Անվախճան գերդաստանի պատմությունը – Լուսանկարներ

- in Մշակույթ
Sharl Aznavur

Գերդաստանիդ տոհմածառը կազմելը շնորհակալ ու անգնահատելի գործ է: Ստացվել է այնպես, որ մի օր ես հյուր գնացի բարեկամիս՝ Վահան Մելիք- Օհանջանյանի տուն, որտեղ տեսա պատից կախված տոհմածառը:

Գեղեցիկ գծապատկերով այդ կազմել էր ինքը՝ Վահան Մելիք-Օհանջանյանը: Նա այն մարդն էր, որից տոհմածառը ստույգ տեղեկություններ իմացա ստեղծագործ Մելիք-Օհանջանյանների տոհմի մասին: Վահանի մասին խոսելիս կարելի է ասել, որ չափից դուրս համեստությունը ոչ այլ ինչ է, քան թաքնված հարստություն: Նրան լսելիս հասկանում ես, թե որքան հարուստ է ու երջանիկ իր գերդաստանի մեծերով: Վահանը խորին հարգանքով ու ակնածանքով է խոսում նրանց մասին: Նա այն կարծիքին է, որ մարդկային պատիվը իմաստության անկյունաքարն է և դրա հետ պետք է շիտակ վարվել:

Ըստ տոհմածառի՝ տոհմի հիմնադիրն է եղել Ղարագյոզ իշխանը, որը Շահ Աբաս 2-րդի իշխանության օրոք (1641- 1666) հիմնադրել է Մակիդի գյուղը, հետագայում հիմնել է ևս 8 գյուղ, ստեղծել է Քեյվանյան Մելիքությունը: 1819 թ. Շահի հետապնդումների պատճառով Մելիք Գավրիլը իր որդիների՝ Կարապետի, Գևորգի և Հովհաննեսի հետ ճարահատյալ տեղափոխվում է Զանգեզուր, փոքրիշատե ապահով տեղ, նախ՝ Շիշկերտ, այնուհետ վերջնականապես հաստատվում են Մեղրու Կալեր գյուղում: 1860-ական թվականներին Գավրիլի որդի Գևորգ Բեկը, լինելով արդեն գավառական քարտուղար, դիմում է Երևանի բեկական հանձնաժողովին՝ իրենց Մելիքական տոհմի պատկանելությունը հաստատելու նպատակով, ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք պահպանվել են Պարսկաստանից տեղափոխվելուց հետո: Մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո հանձնաժողովը հաստատում է, որ իրոք Գևորգ Մելիք-Օհանջանյանը սերում է Ղարագյոզի տոհմից և նրանք պիտի օգտվեն այդ տիտղոսներից, որ դրանից զրկված չեն եղել և դա իրենց իրավունքն է: Այդ փաստի վերաբերյալ մինչև այսօր պահպանվել են բեկական հանձնաժողովի արձանագրությունները և որոշումները, ստորագրված և կնքված իշխան Ս. Թումանովի և նոտար Դ. Սարումովի կողմից՝ 1865 թ. Սեպտեմբերի 27-ին:

Ուշագրավ է Մելիք-Օհանջանյան տոհմածառի ճյուղերից մեկի՝ Լևոնի ճակատագիրը, որը ադմիրալ Ա. Կոլչակի զորամիավորման դատախազությունում զինդատախազ էր: 1920 թ. Սպիտակգվարդիականների հետ փախել է Խարբին (Չինաստան), որտեղ էլ կնքել է մահկանացուն: Մինչ փախչելը հասցրել է կնոջը և դստերը հասցնել Փարիզ, ուր և նրանք վախճանվել են՝ այլևս չտեսնելով Լևոնին:

Փարսադան Մելիք-Օհանջանյանը եղել է անվանի իրավաբան: 1880 թ. Օդեսայի Ուլրիխի հրատարակչությունում լույս է ընծայվել Փարսադանի աշխատությունը <<Разграничение подсудимости коммерческих судов>>, զբաղեցրել Էջմիածնի սինոդի դատախազի պաշտոնը: Նա ժառանգ չի ունեցել, իր եղբոր՝ Աղաբեկի 5 որդիներին՝ Բագրատին, Վահանին, Միքայելին, Արտաշեսին և Կարապետին Մեղրու Կալեր Գյուղից տեղափոխում է Երևան և ուսման տալիս Խ. Աբովյանի անվան գիմնազիա: Նրանցից Միքայելը ցարական սպա էր, Գարեգին Նժդեհի զինակիցը և ընկերը:

1936 թ.  գնդակահարվում է։ Արտաշեսը  նույնպես  ստալինյան  ռեժիմի  տուժածներից  է,  աքսորվում  է  Սիբիր,  Բագրատը  դառնում  է  ՀՀ  վաստակավոր  բժիշկ,  իսկ  Վահանը՝  ՀՀ  վաստակավոր  գյուղատնտես:  Տոհմի  ականավոր  ներկայացուցիչ  Կարապետը    գիմնազիայից  հետո  1913 թ.  գերազանց  ավարտում  է  Մոսկվայի  Լազարյան  ճեմարանը    և  ուսանողական  խորհրդի  որոշմամբ  գործուղվում  Գերմանիա,  որտեղ  ազատ  ունկնդիր  էր  անվանի  արևելագետ  Յոզեֆ  Մարկվարտի  մոտ:  Բեռլինում  մտերմանում  է  Ավ,  Իսահակյանի  հետ, նրանք որոշ  ժամանակ  ապրել  են  նույն տանը  և  այդ  ջերմ  հարաբերությունների  մասին    են վկայում Ավ. Իսահակյանի պահպանված  նամակները՝  Ժնևից  հասցեագրված   Փարսադան  Մելիք-Օհանջանյանին՝  Կարապետի  հորեղբորը:

Բեռլինից Հայաստան վերադառնալուց  հետո  Կ. Մելիք-Օհանջանյանը  շարունակել  է   իր  գիտական  և  ստեղծագործական  կյանքը: 1921 թ.  նշանակվել  է  հանրապետության  1-ին  գիտական  հիմնարկի՝ Էջմիածնի գիտական ինստիտուտի  նախագահ, զբաղվել  է  մանկավարժական   աշխատանքով՝ դասախոսելով  Երևանի  Պետական համալսարանում  և  Մանկավարժական  ինստիտուտում: 30-ական  թվականներից  սկսած  մեծանուն  հայագետ  Մ.  Աբեղյանի  հետ  հաջողությամբ  իրականացրել  է  Սասնա  Ծռերի  գիտական  հրատարակությունը  (Հ. 1, 1936 թ., հ. 2 1944 թ. և 1951 թ.):  Ինչպես  վկայում  է  հայկական  մեծ  Հանրագիտարանը,  նա  գրի  է  առել  Սասնա  Ծռերի   ութ  նոր  պատում,  ռուսերեն  է  թարգմանել  Սասնա  Ծռերի 10  ընտիր  պատում՝  ընդարձակ ուսումնասիրությամբ և հարուստ  ծանոթագրություններով:  Վահան  Մելիք-Օհանջանյանի  եռանդուն  ջանքերով  2008 թ.  Այդ  աշխատությունները  հրատարակվել  են  հայերեն  և  ռուսերեն՝  զուգահեռ  տարբերակով,  իսկ  2015 թ.  հրատարակվել  է  արդեն  ֆրանսերեն:


Տեղին  է  նշել,  որ  չափազանց  մեծ  է  Կ.  Մելիք-Օհանջանյանի  վաստակը  հայ  հին  գրականության  հետազոտման  և  գրապատմական  հուշարձանների  գիտական  հրատարակության  բնագավառում:

Հիշենք մեծանուն հայագետի «Ագաթանգեղոսի բանահյուսական աղբյուրների հարցի շուրջը» հոդվածը, «Միհրը Սասնա Ծռերում», «Պատմություն Փարիզի և Վիեննայի մասին», «Շահնամեի մոտիվները», Կիրակոս Գանձակեցու «Պատմություն հայոց» աշխատությունները, Կորյունի «Վարք Մաշտոցին» և Մ. Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմության» ռուսերեն թարգմանությունները և այլն: 1968 թ. տպագրվել է Կ. Մելիք-Օհանջանյանի «Զիա Բունիաթովի գրական-պատմական հայեցակարգը» հոդվածը, որում քննության է առել «Ադրբեջանը 7 – 9-րդ դարերում» աշխատությունը, ցույց տալով դրա գիտական սնանկությունը՝ Զ. Բունիաթովին անվանելով կեղծ գիտնական և ուրիշների մտքերի կոլեկցիոներ:

Տոհմի  ներկայացուցիչներից վառ անհատականություն է եղել Կարապետի եղբոր՝ Ավետիսի  որդին՝ Յուրի Մելիք–Օհանջանյանը, որը եղել է Խորհրդային Հայաստանի մշակույթի վերջին նախարարը: Իր պաշտոնավարման օրոք Հայաստանի մշակութային կյանքն ապրել է նոր վերելք: Նա մեծ ներդրում է ունեցել Հայաստանի մշակույթի մեջ՝ ներկայացնելով այն ոչ միայն ԽՍՀՄ տարածքում, այլ նաև Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մխիթարյանների միաբանությունում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր:

1987 թ-. Զավեն Սարգսյանի և Սերգեյ Փարաջանովի նախաձեռնությամբ սկսվել է Ս. Փարաջանովի անվան թանգարանի ստեղծման գործընթացը, և հենց Յուրի Մելիք-Օհանջանյանի պաշտոնավարման ժամանակ  բացվել է հայ հանճարի թանգարանը, որի տնօրենն է մինչ այսօր Զավեն Սարգսյանը, մնալով նվիրյալ հայ մշակույթին և արվեստին:

Ցավալի է, որ 2018 թ հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացավ Յու. Մելիք – Օհանջանյանի մտերիմ ընկեր Շառլ Ազնավուրը, իսկ դեկտեմբերի 17-ին մահկանացուն կնքեց նաև Յու. Մելիք- Օհանջանյանը:

Այսօր  էլ  մեր  կողքին  կա,  ապրում  ու  արարում  է  Մելիք-Օհանջանյանների  կրտսեր  սերունդը,  նրանք  լրացնում  են  իրենց  ապուպապերի  շնորհակալ  ու  մարդկային  գործը: Տոհմի  շառավիղները  օժտված  են  աշխատասեր,  հայրենասեր,  մեծ  մտքի  տեր  մարդու  առաքինություններով:

Նարեկ Հովհաննիսյան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...