Գոլանի ու Երուսաղեմի ճանաչման հարց՝ համեմատություններ են տարվում Արցախի խնդրի հետ

- in Հրապարակ
Donald Tramp

Թրամփը պաշտոնապես ճանաչել է Գոլանի բարձունքների հանդեպ Իսրայելի ինքնիշխանությունը: Այդ բարձունքներն Իսրայելին են անցել 1967 թ. վեցօրյա պատերազմի ժամանակ:

Եվրամիությունը, ուժային մյուս բեւեռները համաձայն չեն Թրամփի որոշմանը: Մյուս կողմից, թե Երուսաղեմի, թե Գոլանի բարձունքների հարցում ԱՄՆ նախագահը բերում է իրողությունները ճանաչելու փաստարկը: Իսկ իրողությունն այն է, որ Իսրայելը քաղաքականապես ու ռազմական առումով կարողացել է ստեղծել մի իրականություն, որը չճանաչելն ըստ էության ոչինչ չի փոխում:

Առկա է իհարկե հակասություն միջազգային իրավունքի հետ: Բայց այդ կանոնները ներկայում արդեն չեն գործում, տեղի է ունենում նոր աշխարհակարգի հաստատումը, որը հակասության մեջ է գործող նորմերի հետ:

Ընդ որում, այս իրականության առջեւ են կանգնած բոլոր քիչ թե շատ ակտիվ խաղացողները ոչ միայն Մեծ Մերձավոր Արեւելքում:

Գոլանի ու Երուսաղեմի ճանաչման հարցը հասկանալի արձագանքներ է ունեցել Հայաստանում: Համեմատություններ են տարվում Արցախի խնդրի հետ, նշելով նաեւ տարբերությունները մասնավորապես պատմական համատեքստում՝ Գոլանը մինչ այս երբեք չի պատկանել Իսրայելին, իսկ Արցախը միշտ եղել է հայկական:

Սակայն միջազգային քաղաքականության մեջ պատմության գործոնն ընդամենը «հարակից» գործիք է, որը կիրառվում է տարբեր նպատակներով ու շահերով պայմանավորված, եւ դա մենք շատ լավ գիտենք. Ի վերջո, Թուրքիան ու Ադրբեջանը ստեղծվել են հայկական հողերի վրա:

Վճռորոշ գործոնն իրողություններն են, ավելի ճիշտ՝ սեփական կենսական տարածքը կերտելու, սեփական իրականությունը ստեղծելու  եւ այն ճանաչել տալու կարողությունը: Շատերը կասեն, որ Իսրայելի ռազմական, ֆինանսական եւ այլ կարողություններն օբյեկտիվորեն ավելի մեծ են, եւ դա հեռու չէ ճշմարտությունից: Բայց սա խնդրի միայն քանակական կողմն է: Այս ամենի հիմքում իրավունքի գիտակցումն է եւ այն պաշտպանելու հայտն ու կամքը:

Արցախում ստեղծվեց այդ իրողությունը: Բայց տասնամյակներ շարունակ հայկական կողմը բանակցությունների մեջ է մտել Ադրբեջանի իրավունքների տրամաբանությամբ, համեմված պատերազմի վախով ու շանտաժով: Եվ ստեղծվել է երկիմաստ ու այդ առումով էլ վտանգավոր իրավիճակ՝ մի կողմից հայերը ստեղծել են այդ իրականությունը, մյուս կողմից դեռեւս լիովին չի գիտակցվում իրավունքի ուժը, ինչն էլ պատճառ է դարձել, որ այդ իրավունքը մինչ օրս չճանաչվի:

Նոր կառավարության քայլերը կարծես թե միտված են այս իրավիճակը փոխելուն. հայտարարվել է Ադրբեջանի իրավունքների շրջանակից խնդիրը դուրս բերելու եւ Արաքսի հովիտը վերաբնակեցնելու մասին: Բացի այդ, հայտարարվել է պաշտպանական հայեցակարգը հարձակողական բաղադրիչով համալրելու մասին: Այս երեքի իրականացման դեպքում իրողությունը կդառնա անշրջելի:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...