Բոգոյի մտերիմները Կենտրոնական ավտոկայանից հանում են նրա իրերը – Լուսանկարներ

- in Հասարակություն

Քրեական հեղինակություն Նորագյուղցի Բոգոյի (Ռուբեն Կոստանյան) մտերիմները Կենտրոնական (Կիլիկիա) ավտոկայանի 2-րդ հարկում տեղակայված Կոստանյանի ստեղծած հյուրանոցի եւ սենյակի իրերն էին հանում:

Մի քանի օր առաջ գրել էինք, որ Կոստանյանը տարիներ շարունակ պետական շինություն հանդիսացող Կենտրոնական հավաքակայանի ներսում՝ 2-րդ հարկում, «սեփական» սենյակ եւ հյուրանոց է ստեղծել՝ ապօրինի:

«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Աշոտ Մնացականյանի խոսքով՝ այդ տարածքները վարձակալված չեն եղել, քանի որ նման պայմանագրեր չկան: Ոստիկանության 6-րդ վարչությունը երեկ գնացել էր Կենտրոնական ավտոկայան ոչ միայն «զավթված» տարածքը ազատելու, այլեւ գործողություններ են իրականացնում՝ պարզելու համար, թե արդյո՞ք ավտոկայանի հարակից շրջաններում գործող տնտեսվարողները հոսանքն ապօրինի են օգտագործել, քանի որ Կենտրոնական ավտոկայանում շարունակաբար վճարել են հարյուր հազարավոր դրամների հասնող հոսանքի վարձ։

«Հայավտոկայան» ՓԲԸ-ն ունի 27 ավտոկայան եւ 5 ենթակարգավարական կետ, դեկտեմբեր ամսին հոսանքի համար ընդհանուր վճարվել է 2 մլն 400 հազար, որի ուղիղ կեսը կազմել է կենտրոնական ավտոկայանի հոսանքի ծախսերը։ Սա նշանակում է, որ չարաշահում միանշանակ կա»,- նշում է Մնացականյանը: Մնացականյանը նախընտրեց սպասել, որպեսզի քննությունից հետո պարզվի, թե ինչ է եղել: Թե որքանով է սրա հետ առնչվում Կոստանյանը՝ քննությունը կպարզի: Բայց հստակ է, որ նա գրեթե 2 տասնամյակ, չունենալով ոչ մի պաշտոն ավտոկայանում, այնտեղ ունեցել է անձնական սենյակ եւ մի քանի սենյակներ, որոնք որպես հյուրանոց են ծառայել: Կենտրոնական ավտոկայանի նախկին տնօրենը եղել է Կոստանյանի եղբայրը՝ Աշոտ Սիմոնյանը (Կոստանյանն իր ազգանունը՝ Սիմոնյան, փոխել է):

Գրեթե 1 ամիս է՝ ինչ Կենտրոնական ավտոկայանի տնօրեն է նշանակվել Ռոման Համբարձումյանը: Նա աշխատանքներ է իրականացնում, որպեսզի Կենտրոնական ավտոկայանը կարգավորվի: Սակայն այդ ամենին զուգահեռ օրեր առաջ՝ Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, ժամը 02:30-ին այրել են Համբարձումյանի «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան: Համբարձումյանը դեռեւս չգիտի, թե ո՞վ է այրել, քանի որ դեռեւս փորձաքննությունը չի ավարտվել, սակայն նշում է, որ թշնամիներ չի ունեցել:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...