Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԵՊՀ ռեկտորի կողմից պրոռեկտորին աշխատանքից ազատելու հարցին:

«Մենք կռիվ-կռիվ չենք խաղում, որ մերոնցական ու ձերոնցական լինեն: Բուհի խորհուրդն ինքը, բուհի գիտխորհուրդը պետք է որոշի, դա բուհի ներքին խնդիրներն են: Եթե որոշվել է, որ պետք է շարունակի մի մարդ, ով պետք է շարունակի դեգրադացնել բուհը, ապա բուհի ներքին խնդիրն է»,- ասաց Արայիկ Հարությունյանը: Հարցին, թե այսինքն՝ ԿԳ նախարարն անելիք չունի՞, եթե, իր խոսքով, դեգրադացիա է բուհում, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ նախկինում էլ չուներ անելիք: Ձևավորվել է խորհուրդ, թող խորհուրդն էլ որոշի:

Անդրադառնալով այն հարցին, որ պրոռեկտորը նշել էր, որ իրեն հեռացրել են այն բանի համար, որ չեն վստահում, քանի որ հանդիպում է ունեցել իշխանության ներկայացուցիչների հետ, Արայիկ Հարությունյանը պատասխանեց, որ իր հետ պրոռեկտորը չի հանդիպել: «Ես պարոն Գևորգյանին տեսել եմ մի քանի ամիս առաջ հոգեհանգիստներից մեկի ժամանակ: Դատարանն անկախ է, և պարոն Գևորգյանը կարող է իր իրավունքները վերականգնել դատարանի միջոցով»,- նշեց նա:

Նա անդրադարձավ նաև բհերի խորհուրդների հարցին, ասաց. «Լրատվամիջոցներից ոմանք իրենք իրենց չհերքեցին, երբ նախկինում ասում էին, որ մենք ՔՊ-ականներով ենք լցնում խորհուրդները: Հիմա տեսնում եք, որ նման բան չկա: Եվ ցավում եմ, որ մի բան գրում եք, հետո մեկ այլ դրական փոփոխությանը չեք անդրադառնում: Եվ եթե ուզենայինք մոնոլիտ անել, այո, կլցնեինք ՔՊ-ականներով և մեր մարդկանցով և կունենայինք մոնոլիտ քվեարկություններ: Մենք չենք ուզում այդպես զարգացնել բուհերը: Բուհերի խորհուրդներում պետք է լինեն մարդիկ, որոնք ունենք իրենց կարծիքը, ովքեր բիզնեսի ներկայացուցիչ են և աշխատաշուկայի հետ կկապեն բուհը»:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշատական հանձնաժողովի այսօրվա նիստում դրական եզրակացություն տրվեց օրենսդրական նախաձեռնությնը, ըստ որի՝ արգելվելու է կուրսային ու դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը, սահմանվելու են տուգանքներ:

Հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը հանձնաժողովի նիստում ներկայացրեց նման ծառայություններ մատուցող ընկերությունների սահմանած գները: Նրա խոսքով՝ մեր կրթական համակարգի համար ամոթ է նման պատկեր ունենալը: «Սրա վերջնական լուծումը գտնվում է բուհերում, սա պետք է հստակ ֆիքսենք: Բուհերը պետք է ներդնեն հակապլագիատ գործիքներ»,- ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ բուհերը պետք է ներդնեն էլեկտրոնային գործիքներ, որոնք ունեն աշխարհի բոլոր բարձրակարգ համալսարանները, իսկ Հայաստանում նաև Ամերիկյան ու Ֆրանսիական համալսարանները: «Հայաստանում ևս նման մի ծրագիր ժամանակին մշակվել է Ագրարային համալսարանի ղեկավարությամբ, այսինքն՝ մեր սեփական պրոդուկտն ունենք: Հետո այդ համակարգի մեջ յուրաքանչյուր դասախոս ներդնում  է իր անհատական ուսուցման ծրագիրը, կրթական ծրագրի մեջ հստակ նշվում են պահանջները: Այստեղ ներբեռնվում է հակապլագիատ գործիքը: Յուրաքանչյուր ուսանող, երբ ներբեռնում է իր աշխատանքը տվյալ համակարգի միջոցով, դասախոսը տեսնում է քանի տոկոս պլագիատ կա»,- մանրամասնեց պատգամավորը՝ հավելելով, որ այդ հարցը առաջիկա մեկ տարում կարելի է լուծել, եթե բուհերի ղեկավարները նման ցանկություն ունենան:

Օրենսդրական նախաձեռնությունը կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագորղների հարցին ի պատասխան անդրադարձավ 168 դպրոցում բացահայտված դրամահավաքի դեպքին, որով իրավապահներն են զբաղվում:

Նա ասաց, որ հարյուր տոկոսով բացառել հնարավոր չէ նման երևույթները, բայց նախորդ տարվա համեմատ զգալի նվազել են թեժ գծով ստացվող դրամահավաքի ահազանգերը: «Այսինքն՝ ըստ էության սրա ողնաշարը կոտրված է, առանձին դեպքեր կան: Կարծում եմ՝ Երևանի քաղաքապետարանից կարձագանքեն, քանի որ սա Երևանի ենթակայությամբ գործող դպրոց է»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանն անդրադարձավ նաև իր կողմից թիվ 2 պետական քոլեջի տնօրենին աշխատանքից ազատելու հարցին: Ասաց, որ տարբեր չարաշահումներ են եղել: Մեկ անգամ նկատողություն է տրվել մոնիթորինգի արդյունքում հայտնաբերված խախտումների  համար, մյուսը՝ տեսչական մարմնի սոուգումների: «Մենք գործել ենք մեր լիազորությունների շրջանակներում, այդ նկատողություններ ու հեռացում չտալը կլիներ խախտում»,- նշեց նա:

Կրթության և գիտության  նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ավշարի դպրոցի դասադուլներին ու բողոքի ակցիաներին:

«Դա մարզպետարանի ենթակայությամբ գործող դպրոց է, և այնտեղ պրոցեսներ են տեղի ունեցել, որոնք մինչև հիմա չեն կարգավորվում: Երեկ էլ, այսօր էլ նախարարության ներկայացուցիչներ են եղել այնտեղ, կփորձենք վերականգնել աշակերտների իրավունքը, բայց այդ հարցում նաև ծնողները պետք է աջակցեն մեզ: Կարծոււմ եմ՝ վերջնագրերով խոսելու տարբերակը, որը ընտրվել է, թե չեն գնա դպրոց, մինչև տնօրենը չհեռանա, ճիշտ չէ: Բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, բայց որ վերջնագրերով և ոչ իրենց երեխաների կրթական իրավունքները խախտելով»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանը հերքեց, որ Արարատի մարզպետի բարեկամուհին է նշանակվել ուսմասվար, բողոքողները նրա դեմ են: «Ի՞նչ ուսմասվար, այնտեղ որևէ ուսմասվար չի նշանակվել: Մորաքրոջ հարսին իբր պետք է բերեին այդտեղ նշանակելու, բայց չի եղել նման բան»,- ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ ԿԳՆ մրցույթներից կարելի է տեղեկություններ հավաքել, որ խնամիաբարեկամական կապերով որևէ մրցույթ չի անցել և որևէ մեկը չի հաղթել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...