Ի՞նչ նպատակ է հետապնդում ավելի լավ կարգավիճակի մասին դեսպանի հայտարարությունը

- in Կեղտոտ լվացք

Համաձայն ռուսական Կոմերսանտի՝ Թաթարստանի դատարանը ազատազրկման է դատապարտել Օլգա Զիյատդինովային, ով դատի էր տվել տեղական իշխանություններին՝ իր որդուն թաթարերեն սովորելուն հարկադրելու համար:

Զիյատդինովային նախապես մեղադրել են թաթարների հանդեպ ատելություն սերմանելու համար, սակայն հետո նրա մոտ հայտնաբերել են ամուսնու հետ անչափահաս որդու ներկայությամբ ինտիմ տեսարանների տեսագրություններ եւ դատապարտել ՌԴ ՔՕ 132 հոդվածով՝ մայրենի թաթարերենի ուսուցման կողմնակից ամուսնուն բռնաբարելու համար:

Թաթարստանի դպրոցներում թաթարերեն լեզու սովորելը կամավոր է: Զիյատդինովան բողոքում էր, որ իր որդուն հարկադրել են սովորել թաթարերեն:

Մենք Հայաստանում ռուսերենի համար լավ կարգավիճակ կցանկանայինք, երեկ հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը, մասնակցելով դպրոցներից մեկում ռուսերենի դասարանի բացմանը:

Նրան նման հարց տվել է հայ լրագրողներից մեկը, ինչը հետաքրքիր է: Լրագրողները թերեւս լավ գիտեն, որ տարբեր ժամանակաշրջաններում ռուսները բարձրացնում էին ռուսաց լեզվի կարգավիճակի հարցը, ինչը լրացուցիչ լարվածություն էր ստեղծում հայ-ռուսական հարաբերություններում: Հայաստանի իշխանությունները նման դեպքերում հայտնվում էին բավական բարդ իրավիճակում: Եվ եթե նախկինում այդ հարցադրումները գալիս էին ռուսական տարբեր շրջանակներից, հիմա հայ լրագրողներն են փորձում «թարմացնել» թեման: Եվ հետաքրքիր է դեսպանի հակադարձումը՝ հարցրեք ձեր իշխանություններին:

Սա՝ իմիջիայլոց:

Ռուսերենը լավ կարգավիճակ ունի Հայաստանում, դասավանդվում է դպրոցներում: Միեւնույն ժամանակ, ռուսերենը օբյեկտիվորեն կորցնում է իր երբեմնի դերը, որը ոչ միայն պարզապես շփման լեզու էր բազմազգ կայսրությունում, այլեւ կայսրության եւ հատկապես արտերկրի քաղաքակրթության նվաճումների, գիտության, մշակույթի, գրականության հետ հաղորդակցվելու «միջնորդ» լեզու:

Ներկայում այդ հաղորդակցությունը դառնում է անմիջական, մյուս կողմից Ռուսաստանն աստիճանաբար հետընթաց է ապրում հանրային կյանքի բոլոր ոլորտներում, դառնալով հետամնաց հումքային երկիր: Ռուսաստանից վերջին տարիներին հեռացել է մոտ 3 միլիոն որակյալ բնակչություն, հիմնականում երիտասարդներ, ինչը խորացնում է հանրային արժեքային դեգրադացիան: Այս պայմաններում ռուսերենը դառնում է նեոգաղութատիրական էքսպանսիայի գործիք՝ առանց քաղաքակրթական բաղադրիչի, դրանից բխող անխուսափելի հետեւանքներով, որոնք նկատելի են հետխորհրդային ողջ տարածքում:

Նման պայմաններում ի՞նչ նպատակ է հետապնդում ավելի լավ կարգավիճակի մասին դեսպանի հայտարարությունը: Որ կանայք հանուն ռուսաց լեզվի բա՞նտ գնան: