dzerbakalutyun

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է դպրոցի տնօրենը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու կասկածանքով:

2019 թվականի փետրվարի 12-ին Շիրակի մարզի դատախազությունից Շիրակի մարզային քննչական վարչություն է ստացվել «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի դիմումն այն մասին, որ 2019 թվականի փետրվարի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցների կողմից դպրոցում իրականացված ստուգումների ընթացքում հայտնի է դարձել, որ չեն դասավանդվել ֆիզիկա, հայոց լեզու, քիմիա և ֆիզկուլտուրա առարկաները, սակայն ուսուցիչները, որոնց հատկացված են եղել այդ դասաժամերը, ստացել են աշխատավարձ:

Միևնույն ժամանակ տնօրենը հայտնել է, որ ինքը նախկինում այդ մասին որևէ տեղեկություն չի ունեցել, իսկ ուսումնական գծով տեղակալը, ում վրա դրված է ուսումնական գործընթացի վերահսկումն ու համապատասխան մատյանների վարումը, դրանցում կատարած գրառումներով հաստատել է վերոհիշյալ առարկաները դասավանդվելու փաստը:

Բացատրագիր է ներկայացրել նաև դպրոցի աշխատակիցը, համաձայն որի՝ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհին 2016-2017 ուսումնական տարում գտնվել է արտերկրում և աշակերտներին տվյալ առարկան չի դասավանդվել, իսկ աշխատավարձի գումարները դուրս են գրվել դպրոցի ֆոնդից:

Փաստի առթիվ 2019 թվականի փետրվարի 20-ին հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Հաղորդում է ստացվել նաև Գյումրի քաղաքի բնակչուհուց այն մասին, որ «Գյումրի քաղաքի թիվ 27 միջնակարգ դպրոցում» որպես ֆիզիկայի ուսուցչուհի աշխատանքի ընդունվելու նպատակով, նույն դպրոցի տնօրենի պահանջով և նրա հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2018 թվականի փետրվարի 19-ից 21-ն ընկած ժամանակահատվածում, «Գյումրի քաղաքի թիվ 27 միջնակարգ դպրոցում», տնօրենին փոխանցելու նպատակով, վերջինիս գործավարուհուն տվել է խոշոր չափ հանդիսացող՝ 960.920 ՀՀ դրամ:

Փաստի առթիվ 2019 թվականի մարտի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

2019 թվականի մարտի 22-ին որոշում է կայացվել՝ հիշյալ երկու քրեական գործերը մեկ վարույթում միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ:

2019թ. մարտի 26-ին «Գյումրու թիվ 27 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...