Կիրակնօրյա ընթերցումներ. 

Ինչպես միշտ, այդ նույն ժամին, Լորետոյի համակուրսեցի Մարտա Բոները քայլում էր դեպի Մայր տաճարի հրապարակ: Ոտքերը թեթևակիորեն քարշ էր տալիս: Բոլոր տրամվայները լեփ-լեցուն էին: Ցավոք, այդ ժամին միշտ այդպես էր լինում:
Մայրամուտ էր, մարտ ամսվա լուսաշող մայրամուտ: Տաքուկ և արտացոլումներով հարուստ օդը մարդկանց դեմքերը վարդագույն էր ներկում, գեղեցիկ կանանց դեմքերն առավել սիրունատես դարձնում:

Գեղեցկուհի Մարտա Բոներն այլևս նախկինը չէր: Հագին սև, երկար վերարկու էր, որն արդեն վաղուց մոդայիկ չէր: Գլխին սև թաղիքից գլխարկ էր քաշել, իսկ ձեռքերին հյուսածո սև ձեռնոցներ էին: Ավարտել էր աշխատանքային օրը ուղեբեռների տեղափոխման գրա-սենյակում և վերադառնում էր Դոգանա փողոցի իր վարձով մեկ սենյականոց բնակարանը: Վեց թե յոթ տարի է, ինչ հաշվապահ էր աշխատում այդ գրասենյակում, այսինքն այն ժամանակից սկսած, երբ բաժանվել էր և հպարտությունից դրդված` ոչ մի գրոշ, ոչ մի կահույքի կտոր և ոչ էլ մի սավան անգամ ամուսնուց չէր պահանջել: Բնակարանն անհրապույր, աղքատիկ մի սենյակ էր, որը և՛ խոհանոց էր, և՛ ննջարան: Այն հարևանի ճաշասենյակից բաժանված էր տախտակե միջնորմով, և նա ստիպված էր լսել երեխաների ճիչերը, աթոռների տեղաշարժի աղմուկն ու դրացի կանանց անհամ բամբասանքները:

Վեց թե յոթ տարի առաջ իրեն կարող էր դեռ երիտասարդ համարել: Այժմ միջին տարիքը թանձր մոխրագույն մառախուղի վարագույրի նման քողարկում էր նրան միայն այն պատճառով, որ ընկել էր տնտեսական նեղության և սրտաճմլիկ իրավիճակի մեջ:

Մարտա Բոները երբեք զուր ժամանակ չէր վատնում խորհելու կամ տրտմելու վրա, բայց այդ ժամին, մարդաշատ փողոցով մեքենաների, մոտոցիկլետների ժխորի մեջ նրա ուշքն ու միտքը պետք է զբաղված լինեին մի հոգսով` ինչպես փրկվել տրանսպորտի սպառնալիքից, մանավարդ որ հասել էր խաչմերուկի:

Այսօր Միլանի փողոցներով քայլել, նշանակում է զգոն լինել և սեփական անձը վրաերթից պաշտպանելու համար աչքի տակով ու ականջի ծայրով անդադար հսկել շրջապատը: Բնական է, որ բնազդական և իմացական նման անհրաժեշտությանը ենթարկված Մարտա Բոները, բոլոր տարաբախտների նման, նույնպես սիրում էր կյանքը, թեպետ այլևս սպասելիքներ չունենալով` կնախընտրեր բեռնատարի տակ նետվել, քան վերադառնալ Դոգանա փողոցի խղճուկ սենյակը, որը նույնիսկ իրենը չէր:

Երկար տարիներ ամուսնու հետ բնակվել էր կենտրոնում` Պիացցա Կաստելլո հրապարակի շքեղ կահավորված, լուսավոր, ընդարձակ բնակարանում, որտեղ անպակաս էին վիճաբանությունները: Տե՜ր Աստված, ինչե՜ր քաշեց… Անտանելի կյանք, անտանելի մարդ: Ճիշտը որ ասենք, նենգամիտ չէր, սակայն կատաղի էր, անզիջում բռնակալ: Անվերջ վեճերի պատճառով իր բնավորությունն էլ էր փչացել, դարձել էր չար ու դյուրագրգիռ, համոզված էր, որ ամուսնուն ատում է ցմահ: Հետո էլ դարակում պատահաբար գտած նամակը, այո, այն հիմար նամակը, որը գրել էր գրասենյակի քարտուղարուհին:

Ողորմելիներ: Ժամանակ անց, քննելով անցյալը, զգում էր, որ դրդապատճառները ցնդում են. դրանցից ոչ մեկը լուրջ ու հիմնավոր չի եղել, բայց ահա իր խելքից նախընտրել է օրվա ապրուստը վաստակելու հոգսը, վարձու անկողնում անցկացրած անքուն գիշերները: Ամուսինը դրամ էր առաջարկել: Հրաժարվել էր: Բարեկամներից մեկը նույնիսկ ակնարկել էր, որ եթե ինքը ցանկանա վերադառնալ, ամուսինը պատրաստ է ընդունել: Նա ապրում էր մենակ, Պիացցա Կաստելլո հրապարակի նույն բնակարանում: Տեսնես` ինչպես է դիմանում առանց վեճերի… Իսկ ի՞նքը… Ինչպես կարող է վերադառնալ, երբ այլ ճանապարհ է ընտրել…

Շրջվելով դեպի հատող փողոցը` հեծանվով մի տղա տեսավ, որը արագորեն սլանում էր դեպի իրեն: Անմիջապես հասկացավ, որ անհնար է բախումից խուսափել: Մաթեմատիկական ճշգրտությամբ հասկացավ: Պարզապես մի ակնթարթ էր դա, պայծառատեսորեն առկայծող մի ակնթարթ, երբ զգում ես, որ վրա է հասնում անբնական մահը:

Մարտա Բոները չմահացավ, նույնիսկ ծանր վնասվածքներ չստացավ: Հարվածը, որի պատճառով նա գետնին էր ընկել, վնասել էր ուսն ու վիրավորել ձեռքը: Կիսաուշաթափ դեմքին պահպանվում էր շփոթմունքը, վերստին մտաբերում էր հեծանվորդի վազքը, որն իր վրա էր շարժվում թեթև, թևավոր, ահագնորեն մեծանալով, մինչև որ ժայռի ուժգնությամբ հարվածեց: Այդպե՜ս թեթև, այդպե՜ս ծանր:

— Բան չի պատահել, տիկին, ձեզ ամուր պահեք:

Ո՞վ էր ասողը: Տարան մոտակա դեղատունը` արյունոտ ձեռքը վիրակապելու, նաև համոզվելու համար, որ ոչ մի լուրջ բան չէր պատահել: Մի բաժակ կոնյակ խմեցրին, հետո երկու պարոն օգնեցին մեքենա բարձրանալ: Նրանցից մեկը գրկեց նրան, մյուսը` ղեկին նստեց:

Հարցրեցին անունը և հասցեն:

Ասես մշուշի մեջ մի կերպ կարողացավ հիշողությունը տեղը բերել: Բառերը մարմնի խորքերից դողդողալով ելան դեպի կոկորդը: Մի պահ հետո փակ աչքերով շշնջաց.

— Յակովաչչի: Պիացցա Կաստելլո հրապարակ, թիվ ութ:

***
Երբ դռնապահուհին, երեք հարկ վազելով, կարևոր լուրից շնչահեղձ, Մադալենային հայտնեց, որ իրենց տիրուհին հեծանվային արկածի է ենթարկվել և հիմա աստիճաններով վեր է բարձրանում երկու տղամարդկանց ուղեկցությամբ, սպասուհին զարմանքից ապշահար, սրտատրոփ դուրս եկավ սանդղահարթակ:

Եվ տեղնուտեղը մտածեց. «Սա Աստծո կամքն է»:

Խենթության ժամանակից ի վեր (այդպես էր նա անվանում Յակովաչչի զույգի ամուսնալուծությունը) մնացել էր այդ տանը և իրեն համարում էր սրբապղծության մեղսակից: Ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է բաժանվել: Որքան էլ ծանր լինի այն ամուսինների համար, ովքեր հաշտ չեն, ոչ մի դեպքում շղթան պետք չէ կտրել: Գժտվել, այո, սակայն բաժանվել` երբեք:

Նա ամուսնացած չէր:

Ճիշտ էր, որ տիկինը վաղ թե ուշ պիտի վերադառնար, ի՜նչ էլ վատ տեսք ունի: Թերևս որոշ պատիժ պիտի կրեր, միայն թե ամեն բան լավ վերջանա:

Տիրուհուն գրկաբաց դիմավորեց, և երբ երկու բարետես տղամարդիկ հեռացան, ամբողջովին նվիրվեց նրան, օգնեց հասնել ննջասենյակ, որտեղ ոչինչ չէր
փոխվել: Հանեց զգեստները և պառկեցրեց անկողնում:

— Ոչ մի կոտրվածք չունեք, տիկին: Փառք քեզ Աստված: Հիմա դուք ձեր տանն եք: Սուրճ պատրաստե՞մ:

Անցավ հարևան սենյակը` բժիշկ կանչելու: Մտքովն իսկ չանցավ տիրոջ աշխատանոցը զանգահարել: Սովորական ժամին տուն վերադառնալով` նա կնոջը կտեսնի իր տանը: Ամեն բան մտածված էր: Ի՞նչ կարող էր ասել կամ անել այդ դեպքում… Չէ՞ որ մի օր, հոգևորականի առջև կանգնած, նրա մատին մատանի էր հագցրել: Ամեն ինչ օրինաչափ էր:

Չէր կարողանում հանդարտվել, տիկնոջ ջերմությունը մի քիչ բարձր էր: Ջղային էր վնասվածքի պատճառով, բայց ի՜նչ մեծ հաճույքով էր ոսկորները պարզել ամուսնական ընդարձակ անկողնում… Հաշվապահ, միջահասակ տիկին Մարտա Բոները մինչև թոշակի անցնելը այլևս մենակ չէր մնալու: Այդ նույն անկողնում նորահարս էր, երբ լույս աշխարհ բերեց իր առաջնեկին: Որոշ ժամանակ անց երեխան մահացավ: Բոլոր վեճերն ու անհաշտությունն այդ կորստի հետևանքով եղան:

Կանաչ քողով պատված լուսամփոփի ներքո (նույնը, ինչ շատ տարիներ առաջ էր) տիկնոջ լայն բացած աչքերում մեկ առ մեկ հառնում էին ընտանեկան պատկերները: Ո՞վ գիտի, գուցե և երբեք էլ, բառիս բուն իմաստով, իրենք չեն էլ բաժանվել: Այն ցածր ջերմությունը հորդաց երակներով: Խաղաղ, երջանկաբեր մի պատրանք վեր էր բարձրանում դեպի ուղեղը: Տարօրինակ էր, սակայն նրան չէր մտահոգում ամուսնու վերադարձը:

Ի դեպ, որոշակի ժամին ամուսինը ներս մտավ և քայլերն ուղղեց դեպի ննջասենյակ: Ցածրահասակ էր, վտիտ, ջղային, սրածայր մորուքով, փայլող, խորաթափանց աչքերով, որոնք կարծես ասեղներ լինեին:

Մինչ այդ արդեն խոսել էր Մադալենայի հետ: Դողում էր, սակայն ոչ այնքան ակնառու: Տիկնոջը դիմելով` միայն ասաց.

— Շա՞տ ես վնասվել…

Նա պատասխանեց.

— Օ՜, ո՜չ, շնորհակալություն:

Այդքանը:

Շատ բան իր տեղն էր ընկնում, քանի դեռ երկուսի միջև լռություն էր տիրում: Բարդ իրավիճակ էր: Անհրաժեշտ միակ բառը թերևս կարող էր լռությունը խախտել:

Տհաճ հիշողության յուրաքանչյուր պատառիկ, յուրաքանչյուր վեճ սուզվում էր կանաչ քողով պատված ջահի լույսի մեջ: Երկուսն էլ հուշերին կամ քնքշանքներին տրվելուց շատ հեռու էին: Հոգնած էին, պարպված, անցյալը վերականգնելու կարողությունից զուրկ` իրար թիկունք դառնալու կարիք ունեին, նույնիսկ վերստին վիճելու և վեճից հետո ներում գտնելու համար:

Երկուստեք վստահ էին, որ, ամեն դեպքում, միասին են եզրագծին հասնելու:

Երկուսն էլ գիտեին պատճառը` կյանքի մի հանգրվանում են, որից հետո վրա է հասնում ծերությունը: Աստծո ահավոր պարգևն է ծերությունը, հասնել դրան մենակության մեջ անհնար է:

Իտալերենից թարգմանեց` Արա Զարյանը; «Գարուն», 2000, 2

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...