Աշտարակի Մուղնի թաղամասում բացվեց Ալեքսանդր Հարությունյանի հուշատախտակը. Տեսանյութեր

Այս տարի մարտի 5-ին լրացավ իրավագիտության անվանի պրոֆեսոր Ալեքսանդր Հարությունյանի 80 ամյակը, իսկ այսօր՝ մարտի 9-ին, Աշտարակի Մուղնի թաղամասի փողոցներից մեկում, որտեղ նաև Ալեքսանդր Վռամի Հարությունյանի տունն է, հուշատախտակի բացման արարողություն տեղի ունեցավ՝ նրա որդու Վռամ Հարությունյանի և թոռնիկի՝ Ալեքսանդր կրտսեր Հարությունյանի ձեռամբ:

2017 թվականին Աշտարակ քաղաքի ավագանին որոշում ընդունեց Մուղնի թաղամասի փողոցներից մեկն անվանակոչել  Ալեքսանդր Վռամի Հարությունյանի անունով:

Ալեքսանդր Վռամի Հարությունյանը ծնվել է 1939 թվականի մարտի 5-ին Լենինական քաղաքում: Իր ակտիվ աշխատանքային գործունեությունը սկսել է 1956 թ.-ից: Նա ավարտել է Երևանի Պետական համալսարանի Իրավաբանական ֆակուլտետը: Նա իրավաբանական գիտությունների թեկնածու, դոկտոր պրոֆեսոր է: Լինելով իրավագետ, նա ստացել է  նաև ձեռագրագետ փորձագետի որակավորում, բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ և համահեղինակ է:

1991 թ.-ից մինչ իր մահը Ալեքսանդր Հարությունյանը եղել է Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտի ռեկտոր, ինչպես նաև մի շարք ոչ պետական ուսումնական հաստատությունների ղեկավար և հիմնադիր: Ալեքսանդր Հարությունյանը մահացել է 2006 թ.-ի նոյեմբերի 30-ին:

Այսօրվա արարողության մասին մանրամասն՝ տեսանյութերում.

Ալեքսանդր Հարությունյանի գործընկեր Իռեն Հակոբյանը նաև մեզ հետ կիսվում է իր հիշողություններով.