Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նամակ է ստացել, ըստ որի՝ Հայաստանում «Արմաթ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք վարում են 350 խմբակներ, արդեն 3 ամիս է՝ վարձատրություն չեն ստացել։ Այս մասին այսօր՝ մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը՝ կառավարության անդամներին հայտնեց վարչապետը․

«Ես ուզում եմ հասկանալ՝ 21-րդ դարում նման բան հանարվոր է՞, որ պետական համակարգի աշխատողներ 3 ամիս աշխատավարձ չստանան»,- հարցրեց վարչապետը, ինչին ի պատասխան՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն արձագանքեց, որ նախորդ տարիներին «Արմաթ» լաբորատորիաների ծրագրերը ֆինանսավորվել են դրամաշնորհով, այս տարի փոխվել է ֆինանսավորման ձեւը՝ դառնալով մրցութային, իսկ ծրագիրն իրականացնողները սրա վերաբերյալ առարկություն են հայտնել․

«Փետրվարին մենք բանակցել ենք, նախագիծ ենք պատրաստել եւ ֆինանսների նախարարության հետ քննարկել ենք այդ հարցը։ Նախագիծը վաղը կոմիտեի նիստին կքննարկվի, հաջորդ շաբաթ արդեն կընդունվի»,-ասաց Հարությունյանը։

Վարչապետը եւս մեկ անգամ հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվել, որ ոչ թե մեկ ամիս, այլ մարդիկ երեք ամիս չեն ստացել իրենց աշխատավարձերը։ Այս անգամ արձագանքեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ասելով, որ այստեղ խոսքը չի վերաբերում պետական կազմակերպության աշխատակիցներին, խոսքը վերաբերում է հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվող ծառայության դիմաց վճարներին․

«Կարող է տպավորություն լինել, որ իսկապես պետական մարմնում աշխատողը աշխատավարձ չի ստացել, բայց խոսքը դրա մասին չէ»։

«Սա աննորմալ երեւույթ է, կարող ենք անունը դնել մրցույթ, բայց ոնց ա հնարավոր էսպիսի երեւույթ, հիմա ասում ենք՝ ձեւը փոխում ենք, որ ավելի վատ լինի՞, թե՞ ավելի լավ լինի, պետք է լավ լինի, չէ՞։ Հետեւաբար հարց․ ինչո՞ւ է ավելի վատ։ Ինչո՞ւ մրցույթը չի եղել»,-չստանալով իր հարցի պատասխանը՝ կրկին հարցրեց վարչապետը։

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը պատասխանեց Փաշինյանին՝ ասելով, որ մրցույթը չի եղել, քանի որ նախկինում բավարար չափով քննարկում չի եղել, եւ նախագիծը քննարկման է դրվել վերջին փուլերում․

«Որոշակի ռիսկեր են առաջացել, մենք նաեւ բարձրացրել ենք Գյումրու եւ Վանաձորի տեխնոպարկերի հարցը, եւ առաջին եռամսյակում առանց մրցույթի ապահովել ենք աշխատավարձը, բայց եթե էդ տեքստով հաստատավեր նախագիծը, հիմա նույնը այնտեղ կունենայինք»։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հավելեց, որ չկա խնդիր, որը կապված լինի բյուջեում ֆինանսական խնդրի անբավարարության հետ, խնդիրը հարցի լուծման ճանապարհի մեջ է։ Այնուհետեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց նախագիծն այսօրվա օրակարգ մտցնել եւ քննարկել, սակայն Նիկոլ Փաշինյանը բարկացավ՝ ասելով, որ պետք է հրաժարվել ամեն ինչ վերջին րոպեին անելու աշխատաոճից․

«Ո՛չ, ես համաձայն չեմ, 2-3 ամիս կար, պետք էր անել, ոչ թե վարչապետը նամակ ստանա, ասի՝ սա ինչ ա, ասեն՝ դե լավ, էն որոշումը հանեք սեղանի ոտի տակից, բերեք, դրեք՝ նիստում քննարկեք։ Ուրիշ որեւէ գերատեսչության հետ կապված էսպիսի դեպք ես չունենամ ընդհանրապես»։

Ավինյանն առաջարկը հանեց՝ ասելով, որ վաղը կոմիտեի նիստում կքննարկեն հարցը, կհասկանան՝ ինչու չի արվել մրցույթը, կհասկանան՝ ով է պատասխանատուն։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...