Ավելի քան 65 հազար կին ու երեխա․ Դաեշի զինյալների ընտանիքների մշուշոտ ապագան

- in Սոցիալական
DAISH

Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են վերջին մարտերը մղել ընդդեմ ծայրահեղական Դաեշ խմբավորման վերջին դիրքի, գյուղ, որտեղից վերջին օրերի ընթացքում տարհանվել է ավելի քան 65 հազար կին ու երեխա:

Վերջին օրերի ընթացքում ծայրահեղական Դաեշի վերջին դիրքերից տարհանվել են տասնյակ հազարավոր կանայք ու երեխաներ: Նրանց մեծամասնությունն ինչ որ կերպ կապ ունեն այդ խմբի զինյալների հետ: Մի մասը նրանց կանայք են, մի մասը` այրիներն ու երեխաները, որոնցից շատերն այսօր էլ Դաեշի նկատմամբ իրենց հավատը չեն կորցրել, հայտնում է Ամերիկայի ձայնը։

Ումմ Մոհամեդն օրինակ ասում է, թե ինքը վստահ է, որ Դաեշը ճիշտ էր անում իր թշնամիներին սպանելով, եւ հույս ունի, որ իր հինգ երեխաները մեծանալուց հետո հետեւելու են իրենց հոր օրինակին: ‘’Նրանք սիրում են Իսլամական պետությունը’’, ասում է նա:

Իսկ նրանց օգնություն հատկացնող կազմակերպությունների անդամներն ասում են, թե այս անձանց ծայրահեղական տրամադրությունների դեմ իրենք իրենց պայքարը տանում են մարդասիրական մոտեցում ցուցաբերելով, ապացուցելով, որ իրենք նրանց թշնամիները չեն:

Ծանր պայմանների արդյունքում սակայն վերջին մի քանի օրերի ընթացքում նրանց համար պատրաստված ճամբարում ավելի քան հարյուր մարդ է մահացել, մեծ մասը երեխաներ:

Ինչպես ճամբարի պատասխանատուներն են ասում, իրենք այժմ հայտվել են արտակարգ իրավիճակում, երբ շարունակ աճում է այստեղ ժամանողների թիվը:

Դաեշի, այսպես կոչված ‘’Իսլամական պետություն’’ խմբավորման այն ընտանիքները, որոնք կրում են այլ երկրների քաղաքացիություն, պահվում են առանձին: Նրանք սպասում են իմանալու համար, թե արդյոք այդ երկրներն իրենց թույլ տալիս են վերադառնալ:

Պարզ չէ նաեւ սիրիացի եւ իրաքցի ընտանիքների ապագան: Չէ որ նրանց կարող են չընդունել նաեւ իրենց հարազատ քաղաքներում ու գյուղերում, իրենց ամուսինների կողմից այստեղ իրականացված սպանությունների ու ավերածությունների պատճառով:

Ինչպես այս ճամբարի պատասխանատուներն են ասում, դա նրանց ապագայի խնդիրն է: Ներկա խնդիրն այս ճամբարում հարմարվելն է: