Գլխավոր դերակատարը կրկին Մոսկվան է, որը նկատելի ջանքեր է գործադրում 1921-ի հարցը փակելու ուղղությամբ

- in Կեղտոտ լվացք

«1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագիրն արձանագրեց  ռուս-թուրքական ագրեսիայի միջոցով Հայաստանի Հանրապետությունը զավթելու, նրա տարածքը մասնատելու եւ նրան անկախությունից զրկելու հետեւանքները:

Այդ պայմանագրով եւ նրա լեգիտիմացման նպատակով 1921 թ. հոկտեմբերի 13-ին կնքված Կարսի պայմանագրով ձեւավորված տարածաշրջանային ճարտարապետությունը կոչված էր բացառելու հայոց  պետականության, հայկական սուբյեկտի վերածնունդը:

Այդ ճարտարապետությունը դարձավ այն հենքը, որի վրա կառուցվեց Հայաստանի Հանրապետության իրավազուրկ պետականակերպ մնացորդը՝  Խորհրդային Հայաստանը գաղութացնելու, ինչպես նաեւ հայության լայն շերտերին Ռուսական կայսրության ազդեցության տակ պահելու կառավարման համակարգը:

Ըստ էության՝ 1921 թ. մարտի 16-ի պայմանագիրը` դրանից ածանցյալ 1921 թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրի հետ միասին, հայության վերջնական հայրենազրկման եւ Հայոց պետականության բացառման հավաստագիր է, ուստի դրանցով ձեւավորված տարածաշրջանային ճարտարապետությունը վերանայելը պետք է դառնա մեր այսօրվա պետության կայացման մեկնակետը», 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի 98-ամյա տարելիցի կապակցությամբ հայտարարել է Սասնա ծռեր կուսակցության հայտարարության մեջ:

Ճշգրիտ ձեւակերպում է, եւ պետք է միայն ավելացնել, որ պայմանագրի 100-ամյակի շեմին այս խնդրի վերաբերյալ Հայաստանում ու սփյուռքում անհրաժեշտ ուշադրություն չկա: Եզակի շրջանակներ ու ԶԼՄ-ներ են անդրադառնում այս հարցին, ինչը կարող է արդյունք լինել թե արտաքին «արգելքների», թե խնդրի կարեւորության չգիտակցման:

Ներկայում այս պայմանագրի կողմերը շարունակում են իրենց քաղաքականությունը, Արցախյան երկու պատերազմներով խախտված 100-ամյա ճարտարապետությունը վերականգնելու համար, կրկին Հայաստանի հայազրկման եւ հայկական տարածքների հանդեպ պահանջների տեսքով:

Ընդ որում, գլխավոր դերակատարն այս պարագայում կրկին Մոսկվան է, որը նկատելի ջանքեր է գործադրում 1921-ի հարցը փակելու ուղղությամբ: Մի կողմից, դա ՌԴ պետական ծրագրով «հայրենակիցների» արտահոսքն է Ռուսաստան, Հայաստանում տնտեսական ու ժողովրդագրական իրավիճակի վատթարացման անխուսափելի հետեւանքներով: ԵՏՄ եւ հայ-ռուսական պայմանագրերը սահմանափակում են Հայաստանի զարգացումը, հատկապես հաշվի առնելով այն խորը դեգրադացիան եւ անկումը, որի մեջ հայտնվել է Ռուսաստանը:

Դրա համար է ստեղծվել նաեւ Լազարեւսկի կոմիտեն, որը «հայազերծման ճարտարապետության» անբաժան մասն է արդեն նորագույն՝ նեոգաղութարարական դրսեւորմամբ, ռուսական պաշտոնական լայն շրջանակների՝ ներառյալ ՌԴ հատուկ ծառայություններից մեկի հրամկազմի բարձրաստիճան ներկայացուցչի ներգրավումով: Կոմիտեի ղեկավարը՝ ՌԴ Պետական դումայի պատգամավոր Զատուլինն առաջարկում է հայկական հողի նոր բաժիններ հանձնել Ադրբեջանին, աշխատանքներ են տարվում Երեւանի ու Ստեփանակերտի միջեւ պառակտումներ մտցնելու ուղղությամբ:

Այս համատեքստում արժե նշել նաեւ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի սկանդալային հայտարարությունները Բաքվում, ինչպես նաեւ Երեւանում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ու Գարեգին Բ կաթողիկոսի հետ հանդիպումներում բարձրացրած հարցերը: Դա աննախադեպ էր, ինչը շատ քաղաքագետներ դիտարկում են հենց 1921 թ. հարցի շրջանակներում, Հայաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու տեսանկյունից:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...