Եթե մի քիչ գույները խտացնեմ, հիմա օրենսդիրի և գործադիրի միջև լուրջ «մենամարտեր» են գնում Հարկային օրենսգրքի բոլոր դրույթների հետ կապված

- in Տնտեսական

«Եթե մի քիչ գույները խտացնեմ, հիմա օրենսդիրի և գործադիրի միջև լուրջ «մենամարտեր» են գնում Հարկային օրենսգրքի բոլոր դրույթների հետ կապված»,- ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ անդարդառնալով Հարկային օրենսգրքի փոփոխություններին փաթեթին։

«Այնպես չի լինելու, որ իրենք ինչ բերեն, մենք կողմ քվեարկենք, կամ այնպես չի լինելու, որ մենք ասենք՝ չէ, վերջ, կառավարությունը վերցնում է իր նախագիծը, նեղանում և հեռանում է»,-հավելեց Հայկ Գևորգյանը։ Հենց սկզբից, նրա խոսքով, ընթանում են բուռն ու թեժ քննարկումներ։

Պատգամավորը նշեց, որ մինչև օրենսգրքի փոփոխությունները օրենք դառնան, քննարկումները, «մարտերը» մինչև վերջին պահը շարունակվելու են, բայց Հարկային օրենսգրքի փաթեթը կընդունի կոնսենսուսով։

Անդրադառնալով նպաստառուների խնդրին՝ Հայկ Գևորգյանը նշեց, որ աշխատունակ մարդը պետք է աշխատի, ինքը պետք է ստեղծի այն բարիքը, որը պետք է սպառի․«Չի կարող պետությունը ուրիշի ստեղծած բարիքից հարկեր հավաքել և տալ մի մարդու, որ ուզում է բազմոցին պառկել և նպաստով ապրել»,-ասաց նա։

Հայկ Գևորգյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ կա կոնսենսուս, որ գրավատների ու փոխանակման կետերի պետական տուրքը պետք է բարձրացվի: Բայց խնդիրն այն է, թե որքան պետք է բարձրացվի: «Մենք մյուս կողմին էլ պետք է լսենք, այն, ինչ գրավոր մեզ ներկայացվել է, թերի է»,- գրավատների ու փոխանակման կետերի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ասաց Գևորգյանը: Նա նշեց, որ ԿԲ ներկայացուցիչները ևս կհրավիրվեն հանձնաժողով:

Հայկ Գևորգյանի խոսքով՝ գուցե իրենց հաջորդ քննարկման ժամանակ կներկայացնեն այնպիսի հիմնավորումներ, որ կհամոզեն պատգամավորներին: Բայց արդեն ներկայացված հիմնավորումները, ըստ նրա, չեն բավարարել պատգամավորներին:

Նրա խոսքով՝ պետք է հարցին ավելի գլոբալ նայել: «Քննարկումների ժամանակ էլ լսեցիք, որ իրենց շրջանառությունը նվազում է: Այսինքն՝ սա որպես բիզնես արդեն կորցնում է իր մրցունակությունը: Օրինակ՝ եթե անգամ տուրքերը դառնան զրոյական, առանձին վերցրած փոխանակման կետը չի կարող դիմանալ ավելի համակարգված ցանցային փոխանակման կետերին, ինչիսին, օրինակ Երևանի Սիթիի կամ SAS-ի փոխնակման կետերն են կամ բանկերի մասնաճյուղերը: Այնպես որ, այստեղ խնդիր կա»,- նշեց Հայկ Գևորգյանը: