Գյոսմայստեր Գալոյանը պնդում է՝ սուտ է, որ շախմատի ֆեդերացիան առաջարկել է վճարել իր պահանջածին մոտ գումար

- in Հասարակություն
chess shaxmat

Կանանց միջազգային գրոսմայստեր, տղամարդկանց միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը հայտնում է, որ ՀՀ Շախմատի ֆեդերացիան իրեն չի առաջարկել այն գումարին մոտ գումար, որն ինքն այժմ պահանջում է դատական կարգով:

Ավելի վաղ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնել էր, որ Լիլիթ Գալոյանը դատարանով պահանջում է ընդհանուր առմամաբ մոտ 2 մլն 500 հազար դրամ, որի մեջ մտնում է նաև սոցիալական օգնության գումարը: Ասել էր, որ իրենք պատրաստականություն են հայտնել վճարել ընդհանուր առմամաբ դրանից մի փոքր քիչ՝ մոտ 2 մլն 300 հազար դրամ, սակայն շախմատիստը հրաժարվել է ու դիմել դատարան: Գալոյանը ՀԺ-ին նամակ է ուղարկել՝ մեկնաբանելով Անդրիասյանի խոսքերը:

«Սա բացարձակ սուտ է: Ֆեդերացիայից որեւէ մեկը՝ այդ թվում նա, նման առաջարկ չեն արել: Միքայելը միայն մեկ անգամ է զանգահարել ինձ՝ նախորդ տարվա հունիսին, եւ ասել, որ ֆեդերացիան առաջարկում է երեք ամսվա հավաքականի անդամին հասանելիք գումարի չափ, ի դեպ, իմ գործակցից ավելի պակաս, հարցրել եմ՝ ինչ հիմունքներով, չի պատասխանել: Հիմա նշում է դատարան մեր կողմից ներկայացված այն գումարի չափը, որը ես հավաքականում լինելով հանդերձ պետք է ստանայի, ու ասում է՝ մի քիչ քիչ են առաջարկել:

Ասեմ, որ վերոնշյալ գումարը, որը մենք հայցադիմումով պահանջում ենք ամսական 175 000 դրամ 12 ամսվա կտրվածքով, ինձ որպես հավաքականի անդամ չվճարված գումարն է գումարած հավաքականի անդամներին տարեկան մրցաշարերին մասնակցության համար տրամադրվող 1400 դոլարը»,- ասում է նա:

Լիլիթ Գալոյանը 2018 թ. դուրս էր մնացել ազգային հավաքականից: Անդրիասյանը նշել էր, որ նա հրաժարվել է մրցաշարերի մասնակցել հղիության պատճառով: Հետագայում մարզիչները կասկածներ են ունեցել նրա մարզավիճակի հետ կապված, այդ պատճառով էլ դուրս են թողել: Գալոյանը ներկայացրնում է հետևյալ բացատրագիրը (լուսանկարում) ու նշում, որ իրեն ցանկանում են տալ այնքան գումար, որը նախատեսված է այն գրոսմայստերների համար, որոնք հավաքականի անդամ չեն, մինդեռ ինքը պահանջում է վարձատրվել որպես անդամ:

«Այս 70 000-ը ստանում են գրոսմայստերները, եթե հավաքականի անդամ չեն հանդիսանում: Ֆեդերացիայում, կարծես, դեռ չեն հասկացել՝ իմ հայցադիմումի պահանջը, ոչ թե այն է, որ ինձ 2018 թ. ընդգրկեին հավաքականի կազմում (ես 10 տարի անընդմեջ թիմի անդամ էի), այլ այն, որ կանոնադրությանը չհամապատասխանող, ապօրինի որոշումների հիման վրա իրավունք չունեին դուրս հանել ինձ հավաքականից:

Մինչ այս դեպքը եղել են հավաքականի անդամներ, որոնք հղիության պատճառով չեն մասնակցել Եվրոպայի թիմային առաջնությանը, սակայն հավաքականից դուրս չեն հանվել: Եղել է, որ բանակցությունների արդյունքում որոշվել է փոխարինել, բայց դուրս հանել չի եղել: Ֆեդերացիա գրածս նամակից հետո հանդիպում է եղել ինձ հետ, որտեղ հաստատել են՝ չեն վերականգնելու»,- ասում է նա:

Ֆեդերացիայի ու Լիլիթ Գալոյանի միջեւ ստեղծված իրավիճակի մասին մամուլում հայտնի է դարձել 2018 թ. վերջին: Այժմ դատական գործ է սկսված: Նրա ամուսնու՝ Արման Գալոյանի խոսքով՝ այն քննվում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...