Առաջին ծանր երկխոսությունը․ Փաշինյանն ու Ալիեւը կհանդիպեն Վիեննայում

- in Պաշտոնական

Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենը Վիեննայում մարտի 29-ին նախատեսում է առանձին-առանձին հանդիպումներ անցկացնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։

Այս մասին հայտնում են Ավստրիայի նախագահի մամուլի ծառայությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ն ու հավելում, որ Ավստրիայի նախագահն առաջինը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ։

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը մեզ հետ զրույցում ոչ հաստատեց, ոչ հերքեց այս տեղեկատվությունը՝ միայն նշելով․ «Մենք համաձայնեցված կարգով հանդես կգանք հայտարարությամբ երկու երկրների ղեկավարների միջեւ հանդիպման մասին»։ Հանդիպման մասին այլ մանրամասներ նա չհաղորդեց։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպման մասին հայտնել էին նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։ Այնուհետեւ այդ տեղեկատվությունը հաստատեցին Երեւանն ու Բաքուն։

Ավելի ուշ Իրանում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ալիեւի հետ առաջին պաշտոնական հանդիպումը լինելու է «առանց օրակարգի»։

«Պետք է հանդիպում ունենանք Ադրբեջանի նախագահի հետ: Դա լինելու է առանց օրակարգի հանդիպում, բայց դրա կարևոր ուղենիշներից մեկը լինելու է բանակցային ֆորմատի քննարկումը: Քանի դեռ ֆորմատի վերաբերյալ համաձայնություն ձեռք չենք բերել, շփումները պաշտոնական բանակցություններ համարել չի կարելի», – ասել էր Փաշինյանը։

Իսկ Ստեփանակերտում տեղի ունեցած երկու հայկական պետությունների ԱԽ համատեղ նիստի ժամանակ Հայաստանի առաջնորդը կրկին պնդեց Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու անհրաժշտությունը եւ Մադրիդյան սկզբունքների հստակեցման անհրաժեշտությունը։

Փորձագետների կարծիքով, դատելով Հայաստանի առաջ քաշած խնդիրներից եւ Ստեփանակերտի՝ բանակցությունների լիիրավ կողմ դառնալու հեռանկարին Բաքվի կատեգորիկ անհամաձայնությունից, կարելի է ենթադրել, որ Վիեննայում Փաշինյանի ու Ալիեւի միջեւ տեղի է ունենալու առաջին ծանր երկխոսությունը։