dat

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստում քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ Շենգավիթի նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հարցաքննության ժամանակ:

Հարցաքննության ժամանակ դահլիճում ներկա գտնվողների կողմից ռեպլիկ հնչեց, ինչից հետո դահլիճում ներկա գտնվող տուժողների հարազատների ու դահլիճում ներկա գտնվողների միջեւ վիճաբանություն տեղի ունեցավ:

Ապակիներից այն կողմ նույնպես լարված իրավիճակ էր՝ Արամ Հովհաննիսյանի եւ խմբի անդամների մասնակցությամբ:

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստը դարձյալ դռնփակ ռեժիմով քննելու որոշում կայացվեց, այս անգամ մինչեւ դատաքննության ավարտ:

Նման որոշում դատարանը կայացրեց այսօր դատարանում տեղի ունեցած միջադեպից հետո: Նիստը վերսկսելուց հետո նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ իր պահանջով դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետի կողմից ներկայացվել է զեկուցագիր՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Զեկուցում եմ ձեզ այն մասին, որ սույն գործով ընթացող դատական նիստի ժամանակ դատական նիստերի դահլիճում գտնվող քաղաքացի Գեւորգ Սաֆարյանը այդ պահին ցուցմունք տվող տուժող Արամ Հովհաննիսյանին բարձրաձայն վիրավորեց անվանելով՝ հիմար: Դրան ի պատասխան դատական նիստերի՝ քաղաքացիների համար նախատեսված հատվածի աջ կողմում նստած մի քաղաքացի արձագանքեց՝ բղավելով. «Հիմարը դու էս, քեզ կոռեկտ պահի»: Դրանից հետո դահլիճում գտնվող բոլոր քաղաքացիները վեճի բռնվեցին աջ կողմից ի պատասխան Սաֆարյանի հնչեցրած վիրավորանքին արձագանքած քաղաքացու հետ եւ սկսեցին միմյանց հասցեին հնչեցնել հայհոյանքներ եւ հրաժարվեցին ենթարկվել ինչպես նախագահող դատավորի, այնպես էլ՝ դատական կարգադրիչների օրինական պահանջներին:

Նախագահող դատավորի կողմից ընդմիջում հայտարարելուց հետո մինչեւ այս պահը դահլիճում գտնվող անձինք չեն ենթակվում կարգադրիչների օրինական պահանջներին՝ չաղմկելու եւ նիստի կարգը չխանգարելու վերաբերյալ»,- նշած էր զեկուցագրի մեջ:

Հրապարակումից հետո դատավոր Մեսրոպ Մակյանն ասաց, որ երկու նիստ առաջ նույն իրավիճակը դատարանում ստեղծվելուց հետո դատարանը որոշում կայացրեց գործի քննությունը դռնփակ ռեժիմով անցկացնելու վերաբեյալ՝ հասարական կարգի պահպանութունն ապահովելու նպատակով եւ թույլատրեց, որպեսզի գործի քննությանը ներկա գտնվեն եւ հեռարձկեն օնլայն ռեժիմով ԶԼՄ բոլոր ներկայացուցիչները՝ դատական քննության հրապարակայնության անհարկի սահմանափակում թույլ չտալու նպատակով: Նա ասաց, որ դատարանը իր որոշումը վերանայեց՝ պաշտպանության կողմի դիտարկումներից եւ միջնորդություններից հետո, սակայն ինչպես արդեն իրադարձությունները ցույց են տալիս՝ այս վարքագիծը չարաշահվում է շարունակաբար եւ փորձում են ամեն կերպ խաթարել գործի քննության ընթացքը, ինչպես նաեւ խախտել հասարակական կարգը, ինչն ըստ դատավորի՝ անթույլատրելի է: «Դատարանը գտնում է, որ նման պայմաններում պետք է սահմանել այնպիսի ռեժիմ, որպեսզի գործի քննությունը իրականացվի համապատասխան քրեադատավարական օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանմամբ, դա դատարանի պարտականությունն է: Ուստի, դատարանը որոշում է գործի քննությունը դարձյալ իրականացնել դռնփակ ռեժիմով, մինչեւ դատաքննության ավարտ, սակայն թույլատրել, որպեսզի իրենց գործունեությունը շարունակեն իրականացնել լրատվամիջոցները, տեսանկարահանման, լուսանկարահանման միջոցով հեռարձակեն դատական նիստերը՝ այսպիսով բացառելով որոշ մարդկանց կողմից տարածվող այն լուրերը, թե իբր նշված գործընթացը դռնփակ ռեժիմով անցկացնելու հետ կապված իրականացվում է նրա համար, որպեսզի գործի քննությամբ օբյեկտիվ ճշմարտութունը չբացահայտվի, հրապարակայնությունն ապահոված կլինի լրատվամիջոցների միջոցով:

Կանխատեսելով նաեւ նրանց վարքագիծը եւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ դռնփակ ռեժիմով քննելու որոշումից հետո նրանք հրաժարվեցին դատական նիստերի դահլիճից հեռանալ, դատարանը գտնում է, որ նույն վարքագիծը պահպանվելու է, հետեւաբար որոշում է կայացնում հետաձգել գործի քննությունը»- ասաց Մեսրոպ Մակյան՝ այսպիսով հետաձգելով նիստը: