Մեր եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի Առաջնորդարանում տասնամյակներ ի վեր բարեխղճորեն պահպանում են փաստաթղթեր, հուշագրություններ, որոնց մեջ կան նաեւ վաւերագրեր 1918 թ. Հայաստանի անկախության, դրան նախորդած իրադարձությունների մասին։

Պահպանված փաստաթղթերի մէջ կարեւորությամբ ու բացառիկությամբ աչքի են ընկնում հատկապես Զորավար Անդրանիկի մի քանի գրությունները, որոնք պահպանել ու փոխանցել է իր զինակիցներից Գարեգին Սահակյանը։ Այդ վավերագրերի մասին է մեր համառօտ նկարագրությունը, որոնց առնչուելու հնարաւորություն ենք ունեցել թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան Արք. Տերտերյանի թույլտվությամբ, որին հայտնում ենք մեր շնորհակալությունը։

*  *  *

1918 թ-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրված թուրք-հայկական պայմանագրով նախատեսվում էր զինաթափել հայկական ջոկատները, այդ թվում՝  Անդրանիկի զորամասը, դադարեցնել ռազմական գործողությունները: Այդ պայմանը անընդունելի համարելով, միաժամանակ նորահռչակ Հայաստանի Հանրապետության կառավարությանը վնաս չպատճառելու համար Անդրանիկը որոշում է հեռանալ  Հայաստանից: Հունիսի 2-ին Դիլիջանից անցնում է Ելենովկա (ներկայիս Սևան քաղաքն է), ապա՝ Նախիջևան, որտեղից մտադիր էր անցնել Պարսկաստան՝ ընդառաջ գնալու Բաքու շարժվող անգլիական զորքերին և նրանց աջակցությամբ Վանով մտնելու Արևմտյան Հայաստան ու շարունակելու պայքարը:

Յայտնի է, որ Անդրանիկին իր զորամասով և շուրջ 25 հզ. գաղթականներով 1918 թ. հունիսի 18-ին հասել է Նախիջևան, տեղում կարգուկանոն հաստատելուց հետո գավառը հայտարարել է Խորհրդային Ռուսաստանի անբաժան մաս և այդ մասին հեռագրել Բաքվի կոմունայի նախագահ Ստեփան Շահումյանին:

Նախիջևանից Ջուլֆայով Պարսկաստան անցնելով՝ Անդրանիկի զորամասը Խոյի մոտ անակնկալ բախվում թուրքական 11-րդ դիվիզիայի զորամասերին և ստիպուած վերադառնում Զանգեզուր: Զորքի և բազմաքանակ գաղթականության համար ստեղծված բավական դժվար պայմանների պատճառով Անդրանիկը մնում է Զանգեզուրում, հիմնականում՝ Սիսիանում, ղեկավարում է Զանգեզուրի ինքնապաշտպանական կռիւները թուրքերի և մուսաֆաթականների դեմ: Օրինակ՝ օգոստոսի 27-ին և սեպտեմբերի 28-ին Սիսիանի շրջանի Աղուտի, Վաղուտի և Ուռուտ ադրբեջանական գյուղերի մոտ ընդհարումներ են տեղի ունենում Անդրանիկի և թուրքերի հետ միացած մուսաֆաթական ջոկատների միջև Սակայն դեպքերի բերումով, նաեւ իր հանդեպ վերաբերմունքից հիասթափված՝ 1919 թ-ի ապրիլին Անդրանիկը գալիս է Սբ. Էջմիածին, զորամասի գույքն ու զենքը հանձնում է կաթողիկոսին, զորացրում զինվորներին և մեկնում Ֆրանսիա, իսկ 1922 թվականից հաստատւում ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում:

*  *  *

Վավերագրերը, որոնց մասին պիտի խոսենք, պահպանել է 1918-19 թթ. Զանգեզուրում Զոր. Անդրանիկի զորաջոկատում բժիշկ-սպա աշխատած Գարեգին Սահակյանը։ Նրա անձնական արխիվում, որ գտնվում է թեմի առաջնորդարանում, պահպանվել են Անդրանիկին նվիրված նամակների, համառոտ հուշերի երկու ձեռագիր գրքեր, որոնցում որոշ տվյալներ ենք գտնում նաեւ Գարեգին Սահակյանի մասին։ Զորավարի շատուշատ զինակիցների նման նա նույնպես փառապանծ մակդիրներով է հիշում իր հրամանատարին. «Բաղդը ունեցայ իր զինուորը ըլլալու եւ մօտէն ճանչնալու իր կյանքին, իր գործին երկու տարին միայն։ Ասիկայ բախտաւորություն մը եղաւ ինձի համար, որ բարեբաղդ գտնուեցայ իր մարտնչման գործին երկու տարիներուն, կրցայ շատ մօտին հասկնալ ու տեսնել իր ծանր, շատ ծանր գործը եւ հեւքը, մեզի մեր իտյալներուն մօտեցնող եւ հասցնող իր աստուածապարգեւ կարողություններուն»։

Այս տողերը Գարեգին Սահակյանը գրել է 1963-64 թվականներին, ինչպես կարդում ենք իր ձեռագրերի տողատակերից։ Օրինակ՝ 1964 թվակիր մի գրությամբ Գ. Սահակյանը նշում է՝ «Ձեզ տեսնեմ, հայե՛ր, Անդրանիկի գործը կէս չի ձգէք։ Աստուած իր եւ իր առաքյալներուն ձայնը կը լսէ…»։ Նկարում (տե՛ս Նկար 1) Գարեգին Սահակյանն է զինուորական տարիներին։

Նկար 1. Գարեգին Սահակյան, վաւերագրերի պահպանողը

 

Դատելով Անդրանիկին վերաբերող՝ Առաջնորդարանի արխիվի այլ նյութերից, Գարեգին Սահակյանը ծնվել է մոտ 1900 թ., Շապին Գարահիսարում, որտեղից էր նաեւ Անդրանիկը։ Զանգեզուրյան շրջանում եղել է Անդրանիկի զորաբանակի բժիշկը, հետագայում՝ 1921 թ. տեղափոխվել է Փարիզ, ապա ԱՄՆ։ Այլ տվյալներ Գ. Սահակյանի մասին հայտնի չեն այս պահին, թեև ուշադիր քննությամբ հնարավոր է արխիվից կամ մամուլից հավելյալ այլ նյութեր գտնել նրա մասին, որի շնորհիվ պահպանվել ու մեզ են հասել Անդրանիկի ձեռքով գրված մի քանի պատառիկ վավերագրեր։

*  *  *

Գաղթականության եւ որբերի համար առանձնահատուկ խնամածություն ուներ Անդրանիկը։ Պատահակակ չէ, որ Զորավարի ջոկատների հետ մշտապես շրջում էին տասնյակ հազարավոր գաղթականներ, որոնք փրկվել էին Արեւմտյան Հայաստանի տարբեր բնակավայրերից ու միացել Անդրանիկին, որպես միակ ապավեն իրենց անելանելի դրությունից։ Առաջնորդարանի վավերագրերը, որ գրված են իր՝ Անդրանիկի ձեռքով, հիմնականում պատմում են Զանգեզուրում գաղթականության եւ որբերի հանդեպ նրա հրամանների եւ կարգադրությունների մասին։

Ներկայացնում ենք վավերագրերը ըստ ժամանակագրական հաջորդականության, տալով նախ վերծանումը, ապա եւ՝ լուսապատճենը միաժամանակ։

1.

Փաստաթղթերի մեջ պահպանվել է Գեներալ-մայոր Անդրանիկին ուղղված մի խնդրագիր՝ օգնության ակնկալիքով։

«Ձերդ Բարձր Գերազանցություն,

Մենք՝ գաղթականներս Ցանձաղ, Արտօս, Ալաքիլիսէ, Սանամար և Խօրասան գյուղերի թւով 70 ընտանիք 386 հոգուց բաղկացած ապրում էինք Քարաշէն շրջակայքում եւ գաղթեցանք Վաղուտի գյուղի թուրք գյուղն Ձեր վերջի Սիսիան վերադարձին։ Ճիշտ է՝ գտանք ամէն մէկս մի անկյուն ցրտից պատսպարուելու, բայց հացի պաշար բոլորովին չունենք, որի համար մինչև օրս քաղցից մեռածների թյուն հասնում է մօտ յիսունի և այս րօպէիս մօտ երեսուն հոգի դարձյալ սովի մատնուած պառկած են անկողնում և շուտով կը մեռնեն, եթէ մի օգնություն չ’եղաւ։ Ահա ամբողջ մի ամիս է, որ այս ընդհանուր գաղթականներս ստացած ենք նպաստ միայն 50 փութ հաց…»։

Խնդրագրին ի պատասխան Զոր.Անդրանիկն իր ձեռքով գրում է յետեւյալ յանձնարարականը (տե՛ս նկարը ստորեւ)։

«Սիսիանի Գաղթ. Մարմնին

Հրամայում եմ քննել խնդրատուներու վիճակը և բաց թողնել մինչև (50) յիսուն փութ ցորեն ևս։

3/ դեկտ. 918

Գեներալ-մայոր Անդրանիկ

(կնիք)

2.

«Արձանագրություն

Այս արձանագրությունը կազմւում է նրա համար, որ Սիսիանի շրջանի Ղարաքիլիսայ գյուղում հիմնուած որբանոցը իր նախկին խնամակալ Գարեգին Սահակյանից Գ. Մ. (գեներայ մայոր) Անդրանիկի կարգադրությամբ յանձնում է Շաւարշ Աղօյյանի և Խորէն Ղժանյանի խնամատարության։

Գարեգին Սահակյանը 1919 թ. մարտի 4-ին ն. տ. -ին յանձնում է 104 որբ – որբուհին իր 12 ծառայողներով նշանակուած գեներալ մայեօր Անդրանիկի կարգադրությամբ։

Որբերին և ծառայողներին իբր ապրուստի միջոց յանձնում է Գարեգին Սահակյանը կանխիկ դրամ տասն և հինգ հազար ինը հարյուր ութսուն երեք ռուբլի 50 կ. (15983 ռ. 50 կ.)։ Իսկ պահեստից հետևյալ մթերքները.

Վերոյիշյալ փողն ու մթերքները յանձնեցի՝ Գ. Սահակյան

Ստացանք՝ Շ. Աղօյյան, Խ. Ղժանյան։

1/IV 1919 թ.

Ղարաքիլիսայ

Հաստատում եմ՝ Ա. Յարությունյան

3.

Մեկ այլ վավերագիր վերաբերում է Սիսիանի գաղթականների համար օգնություն ցորեն բաժանելու թույլտվությանը, գրված Հայկական Հատուկ Հարվածային Ջոկատի ձեւաթղթի վրա։

«Բժիշկ Գարեգին Սահակյանին

9 փետրուար, 1919 թ.

Նամակովն Յ. Թաթյանի գրածին Սիսիանի գաղթականության բաժանելու համար (1000) հազար փութ ցորեն բաց թողուիլը կ’ուզես։

Դու գիտես, որ այդ իմ կարողութենէ վեր է այդմ։ Արդեն մինչեւ հիմա (1500) բաց թողած են, այժմ հնաաւոր չէ։ Շուտով կու գամ Սիսիան և ինչ չափ որ միջոցներս կը ներեն՝ կօգնեմ գաղթականության։ Հաւանաբար կարենամ առ առաւելն մի քանի հարյուր փութով օգնել, ինչ որ սակայն չի կրնար փրկել ընդհ. դրությունը։

Գեներալ-մայոր՝ Անդրանիկ»

(կնիք)

4.

Հաջորդ երկու վավերագրերը Զոր. Անդրանիկի ձեռագիր փաստաթուղթ են, կրկին գրված Հայկական Հատուկ Հարվածային Ջոկատի ձեւաթղթի վրա։

«Բժ[իշկ]. Գարեգին Սահակյանին

5 մարտի, 1919 թ.

Ստացայ նամակդ և որբանոցի հաշուետուությունը։ Որբերուն լաւ նայեցէք։

Ձյունը պատճառ եղաւ, որ այդտեղ չ’կրնանք գալ։

Այսօր Գորիս եկաւ մայոր Կիպօնը, եթէ նորություններ հաղորդէ՝ կը տեղեկացնեմ։

Գեներալ-մայօր՝ Անդրանիկ»

(կնիք)

5.

Հաջորդ վավերագիրը նույնպես գրված է Անդրանիկի ձեռքով, Հայկական Հատուկ Հարվածային Ջոկատի ձեւաթղթի վրա, ինչպես երեւում է լուսապատճենից, 1919 թ. մարտի 29-ին։

«Անգեղակոթու կոմիսարին յանձնում եմ քսան և հինգ փութ ձաւար որբերու համար։ Հրամայում եմ՝ ձի ուղարկէք այստեղ ստանալու։ Եւս որբերու համար առանձնացրել եմ տաս շապիկ, և տաս վարտիկ աւել կ’ստանայ։

Գեներալ-մայոր՝ (Անդրանիկ)

Դիակներու քննության ժամանակ լաւ յետազօտիր Ալելուցի հայի դիակը, գլխի վէրքը, իմացէք ինչ վէրք է, քննության համար կազմիր արձանագրություն և ուղարկիր ինձ»։

Այս գրության վերաբերյալ պահպանվել է նաեւ Գարեգին Սահակյանի արձագանքը, որ փաստաթղթերից մեկի հակառակ երեսին գրել է.

«Իմ նախաձեռնությամբ 11 որբեր հաւաքած էի և տեղաւորած Սիսիանի Ղարաքիլիսա գյուղի դպրոցին մէջ։ Երբ Անդրանիկին գրեցի, շատ գոհ եղաւ և ամէն կերպ օգնեց անոնց պահմանման։ Բացի զինուորական հյուանդանոցէն, գաղթականներու ալ կը հոգար, որքան որ կարելի էր։ Անդրանիկը մեծապէս կը քաջալերէր իր յատկացումներով»։

*  *  *

Ներկայացված 5 վավերագրերից բացի Առաջնորդարանի արխիւմ կան այլ գրություններ նույնպես։ Դրանք կարեւոր են նախ նրանով, որ գրված են իր՝ Անդրանիկի ձեռքով, որպես փաստ ներկայացնում են Զանգեզուրում Զորավարի գործունեությունը, հատկապէս՝ գաղթականության եւ որբերի հանդեպ նրա ունեցած մեծ սրտացավթյունն ու աջակցությունը, եւ գալիս են առավել ամբողջացնելու Զորավարի մասին պատմական փաստերն ու վավերագրերը։

Պետք է հիշել նաեւ, որ 1919 թ. Անդրանիկն այցելում է Միացյալ Նահանգներ՝ ցեղասպանությունից փրկվածների եւ պատերազմի հայ գաղթականների համար հանգանակություն կազմակերպելու համար։ Կարողանում է հավաքել 500.000 ԱՄՆ դոլար (այժմ համարժեք է մօտ 7 միլիոն ԱՄՆ դոլարի)։ Դրանից կարճ ժամանակ անց նա վերջնականապաս տեղափոխվում է ԱՄՆ եւ բնակություն հաստատում Ֆրեզնոյում, ուր հոծ հայկական գաղութ կար։ Անդրանիկը մահացել է Կալիֆորնիայում 1927 թ., սեպտեմբերին։ Նախ թաղվում է Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը, ապա 1928 թվականի հունվարին նրա աճյունը փոխադրւում է Փարիզ և վերաթաղվում Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ 2000 այն տեղափոխվում է Հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն, ուր հանգչում են Արցախյան ազատամարտի հերոսների աճյունները։

Նորայր ՊՈՂՈՍՅԱՆ, Լոս Անջելես