Գործադրել է 8 հատ լուսաձայնային նռնակ. Լեւոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

- in Իրավունք
yeranosyan Levon

Պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ մեղադրվող նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Այս առնչությամբ, ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էական վնաս պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաեւ անզգուշությամբ  առաջացրել են ծանր հետեւանքներ:

Նշված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով:

Ըստ մեղադրանքի` Լեւոն Երանոսյանը, հատուկ միջոցների գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու ունակությունը որոշող ստուգումներ անցած չլինելով, չունենալով հատուկ որակավորում  եւ դրանով իսկ պայմանավորված` չունենալով լուսաձայնային հատուկ միջոցներ ստանալու եւ անձամբ գործադրելու լիազորություն, դրանց կիրառման համար թույլատրելի չափանիշների խախտմամբ, 2018 թվականի ապրիլի 16-ին եւ 22-ին՝ Երեւան քաղաքում անցկացված բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ, ցուցարարների նկատմամբ գործադրել է ընդհանուր առմամբ 8 հատ  «Զարյա» տեսակի լուսաձայնային նռնակներ, ինչի հետեւանքով 2 տասնյակից ավելի անձանց առողջությանը պատճառվել է տարբեր աստիճանի, այդ թվում` ծանր եւ միջին ծանրության վնաս:

Լեւոն Երանոսյանի կողմից հատուկ միջոցների գործադրման հետեւանքով Բաղրամյան պողոտայում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներից 6 հոգի նույնպես ստացել են մարմնական վնասվածքներ:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակցությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...