Լենուղու բնակիչները փակել են դպրոցի մուտքը. պահանջում են լուծել վթարային շենքերի հարցը

Արմավիրի մարզի Լենուղի գյուղի չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչներն այսօր վաղ առավոտյան՝ ժամը 8-ից փակել են գյուղի դպրոցի մուտքը:

Ոստիկանների և գյուղացիների միջև քաշքշուկ է եղել: Նախորդ հինգշաբթի օրը երկու վթարային շենքերի բնակիչները բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի մոտ՝ խնդրելով լուծել իրենց խնդիրը:

Գյուղացիների խոսքով՝ շենքերը փլվում են իրենց վրա: Նշենք, որ Լենուղի համայնքի վթարային շենքերի բնակիչներն իրենց խնդիրը բարձրացրել էին դեռևս նախկին կառավարությունների օրոք, բայց այդպես էլ լուծում չէր եղել:

Այսօր դպրոցի մուտքը փակած գյուղացիներին հրավիրել են Արմավիրի մարզպետարան, որտեղ փակ քննարկում է անցկացվել: Որոշվել է, որ մարզային իշխանություններին մեկ ամիս ժամանակ տալ, որպեսզի խնդիրները լուծեն:

Ըստ գյուղացիների՝ իրենք մարզպետարանում ասել են՝ եթե մեկ ամիս անց խնդրի լուծմամբ չզբաղվեն, իրենք կոշտ քայլերի են դիմելու: «Վաղը կարող են հանգիստ գնալ դպրոց, բայց եթե մեկ ամսվա ընթացքում խնդրին լուծում չեղավ, դրական շարժ չեղավ, ցանկացած քայլի կդիմենք, չենք թողնի, որ գյուղապետարանն էլ աշխատի»,- ասացին նրանք:

Ըստ գյուղացիների՝ Արմավիրի մարզպետն իրենց ասել է, որ կառավարության նիստում այս հարցը կբարձրացնի, պետք է մեկ ամիս սպասել: Մարզպետն ասել է, որ հարցը կարող է լուծվել միայն կառավարության որոշմամբ, մարզպետարանը չունի ֆինանսական միջոցներ:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...