«Սպանվել է ամենադաժան ձևով». Ուշագրավ զարգացումներ հայտնի հոգեբանի սպանության գործում

- in Իրավունք
danakaharutyun

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Հրանտ Հ.-ի գործի դատական քննությունը:

2017 թվականի հուլիսի 17-ին Հրանտ Հ.-ն Մաշտոցի 40 շենքում գործող «Այգ» հոգեբանական կենտրոն է այցելել, մտել է հոգեբան Ռուբեն Պողոսյանի աշխատասենյակ, ում պարբերաբար այցելում և ում մոտ բուժման կուրս էր անցնում: Իր դժգոհությունն ու զայրույթը հոգեբանի նկատմամբ Հրանտ Հ.-ն արտահայտել է ագրեսիվ կերպով՝ նա հարվածել է հոգեբանին, ապա «թուղթ կտրելու դանակով» դիտավորությամբ հարվածներ է հասցրել Ռուբեն Պողոսյանի դեմքի, պարանոցի շրջաններում, պատճառել է բազմաթիվ ծակած-կտրած վերքեր:

Տուժող հոգեբանին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մի քանի օր անց նա մահացել է:

Ըստ տուժողի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ հոգեբանի մահը վրա է հասել սրտի պսակաձև անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից, սուր ինֆարկտից, ինչի պատճառ են հանդիսացել տուժողի դեմքի, պարանոցի, գլխի հատվածներում բազմաթիվ կտրած-ծակած արյունահոսող վնասվածքները, տուժողի կրած հեմոռագիկ ցնցակաթվածն ու շոկը:

Տուժողի գլխին, մասնավորապես՝ քունքերի շրջաններում, մարմնի այլ մասերին առկա են եղել նաև արյունազեղումներ՝ պատճառված բութ առարկայով: Խոր կտրված վերքերի արդյունքում առաջացել են սուր արտաքին արյունահոսություն և հեմոռագիկ սուր ցնցակաթված: Վնասված են եղել նաև տուժողի կողոսկրերը, որոնք, ըստ եզրակացության, տուժողին վերակենդանացնելու միջոցառումների ժամանակ առաջացած վնասվածքներ են:

Ի սկզբանե Հրանտ Հ.-ին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածով, իսկ տուժողի մահից հետո մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար, ինչի արդյունքում տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 14-րդ կետերով:

Դեպքից մի քանի օր անց Հրանտ Հ.-ի խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Մեկ ամիս անց հանձնաժողովային դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ՝ Հրանտ Հ.-ի մոտ ախտորոշվել է՝ շիզոֆրենիա, պարանոիդ ձև հիվանդությունը: Արձանագրված է, որ Հրանտ Հ.-ի ժառանգականությունը ծանրաբեռնված է, նրա մոտ առկա են այնպիսի ախտանշաններ, ինչպես՝ զառանցական մտքերը, լսողական ցնորքները, «ծուռ դատողությունները», կամային մակարդակի իջեցումը՝ քննադատական վերաբերմունքի բացակայության պայմաններում: Քրեական օրենքով արգելված արարքը Հրանտ Հ.-ն կատարել է ցնորազառանցական մտքերի ազդեցության տակ:

Դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ Հրանտ Հ.-ն ճանաչվել է անմեղսունակ: Նա սոցիալապես վտանգավոր է համարվել ինքն իր ու հասարակության համար, իր վիճակով, ըստ եզրակացության, չի կարող մասնակցել դատաքննչական գործողությունների:

Նա տեղափոխվել է հոգեբուժական կլինիկա:

Հրանտ Հ.-ին յուրաքանչյուր դատական նիստի հոգեբուժարանից ներկայացնում են դատարան: Նա ուշադիր հետևում է դատական նիստի ընթացքին, լսում է կողմերի կարծիքները, իրեն պահում է հանդարտ ու հավասարակշռված:

Հրանտ Հ.-ն ոչ թե ամբաստանյալի, այլ քրեական օրենքով արգելված արարք կատարածի կարգավիճակ ունի: Դատարանը քննում է Հրանտ Հ.-ի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու գործը: Հրանտ Հ.-ի օրինական ներկայացուցիչն է նրա եղբայրը:

Դատական այս նիստին Հրանտ Հ.-ն հայտարարեց, թե այսօր ցուցմունք տալ, հարցերին պատասխանել չի ցանկանում: Պաշտպանի հարցին Հրանտը պատասխանեց, թե այսօ՛ր չի ցանկանում, այսինքն՝ առաջիկայում հնարավոր է՝ ցանկություն ունենա խոսելու:

Հրանտ Հ.-ի շահերի պաշտպանը հայտարարեց, թե երկու միջնորդություն ունի: Նախ՝ ինքը հարցում է կատարել սրտաբան, պրոֆեսոր Հ. Գ. Հայրապետյանին՝ տուժողի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության հիման վրա:

Մասնավորապես, հարցրել է՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ նկարագրված կլինիկական վիճակի առկայության դեպքում կարելի՞ է միանշանակ պնդել, թե հեմոռագիկ շոկը բերել է տուժողի մահվան: Եվ՝ կարելի՞ է միանշանակ պնդել, թե տուժողի ստացած մարմնական վնասվածքներն են բերել մահվան…

Քանի որ պաշտպանը բժշկի հետ պաշտոնական գրագրություն չէր վարել, պաշտոնական պատասխան չէր ստացել ու չէր կարող հիմնավորել, որ իր հարցերին պատասխանողը իրոք՝ սրտաբան, պրոֆեսոր Հայրապետյանն է, նրան ժամանակ տրվեց, որպեսզի միջնորդությունը պատշաճ ներկայացնելու համար նախ՝ հիմնավորում ներկայացնի, որ պատասխանները ստացվել են հենց կոնկրետ տվյալ բժշկից:

Պաշտպանը նույն կերպ հարցում էր կատարել նաև բժիշկ Կ. Ավագյանին՝ Հրանտ Հ.-ի նկատմամբ անցկացված դատահոգեբուժական փորձաքննութան եզրակացության վերաբերյալ: Սակայն դարձյալ հիմնավորում չկար, թե պաշտպանի ստացած պատասխանը հենց կոնկրետ բժիշկ Ավագյանից է:

Պաշտպանի նախապատրաստած երկու միջնորդությունների քննարկումը դատարանը հետաձգեց՝ ժամանակ տալով պաշտպանական կողմին՝ կատարած հարցումներն ու ստացված պատասխանները ավելի համոզիչ ու հիմնավոր դատարանում ներկայացնելուն պատրաստվելու համար:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մ. Պողոսյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ դատարան հրավիրել ու դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության պարզաբանման համար հարցաքննել տվյալ փորձաքննությունն անցկացրած հանձնաժողովի նախագահ Ս. Թադևոսյանին ու հանձնաժողովի կազմում ընդգրկված «բժիշկ-փորձագետ» Վ. Մովսիսյանին: Վերջինիս մասնակցությունը դատահոգեբուժական փորձաքննությանը փաստաբանի համար անհասկանալի է, քանի որ ակնհայտ է՝ Վ. Մովսիսյանը հոգեբույժ չէ, արդյո՞ք՝ հանձնաժողովային համալիր փորձաքննություն է իրականացվել՝ նաև այլ պրոֆիլի մասնագետի մասնակցությամբ այն դեպքում, երբ քննիչը համալիր փորձաքննություն չէր նշանակել:

Փաստաբանը նաև պարզաբանման ենթակա հարցեր ուներ՝ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության բովանդակության, մասնավորապես՝ փորձաքննվածի ժառանգականությունը ծանրաբեռնված լինելու հանգամանքի վերաբերյալ:

Փաստաբանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ դատահոգեբուժական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը ստորագրվել է 2017 թվականի օգոստոսի 17-ին այն դեպքում, երբ քննիչը հանձնաժողովի նախագահի բանավոր խնդրանքով քրեական գործի որոշակի նյութեր տրամադրել է դրանից 1 օր անց՝ օգոստոսի18-ին:

Մեղադրողը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբանի միջնորդությանը մասնակիորեն կողմ եղավ՝ միայն դատահոգեբուժական փորձաքննությունն անցկացրած հանձնաժողովի նախագահ Ս. Թադևոսյանին դատարան հրավիրելու մասով, իսկ բժիշկ-փորձագետ Վ. Մովսիսյանի՝ հանձնաժողովի կազմում ընդգրկված լինելու հարցին, ըստ մեղադրողի, կպատասխանի հենց հանձնաժողովի նախագահը, Վ. Մովսիսյանին դատարան հրավիրելու անհրաժեշտությունը չկա:

Հրանտ Հ.-ի շահերի պաշտպաններն առարկեցին ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, թե փորձագետները Հրանտ Հ.-ի ժառանգականության ծանրաբեռնվածության վերաբերյալ կարող էին տեղեկություն ստանալ նաև անձամբ փորձաքննվողից՝ մինչև քննիչից քրեական գործի որոշակի նյութեր ստանալը:

Դատարանը որոշեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մ. Պողոսյանի միջնորդությունը բավարարել մասնակիորեն:

Հաջորդ դատական նիստին դատարան կհրավիրվի ու Հրանտ Հ.-ի նկատմամբ կատարված դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության շուրջ կհարցաքննվի հանձնաժողովի նախագահ Ս. Թադևոսյանը: Ժամանակ տրվեց նաև, որ Հրանտ Հ.-ի պաշտպանական կողմը հասցնի պատրաստվել նախատեսած միջնորդությունները դատարանում պատշաճ ներկայացնելուն:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 19-ին:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...