4 թեկնածու կպայքարի Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար

- in Կրթություն

Ավարտվել է Շիրակի պետական համալսարանի ռեկտորի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը: 4 թեկնածու է ներկայացել՝ Նազելի Ավետիսյանը, ով ՇՊՀ ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի փոխտնօրենն է, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Մանուշակ Կարապետյանը՝  ՇՊՀ ավագ դպրոցի փոխտնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, Անդրանիկ Սարգսյանը  ՇՊՀ  Մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ եւ Լուսինե Ֆլջյանը, որը «Եվրասիա» միջազգային համալսարանի օտար լեզուների եւ գրականության ամբիոնի պրոֆեսոր է, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Բոլոր թեկնածուներն, ըստ ՇՊՀ ՀԽ նախագահ Լեւոն Բարսեղյանի, ինքնառաջադրվել են:

«Բոլոր հավակնորդները ներկայացրել են մրցույթի հայտարարությամբ պահանջվող բոլոր փաստաթղթերը: Թեկնածուներից 2-ը խնդրել են Համալսարանի զարգացման հայեցակարգի իրենց ներկայացրած փակ փաթեթները բացել միայն այն դեպքում, եթե հստակեցվի, որ համապատասխանում են ռեկտորին ներկայացվող կանոնադրական պահանջին: Նրանցից մեկի դեպքում, կենսագրականի ուսումնասիրությունից եւ ՇՊՀ իրավախորհրդատուի հետ խորհրդակցելուց հետո որոշեցի, որ նա չի բավարարում վերոհիշյալ պահանջը եւ Հայեցակարգի փաթեթը չբացեցի»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:

Թեկածուներից մյուսի պարագայում ՇՊՀ իրավախորհրդատուի եւ ԿԳՆ իրավաբանական վարչության պետի հետ խորհրդակցելուց հետո հնարավոր չի եղել արագ հստակեցնել մրցույթին համապատասխան լինել-չլինելն, ուստի Լեւոն Բարսեղյանը գրավոր դիմել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին՝ խնդրելով ուսումնասիրել հավակնորդի կողմից ներկայացված փաթեթը: Թեկնածուին նաեւ բացատրվել է, որ իր շահերից է բխում ներկայացրած հայեցակարգային փաթեթի բացումը, ինչպես նաեւ դրա ուղարկելը հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին, որպեսզի մինչեւ մրցույթը ծանոթանալու հնարավորություն լինի: Հակառակ դեպքում, ՀԽ անդամները այդ փաթեթին ծանոթանալու շատ սահմանափակ ժամանակ կունենան՝ միայն մրցույթի ընթացքում, եւ այն դեպքում, եթե հավակնորդը ՀԽ որոշմամբ, ԿԳՆ եզրակացության հիման վրա գրանցվի որպես թեկնածու: Թեկնածուն, սակայն, ըստ Բարսեղյանի, հայեցակարգային փաթեթը բացելու թույլտվություն չի տվել:

ՇՊՀ ռեկտորի պաշտոնի համար հայտարարված մրցույթը կկայանա 2019 թ. մարտի 2-ին, ժամը 12-ին, համալսարանի դահլիճում: Մրցույթը լինելու է բաց համալսարանի աշխատակիցների, ուսանողների եւ ԶԼՄ-ների համար: Սա նախադեպը չունեցող երեւույթ է, քանի որ, ըստ Լեւոն Բարսեղյանի, տարիներ շարունակ մրցույթը եղել է մեկ «անկրկնելի» եւ «դաբրոյավոր» թեկնածուի համար նախապատրաստված եւ անցել է փակ ընթացակարգերով: «Խնդրում եմ գնահատել այս ջանքերն ու տեխնիկական առաջընթացը, չհարցնել, թե հավակնորդներից որ մեկն է ում հովանավորյալը, կամ «դաբրո» ստացածը: Իմ ունեցած հեղինակությամբ երաշխավորում եմ, որ չկա նման կամ այլ արտաօրինական պայման կամ նախապայման: Հեշտ չէ ՇՊՀ այս ճգնաժամային իրավիճակում այսպիսի մրցույթ կազմակերպելն ու անցկացնելը, բայց մենք պետության զավթում, սերժաբարո ժամանակներ տեսած ժողովուրդ ենք, պարտավոր ենք հաղթահարել եւ կհաղթահարենք»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments