւորվել է ղարաբաղցիների հետ բանակցելու ուղղորդմամբ: Ընդհանուր գնահատականները, ըստ խմբագրի, եթե լավատեսական էլ չեն, ապա գոնե չեզոք են:

«Իմ զրուցակիցները բոլորը միակարծիք են, որ Ղարաբաղի հարցում առաջին քայլը պետք է անի Ադրբեջանը: Երբ ես հարց եմ ուղղում, թե ինչու՞ չպետք է Հայաստանը անի առաջին քայլը, միաբերան մեկ պատասխան է հնչում՝ էլ ի՞նչ քայլ կարող է լինել 2016-ի ապրիլից հետո՝ Ադրբեջանում համընդհանուր հայատյացության դասերի համատեքստում»,-գրել է խմբագիրը:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...