Ալեն Սիմոնյանը խոստացավ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների խնդիրները քննարկել գործադիրի անդամների հետ

- in Հասարակություն

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին մոտեցավ և նրանց բարձրացրած խնդիրները լսեց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գազավորված ըմպելիք արտադրող ընկերություններից մեկի ներկայացուցիչն Ալեն Սիմոնյանին ներկայացրեց իրենց դժգոհությունները կապված Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխության հետ, որի համաձայն՝ գազավորված ըմպելիքները հարկվելու են ակցիզային հարկով: Նա ընդգծեց, որ ֆինանսների նախարարությունից որոշումը հիմնավորել են նրանով, որ գազավորված ըմպելիքների արտադրությունը ենթադրում է վնասակար սպառում՝ ընդգծելով, որ չեն հասկանում, թե ինչից է ֆինանսների նախարարությունը որոշել, որ գազավորված ըմպելիքի արտադրությունը ենթադրում է վնասակար սպառում:

«Հայ Կոլա» ընկերության ներկայացուցիչը նշեց, որ Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունը կյանքի կոչելու դեպքում իրենց արտադրանքը թանկանալու է, ինչը հանգեցնելու է սպառման նվազման, իսկ սպառման նվազելու դեպքում ԱԱՀ  չեն կարողանալու վճարել, եկամտահարկը նվազելու է, շահութահարկ չեն ունենա, որովհետև եկամուտ չեն ունենալու, ինչն էլ հանգեցնելու է ընկերության սնանկացմանը:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ օրենքի նախագիծն Ազգային ժողով դեռ չի եկել, բայց խոստացավ գործադիրի ներկայացուցիչների հետ քննարկել խնդիրը: «Ես նրանց հետ կքննարկեմ, կներկայացնեմ, որ խնդիր կա, ինչից հետո հիմնավորումները կլինեն»,- ասաց Սիմոնյանը:

Նա խնդրեց «Հայ կոլա» ընկերության ներկայացուցչի հեռախոսահամարը՝ խոստանալով գործադիրի անդամների հետ քննարկումից հետո կապ հաստատել նրա հետ: «Ես կփոխանցեմ խնդիրը, հենց նորություն լինի, կհայտնեմ: Ես մի բան եմ ուզում ասեմ. այն, ինչ Դուք հիմա ներկայացնում եք, ընդամենը նախագիծ է: Լավ եք անում, որ բարձրաձայնում եք խնդիրը, բայց սա չի նշանակում, որ այս նախագիծը միանշանակ ընդունվելու է, կան քննարկումներ և այնպես չէ, որ փոփոխություններ չեն լինելու»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաև գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցների բարձրաձայնած խնդիրներին: Գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցներն էլ բողոքում են «Պետական տուրքի մասին» օրենքում սպասվող փոփոխությունից, որով նախատեսվում է գրավատների համար տարեկան պետական տուրքը գործող 100 հազար դրամից ավելացնել 60 անգամ՝ դարձնելով 6 միլիոն դրամ, իսկ փոխանակման կետերի տարեկան տուրքը գործող 50 հազար դրամից դարձնել 3 միլիոն դրամ: Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ այդ խնդիրն էլ ուսումնասիրել է, և կարծում է, որ այդտեղ անելիքներ կան: «Այսօր ժամը 14:00-14:30 խնդրի հետ կապված հանդիպում ունեմ մասնագետի հետ: Խնդրել եմ, որպեսզի մասնագետը գա քննարկենք, հասկանանք, թե ինչ կարելի է անել»,- ասաց նա:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...