Արդյո՞ք «ճամփեն պիտի չիմանա, թե ուր կերթամ ես»

- in Վերլուծական
cuyc 1

Դովլաթովի հոդվածներն այնքան պոպուլյար չդարձան, որքան «Կոմպրոմիս» գրական շարքը, որտեղ հեղինակը պատմում էր հոդվածներում ու հարցազրույցներում տեղ չգտած դիպվածները, ռեպլիկները, զրույցները, մարդկանց վարքագիծը:

Եվ իրոք, հիմնականում ամենահետաքրքիրն այն է, ինչն այդպես էլ տեղ չի գտնում լրագրողական նյութում: Եվ հարցն այն չէ, թե լրագրողը չի տարբերում կարևորն ու անկարևորը: Տարբեր հանգամանքներով պայմանավորված` այդ ուշագրավ, կարևոր ու որոշիչ մանրամասները չեն գրվում լրագրության մեջ` լավագույն դեպքում պահվելով գրականության, իսկ հիմնականում` մասնագիտական նեղ շրջանակներում` փակ զրույցների համար:

Լրագրողական տասնամյակն անցած իմ գործունեության ընթացքում ոչ մի անգամ գրական հարուստ նյութ հավաքելու այսպիսի առիթ չի եղել, որքան եռամսյա «Երջանկության» նախագիծը` սկսած նրան ծնունդ տալու գաղափարի պատմությամբ, վերջացրած` ընթացքով:

Պատկերացրեք` հետհեղափոխական Հայաստան: Եռացող կրքեր: Սրված ամբիցիաներ: Քաղաքական, սոցիալական, հասարակական լրջագույն փոփոխություններ և լարումներ: Եվ հանկարծ հայտնվում է մեկը, թե եկել եմ, որ խոսենք երջանկությունից: Ի~նչ անհեթեթ առաջարկ: Պատկերացնու՞մ եք մարդկանց արձագանքը: Դուք, հավանաբար, կարդացել եք այդ զրույցներից որոշները: Սակայն չգիտեք, թե քանի-քանիսը հրաժարվեցին խոսել երջանկությունից ամենատարբեր պատճառներով: Եթե բոլոր մարդկանց հարցնենք, թե ուզու՞մ եք արդյոք, որպեսզի դուք լինեք երջանիկ, և ձեր երկիրը լինի երջանիկ, ինչպես և այնտեղ ապրող մարդիկ լինեն երջանիկ: Հավատու՞մ եք, թե որևէ մեկը կասի, թե ինքը չի ուզում լինել երջանիկ և կամ էլ չի ուզում իր երկիրը տեսնել երջանիկ` բառի իր հասկացած-պատկերացրած իմաստով: Եվ ո՞րն է իր ապրելու, աշխատելու, ստեղծելու, պայքարելու իմաստն ու նպատակը, եթե ոչ երջանկությունը` վերջին հաշվով: Բայց խոսել դրա մասին, փորձել ձևակերպել երջանկություն ասվածը, անցանկալի, անհետաքրքիր, անհեռանկարային զբաղմունք է: Ստացվում է` մարդիկ կռվում են, պայքարում են, աշխատում են մի բանի համար, որի վերջնական ձևակերպման համար չկա ժամանակ, չկա հավես, չկա ցանկություն և վերջապես չկա պատկերացում, թե ինչու՞, ինչի՞ համար: Սա, իրոք, պարադոքս է: Եվ սա է հենց կյանքը:

Իրականում, անձնական երջանկության մասին խոսելը հանաք բան չէ: Դա նույնն է, թե քեզ մոտենան և ասեն` բացիր սիրտդ ու կյանքդ իմ առջև, եղիր մաքսիմալ անկեղծ: Ինչու՞ այս կոշտ և արագ կյանքում մարդը պիտի ցատկի քաղաքական-հասարակական-մշակութային հազարումի հարցերի գլխից, որ կարոտ են իր իսկ հեղինակավոր մեկնաբանությանն ու քննադատությանը, և խոսի իր սրտի ցանկության մասին` թեկուզ նախևառաջ ինքն իր համար հստակեցնելով, թե, վերջապես, ինչ է ուզում ինքը:

Երջանկության բանախոսների մեծ մասն այդպես էլ չի պատմել մի դրվագ, մի պատկեր, որ ասոցացվում է երջանկության հետ` միևնույն ժամանակ նշելով, թե խուսափում են ընդհանրական ձևակերպումներից, սակայն, ըստ էության, հիմնականում ներկայացնելով հենց ընդհանրական մտքեր երջանկության մասին: Բոլորն ունեն որոշակի մոդելներ ու պատկերացումներ երջանկության մասին, բայց դժվարանում կամ պարզապես չեն ուզում պատմել, թե երբ էին իրենք երջանիկ իրենց անձնական կյանքում:

Եվ այդ ընդհանրական մտքերում գերիշխող էր տեսակետը, թե երջանկության պահն ապրելուց հետո են գիտակցել, որ այն ժամանակ երջանիկ էին, և հազվադեպ է պատահել, երբ գիտակցել են երջանիկ լինելու վայրկյանը: Իհարկե, դժվար է գիտակցել մի բան, որը, ըստ էության, չես փնտրում, որին չես սպասում, որին բովանդակություն չես հաղորդում, չես ձևակերպում, որովհետև, գուցե, ընդունված է մտածել, թե երջանկությունը միֆ է, ակնթարթ է, անհավատարիմ է, այսօր կա` վաղը չկա և վերջապես, մի տեսակ, ընդունված չէ երջանիկ լինել, ինչպես նաև խոսել այդ մասին: Երջանիկ լինելը, պարզվում է, հետաքրքիր չէ: Երջանկության մասին խոսելը` բարդ: Իսկ երջանկության մասին գրելը` ոչ կոմերցիոն զբաղմունք:

Մարինա Բաղդագյուլյան

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...