Ժողովրդի թիկունքում ստվերային պայմանավորվածություններ են եղել

Vahan Shirxanyan

Վահան Շիրխանյանի՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակը Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում պայթած ռումբի ազդեցություն ունեցավ։

Նամակում հրապարակված փաստերին կամ մեկնաբանություններին մամուլն, իհարկե, ժամանակին անդրադարձել էր՝ վարկածների կամ «շրջանառվող տեղեկությունների» տեսքով, շատերն էլ ուղղակիորեն էին Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հասցեին նման մեղադրանքներ հնչեցնում, բայց առաջին անգամ է, որ հրապարակավ նման մեղադրանքներ է հնչեցնում նախկին բարձրաստիճան պաշտոնյան ու իրադարձությունների անմիջական մասնակիցը։ Այսինքն՝ սա արդեն ոչ թե քաղաքական գնահատական է, այլ կոնկրետ վկայություն եւ հաղորդում հանցագործության մասին։

Իհարկե՝ կարելի է նաեւ այս ամենն ընկալել որպես Ռոբերտ Քոչարյանից ու Սերժ Սարգսյանից տուժած եւ հալածանքների ենթարկված մարդու էմոցիոնալ խոսք կամ դժգոհել, որ հիմնականում հղում է արվում Վազգեն Սարգսյանի վրա, մինչդեռ նա չի կարող հաստատել կամ հերքել ասվածը։ Բայց նամակում հիշատակվում են նաեւ այնպիսի փաստեր, որոնց ականատեսն ու վկան անձամբ Շիրխանյանն է եղել (օրինակ՝ որ օտարերկրյա բանկային հաշիվների վրա «հայկական ծագմամբ» գումարների բացահայտումից հետո իր մոտ է եկել Սերժ Սարգսյանն ու պարտավորվել «ինքնակամ» 200 մլն դոլարի ներդրումներ կատարել արդյունաբերության մեջ)։ Կամ՝ հազիվ թե հնարավոր լիներ անհետ թաքցնել «կորած» 400 մլն դոլարը։ Այսպես թե այնպես՝ համապատասխան կառույցները պարտավոր են քրեական գործեր հարուցել եւ ստուգել հրապարակված փաստերը։ Նման մեղադրանքները չեն կարող օդում կախված մնալ ու պետք է կամ հաստատվեն, կամ հերքվեն։ Առավել եւս, որ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը շարունակում են երեւացող ֆիգուրներ մնալ քաղաքական դաշտում եւ անգամ քաղաքական լուրջ դերակատարման հավակնություններ ունեն։ Հասարակությունը պիտի հստակ իմանա՝ քաղաքական գործիչների՞ հետ գործ ունի (ինչպես իրենք են պնդում), թե՞ հանցագործների (ինչպես Շիրխանյանն է պնդում)։

Ընդ որում՝ այս ամենը պիտի արվի հնարավորինս արագ եւ հնարավորինս թափանցիկ։ Ինչո՞ւ արագ եւ ինչո՞ւ թափանցիկ։ Արագ, որովհետեւ, ըստ Շիրխանյանի, Վազգեն Սարգսյանն, օրինակ, չհասցրեց։ Իսկ թափանցիկության բացակայությունը երկրորդ խոցելի կողմն էր։ Փաստորեն «թալանածը վերադարձնելու» շուրջ պայմանավորվածություններ կային, իսկ հասարակությունը տեղյակ չէր։ Եթե գործընթացը թափանցիկ լիներ, ու մարդիկ իմանային, որ ահա՝ Սերժ Սարգսյանը պարտավորվել է 200 մլն դոլար վերադարձնել (եթե, իհարկե, նման բան իսկապես եղել է), ներիշխանական դավադրությունն անհնար կլիներ, Սերժ Սարգսյանն էլ պաշտոնանկ կարվեր (եւ ոչ թե ընդամենը կզրկվեր լիազորությունների մի մասից)։ Նույնը կարելի է ասել նաեւ ներքաղաքական ստվերային պայմանավորվածությունների մասին։ Փաստորեն ժողովրդի թիկունքում այդպիսի պայմանավորվածություններ են եղել՝ 1998-ին Վազգեն Սարգսյանն աչք է փակել ընտրակեղծիքների վրա (թույլ է տվել, որ Քոչարյանը 27 տոկոսը դարձնի 59)՝ դրա դիմաց պահանջելով հետագայում վարչապետ նշանակել Կարեն Դեմիրճյանին։ Չլինեին այդ ստվերային պայմանավորվածությունները՝ ոչ Հայաստանը կասկածելի լեգիտիմությամբ նախագահ կունենար, ոչ էլ երեւի հոկտեմբերի 27 տեղի կունենար։ Եթե, իհարկե, ամեն ինչ իսկապես եղել է այնպես, ինչպես ներկայացնում է Վահան Շիրխանյանը։

Իսկ ահա Մեղրին Լաչինի հետ փոխանակելու վարկածի՝ իրական կամ կեղծ լինելու մասին ամենայն հավանականությամբ այդպես էլ չենք իմանա (հնարավոր է՝ այդպիսի հարց իսկապես էլ քննարկված լինի, բայց հազիվ թե Հայաստանում գտնվեր որեւէ խելապակաս, ով կհամարձակվեր կյանքի կոչել այդպիսի ծրագիրը, որովհետեւ ակնհայտ էր, որ դրանից հետո բառիս բուն իմաստով մեծ կտորն ականջն է մնալու)։ Այլ հարց է, որ սա էլ է շատ լավ ուղենիշ Հայաստանի այսօրվա իշխանությունների համար․ արցախյան բանակցությունները պետք է լինեն հնարավորինս թափանցիկ, ու ժողովրդի թիկունքում որեւէ լուրջ պայմանավորվածություն չպետք է լինի։ Հակառակ դեպքում ներքաղաքական ցնցումներն ու դավադրություններն անխուսափելի կլինեն։

Իշխանություններն ու հասարակությունը, վստահ ենք, գիտակցում են այս ամենի լրջությունը։ Իսկ մնացածն արդեն իրավապահների անելիքն է։