ԱԺ-ում ներկայացվեց նվազագույն կենսաթոշակի բարձրացման նախագիծը

- in Սոցիալական

Հայաստանում 18 հազար մարդու կենսաթոշակը կբարձրանա` դառնալով 25 հազար 500 դրամ: Պետությունը ներդնում Է նոր` նվազագույն կենսաթոշակի ինստիտուտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

«Պետական կենսաթոշակների մասին գործող օրենքի համաձայն կենսաթոշակի չափը ձևավորելու լիազորությունը վերապահված է կառավարությունը: Այդ չափանիշներն են հիմնական կենսաթոշակային չափն ու աշխատանքային ստաժի կամ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը: Այս նախագծով առաջարկվում է կենսաթոշակային համակարգում ներդնել նոր ինստիտուտ` նվազագույն կենսաթոշակի չափ: 25 հազար 500 դրամից պակաս կենսաթոշակ չի կարող վճարվել»,-ներկայացրեց Սմբատ Սաիյանը:

Այս նախաձեռնությունը կվերաբերի շուրջ է 18 հազար կենսաթոշակառուի: Սաիյանի խոսքով` ՀՀ-ում կան այդքան կենսաթոշակառուներ, ովքեր ստանում են ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ:

Սաիյանի տեղեկացմամբ` այս փոփոխությունը պետական բյուջեում կբերի շուրջ 800 մլն ծախսի ավելացման:«Սակայն սա արտացոլում է կառավարության այն քաղաքականության, որն ամրագրվել է կառավարության ծրագրում: Համապատասխան այդ ծրագրի` նախատեսվում է որպես թիրախային նպատակ իսպառ բացառել աղքատությունը»,-նշեց փոխնախարարը:

Օրենքն ընդունվելուց հետո հունվարի 1-ից ստացած փաստացի կենսաթոշակի և նվազագույն կենսաթոշակի չափի տարբերությունը կփոխհատուցվի այդ անձանց: