Ի՞նչ արեց Նազարբաևը. Փաշինյանի ու Մեդվեդևի զրույցը

- in Հրապարակ

Հայաստանի եւ ՌԴ վարչապետները մարտի 19-ին հեռախոսազրույց էին ունեցել եւ քննարկել ապրիլի 30-ին Հայաստանում տեղի ունենալիք ԵՏՄ վարչապետների նիստի հետ կապված հարցեր: Հայտնի է, որ Հայաստանը 2019-ին ստանձնել է այդ կառույցի նախագահությունը:

Հայաստանի եւ ՌԴ վարչապետների հեռախոսազրույցին խիստ ուշագրավ ֆոն հաղորդեց Ղազախստանի արդեն նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, որը մարտի 19-ին հայտարարեց հրաժարականի մասին:

Ժամանակագրական առումով, հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի եւ ՌԴ վարչապետները իրազե՞կ էին հրաժարականից, թե՞ դրա մասին տեղեկացան հետո: Սա կարող է լինել անշուշտ ոչ առանցքային, բայց հետաքրքիր դետալ: Բանն այն է, որ նախագահի պաշտոնից հրաժարվելով, Ղազախստանի նախագահը ԵՏՄ-ում ստեղծում է իր բաժին նոր իրավիճակը, 2018-ի ապրիլից Հայաստանի ստեղծածի ֆոնին:

Իսկ այդ իրավիճակում առանցքային հարցերից մեկն օրինակ միասնական էներգետիկ շուկայի ձեւավորման հարցն է, որի մասին ավելի ու ավելի հաճախ է հայտարարում Երեւանը: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ անդրադարձել է այդ թեմային, ընդ որում հետաքրքիր շեշտադրումով: Նա ասել է, որ միասնական տնտեսական տարածությունը ենթադրում է միասնական էներգետիկ շուկա, այլապես խախտվում է տնտեսական հավասարության, հավասար մրցակցության եւ միասնական տնտեսական տարածության սկզբունքն ու ըստ այդմ վերանում է ԵՏՄ իմաստը:

Երեւանը նաեւ այդ ընդհանուր մեխանիզմի համատեքստում է դիտարկում գազի գնագոյացման հարցը, այդպիսով փորձելով դնել հարցի լուծման հիմնարար տարբերակ եւ գործնականում օրակարգից դուրս բերել պարբերաբար հայ-ռուսական բանակցության անհրաժեշտությունը:

Միասնական էներգետիկ շուկայի հարցում դժկամ կողմ են դիտարկվում Ռուսաստանն ու Ղազախստանը, թերեւս հասկանալի պատճառով: Նրանք ԵՏՄ երկու երկրներն են, որոնք ի տարբերություն մյուս երեքի ունեն էներգակիրներ, արդյունահանում են նավթ եւ գազ: Դա նրանց տալիս է տնտեսական ու նաեւ քաղաքական որոշակի առավելություն մյուսների նկատմամբ, ինչը կարող են զգալիորեն կորցնել միասնական էներգետիկ շուկայի ձեւավորման դեպքում:

Արդյո՞ք Երեւանը պատրաստվում էր Հայաստանում տեղի ունենալիք վարչապետական հավաքի ընթացքում ընդգծել հարցը, ու դրա առնչությամբ է եղել Նիկոլ Փաշինյանի եւ Մեդվեդեւի հեռախոսազրույցը: Ակնառու է, որ Մոսկվան, ու նաեւ Աստանան, այստեղ շատ պատասխան չունեն, առավել եւս, որ հարցը դրվում է ԵՏՄ իմաստը համատեքստում՝ եթե չի վերանում «էներգետիկ անհավասարությունը», ապա վերանում է ԵՏՄ իմաստը: Ի՞նչ համակարգում կա այդ հարցում Երեւանի, Մինսկի եւ Բիշքեկի միջեւ: Այստեղ օրինակ արժե հիշել, որ ԵՏՄ ակումբից միայն Բիշքեկն էր, որ դեկտեմբերի ընտրությունից հետո շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին խորհրդարանի ընտրության կապակցությամբ:

Մինսկի հետ Երեւանի ունեցած հարաբերության տիրույթում ակնառու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը: Մյուս կողմից, այստեղ անշուշտ իրավիճակը միարժեք եւ միակողմ չէ: Եվ մի կողմից փաստացի խոչընդոտելով միմյանց, Երեւանն ու Մինսկն այդուհանդերձ դրա հետ մեկտեղ նաեւ միմյանց համար ստեղծում են Ռուսաստանի հետ խոսելու հիմքեր, այդպիսով նաեւ ձեռք բերելով փոխադարձ նշանակություն:

Ահա այդ ֆոնին խաղից, կամ ավելի շուտ խաղադաշտից դուրս է գալիս Նազարբաեւը: Դա հնարավորություն կտա Մոսկվա-Նուրսուլթան (նախկին Աստանա) տանդեմին ժամանա՞կ շահել միասնական էներգետիկ շուկայի հարցն արգելակելու համար, թե՞ այդուհանդերձ պաշտոնական Նուրսուլթանը կարող է միանալ Երեւանին, Մինսկին եւ Բիշքեկին, հաշվի առնելով այն, որ խոշոր հաշվով դրանով ոչինչ չի կորցնում, փոխարենը ձեռք է բերում Մոսկվայի հետ հարաբերության դիրքի հնարավոր բարելավում, առավել եւս, որ խոսքը նոր նախագահի առումով մեկնարկային դիրքի մասին է:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...