Զինծառայողների և ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է 10 տոկոսով

- in Սոցիալական

2018 թվականի մայիսից մինչև այսօր Հայաստանում 65 մլն հատ ՀԴՄ ավելի է տպվել,  քան նախորդ տարիներին նույն ժամանակաշրջանում: Այս մասին այսօր խորհրդարանում ՀՀ կառավարության գործունեության կատարողականի ներկայացման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ սա ևս մեկ ապացույց է, որ մեր հանրությունը և կառավարությունը ակտիվ երկխոսության մեջ են միմյանց հետ. «Երբ նախկինում հարց հնչեց ուսուցիչների աշխատավարձի մասին, ի՞նչ ենք մենք առաջարկում, մենք ասում ենք՝ այո, առաջարկում ենք, որ ՀԴՄ կտրոն խփեն, որ ուսուցիչների աշխատավարձը բարձրանա: Եվ ահա 65 մլն հատ ՀԴՄ կտրոնների շնորհիվ մենք բարձրացնում ենք ոչ միայն ուսուցիչների, այլ նաև զինծառայողների աշխատավարձերը: Սա դարակազմիկ չէ, բայց սրանով սկսում ենք դարակազմիկ գործընթաց»: Նա հավելեց, որ այս միտումները հիմք են տալիս ենթադրելու, որ տնտեսության մեջ ունենալու ենք և արդեն ունենք լրջագույն հաջողություններ:

Նա ներկայացրեց վիճակագրական տվյալները, ըստ որի՝ այս տարվա հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5 տոկոսով: Վարչապետը հիշեցրեց, որ նախորդ տարվա սեպտեմբերին հասանք ռեցեսիոն շեմին, երբ մեր տնտեսական ակտիվությունը հասնում էր զրոյի: Այն ժամանակ պնդումներ կային, որ ամեն ինչ ավարտվեց. «Մենք պնդում էինք, որ՝ ոչ, ամեն ինչ նոր է սկսվում: Եվ ես որևէ կասկած չունեմ, որ մեր վարած քաղաքականությունը շարունակական ու հետևողական բերելու է դրական դինամիկայի»:

Նա նշեց, որ աշխարհում չենք գտնի մի երկրիր, որ այդքան քաղաքական գործընթացներ  են արձանագրվել և չի արձանագրվել ռեցեսիոն գործընթաց:
ՀՀ-ն բացառիկ է այս առումով. «Այո, նախորդ տարին քաղաքական առումով լարված տարի էր, և մեզ հաջողվեց  պահել տնտեսական ու մակրոտնտեսական կայունությունը: Բայց այս տարվա համար արձանագրումն այլ է: Հիմա ՀՀ-ն երկարատև կայունության շրջան է թևակոխել, ինչն արդեն սկսել է արտացոլվել տնտեսության մեջ»:

Նա շեշտեց, որ շինարարության ոլորտում արձանագրվող ցուցանիշներն են հետաքրքիր, այս տարվա առաջին երկու ամիսներին ոլորտում մոտ 20 տոկոսանց աճ է եղել: Հիպոթեքային վարկավորումը այս տարվա փետրվարին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աճել է 100 տոկոսով: Մարդիկ ավելի շատ բնակարաններ են գնել: Սա, ըստ Փաշինյանի, նշանակում է ՀՀ քաղաքացիների վստահություն սեփական ապագայի նկատմամբ. «Եվ այն գումարները, որոնք նրանք կարող էին ծախսել արտագաղթի վրա, նրանք ծախսում են Հայաստանում տնավորվելու համար, ինչը ապագայի նկատմամբ լավատեսության ամենակարևոր դրսևորումն է: Եվ ՀՀ-ն կանգնած է շինարարական բումի նախաշեմին: Այդ մասին են վկայում նաև գործարար շինարարների հետ շփումները»:

Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Սա նշանակում է, որ տնտեսական զարգացման ու հեղափոխության մեր մոդելն աշխատում է, և ես համոզված եմ, որ  մեր մոդելն ավելի ու ավելի լավ է աշխատելու: Որն է տնտեսական զարգացման մոդելի էությունը, այն է, որ տնտեսական հեղափոխության և զարգացման առանցքային և անկյունքարային գործող անձը քաղաքացին է, տնտեսվարող սուբյեկտը: Եվ կառավարությունը ոչ թե պետք է հանդես գա որպես նրանց ղեկավար, այլ կառավարության հիմնական անելիքն է անհատական ջանքի, աշխատանքի քաջալերումը, հավասար մրցակցություն ստեղծելը, ֆինանսական հասանելիություն ապահովելը»:

Այս տարի Հայաստանի բյուջեի եկամտային մասը կգերակատարվի առնվազն 40 միլիարդ դրամով: Այս մասին խորհրդարանում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, վերջին տարիների համար նախատեսվածից ավելի գումարի հավաքումը աննախադեպ երևույթ է:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հավելյալ եկամուտների շնորհիվ հուլիսի 1-ից 10%-ով կբարձրանա զինծառայողների աշխատավարձերը, իսկ սեպտեմբերի 1-ից՝ նույն չափով հանրակրթական դպրոցների 38000 ուսուցիչների աշխատավարձերը: Փաշինյանը նշել է նաև, որ 303 կմ ավտոճանապարհներ կհիմնանորոգվեն ու կնորոգվեն, ինչը նույնպես աննախադեպ է: Այս ցուցանիշի մեջ չի մտնում Հյուսիս-հարավ ծրագրով կառուցվող ճանապարհները:

Վարչապետի խոսքով, լրացուցիչ եկամուտները ստվերի դեմ վարած քաղաքականության արդյունքն է: Այս գործընթացում, նրա խոսքով, ռեպրեսիվ մեթոդներ չեն կիրառվում, այլ վերլուծության, երկխոսության մեթոդով է արվում: Մյուս գործոնը քաղաքացիների ու կառավարության համագործակցությունն է: Փաշինյանը նշել է, որ ՀՀ քաղաքացիները արձագանքում են կառավարության կոչերին ու մասնակցում են ստվերային տնտեսության դեմ պայքարին՝ որևէ գնում անելիս ՀԴՄ կտրոն պահանջելով:

Ինչպես հայտարարեց վարչապետ Փաշինյանը՝ Հայաստանի Հանրապետությունը բացառիկ էր երկրում տեղի ունեցած փոփոխություններին տնտեսության բերած արձագանքով. «Հիմա ՀՀ-ն թևակոխել է երկարատև քաղաքական կայունության շրջան, ինչն արտահայտվում է տնտեսության մեջ»:

Նրա խոսքով՝ աճել են շինարարությունը, հիփոթեքային վարկավորւմը. «70 մլրդ դրամով աճել է երկրի հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալը, այսինքն՝ մոտ 150 մլն դոլարի բնակարան գնելու գործարք են արել ՀՀ քաղաքացիները: Սա նշանակում է, որ նրանք գումարը ծախսում են ՀՀ-ում տնավորվելու, ոչ թե արտագաղթելու վրա: Հայաստանը կանգնած է շինարարական բումի նախաշեմին, ինչը իր հերթին կբացի բազմաթիվ աշխատատեղեր»:

Խոսելով արդյունաբերության մասին՝ վարչապետը նշեց՝ իրեն հավաստիացրել են, որ Թեղուտը շուտով կվերաբացվի: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մշակող արդյունաբերությունը հունվար-փետրվարին աճել է շուրջ 8 տոկոսով, աճել են նաև առևտուրը, ծառայությունների ճյուղը:

Նա անդրադարձավ նաև սննդամթերքի, խմիչքների, հագուստի արտադրության աճերին. «Ծխախոտի արտադրությունն աճել է մոտ 17 տոկոսով. Արսենը ստեղ չի, չէ՞»: