Գլխավոր տնօրենը մանրամասներ է ներկայացրել ավտոկայարանում Բոգոյի գործունեությունից

- in Հասարակություն

Ոստիկանության վեցերորդ վարչության աշխատակիցները շարունակում են գործողություններ իրականացնել Կենտրոնական ավտոկայարան ՓԲԸ-ում: Իրավապահները երկու ուղղությամբ են այստեղ աշխատանք տանում:

Կենտրոնական ավտոկայարան ՓԲԸ գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանի խոսքով՝ այստեղ տարիներ շարունակ հոսանքի կորուստ է եղել՝ ամսական 600 հազարից մինչև 1 մլն դրամ: Հայաստանում գործող ավտոկայարաններից, ըստ տնօրենի, ամենաշատը հենց այստեղ է հոսանք ծախսվել: Իրավապահները փորձում են հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, Ավտոկայարանի շենքից հոսանքն ուր է տարվել:

Երկրորդ խնդիրն այն է, որ շենքում կա երեք դուռ, որոնք կապարակնքված են և կապվում են Բոգո մականունով հայտնի Ռուբեն Կոստանյանի հետ: Կան կասկածներ, որ Ավտոկայարանի տարածքում առանց պայմանագրի գործունեություն է իրականացրել Բոգոն: Իրավապահները բացում են սենյակները, որպեսզի գույքը դուրս հանեն:

Կենտրոնական ավտոկայարան ՓԲԸ գլխավոր տնօրեն Աշոտ Մնացականյանը լրագրողներին ասաց, որ պետական գույքի տարածքում ապօրինի ներխուժում է եղել Բոգոյի կողմից: Տրանպորտի, կապի ու ՏՏ նախարար Հակոբ Արշակյանի հետ քննարկել են ու որոշել դիմել ոստիկանություն: Ըստ տնօրենի՝ տեղեկություն կա, որ այդ սենյակները որպես հյուրանոցային համարներ են ծառայել, սակայն Ավտոկայարանի տնօրինության հետ վարձակալական պայմանագիր չկա: