Կարեն Կարապետյանը Հայաստանում մտադիր էր զբաղվել քաղաքականությամբ, բայց գործիքն այլ տեղ պետք եկավ

karen-karapetyan

Ռուսաստանի կառավարությունը հաստատել է «Զարուբեժնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի 7 հոգանոց կազմը, որում է նաև Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կարեն Կարապետյանը, անշուշտ, առաջին անգամ չէ, որ զբաղեցնում է ռուսական պետական կորպորացիայի մենեջերական դիրք: Մինչ Հայաստանի վարչապետ դառնալը Կարեն Կարապետյանն այդ դիրքն ուներ «Գազպրոմ»-ի ցանցում: Այդ իմաստով, Կարեն Կարապետյանն ընդամենը վերադառնում է այնտեղ, որտեղից եկել էր Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելու, այսինքն` ռուսական պետական կորպորացիա:

Այստեղ ուշագրավն այն է, որ հայկական մամուլն արդեն տևական ժամանակ տեղեկություններ է հրապարակում այն մասին, որ Կարեն Կարապետյանը Հայաստանում մտադիր էր զբաղվել քաղաքականությամբ, ուժ ստեղծել, միավորել նախկին իշխանության ամենատարբեր շրջանակների, հանդիպումներ է ունենում այդ շրջանակների հետ և այլն: Ընդ որում, Կարեն Կարապետյանը որևէ կերպ պաշտոնապես, կարծես թե, չի անդրադարձել այդ հրապարակումներին և չի հերքել, որ չունի Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն, չունի սեփական, կամ այլոց քաղաքական ծրագրերում ներգրավվածության մտադրություն: Ու ստացվում է, որ Հայաստանում քաղաքական ծրագրեր են վերագրվում մարդու, գործչի, որը պաշտոն է զբաղեցնում այլ պետության պետական կորպորացիայում՝ տնօրենների խորհրդի անդամ է: Ընդ որում, այստեղ, մի կողմից, որևէ նշանակություն չունի, թե խոսքը ինչ պետության և ինչ կորպորացիայի, և որ գործչի մասին է, մյուս կողմից էլ այդ հանգամանքը նշանակություն է ստանում հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերության անցնող երկու տասնամյակի բնույթը, բաղադրությունը, դրանում եղած շահառուների խմբերը, Հայաստանի նախկին իշխող համակարգի հետ թելերը, քաղաքական շահերը և այլն: Այդ ամենի հանրագումարում ստացվում է պատկեր, որը ընդհուպ առնչություն ունի Հայաստանի ազգային անվտանգությանն ու պետական արժանապատվությանը, հատկապես, որ Հայաստանի «տառապանքն էլ այդ առումով փորձ ունի»:

Միևնույն ժամանակ, ինչի մասին կարող է լինել խոսքը, երբ Կարեն Կարապետյանը այդ կարգավիճակում ոչ միայն մենակ չէ, և այլ կա նաև գործիչ, որը ոչ թե մամուլի հրապարակումների մեջ, այլ անձամբ է հայտարարել Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու պլանների մասին, լինելով ռուսական մեկ այլ խոշոր ընկերության՝ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի անդամ: Խոսքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին է: Բայց նա էլ, իհարկե, ինչպես ասում են՝ մենակ չէր: «Ռոսնեֆտ»-ում էր Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ընդ որում, նա այդ իմաստով առայժմ մենակ է, մենակ այն առումով, որ միայն նա է քաղաքական պարտությունից հետո հայտարարել Հայաստանում քաղաքականությունից դուրս գալու մասին, ի պատիվ իրեն: Բայց ցանկը՝ Հայաստանում պետական բարձրաստիճան պաշտոն ունեցածների և հետպաշտոնեական շրջանում Ռուսաստանում աշխատանք և ապաստան գտածների, իհարկե, շատ մեծ է, որից ամենամեծ աղմուկը, թերևս, առ այսօր սպասում է պատասխանի, թե ինչպես է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում հայտնվել ՌԴ քաղաքացի Միքայել Հարությունյանը, որն այժմ մարտիմեկյան քննությունից պաշտպանվում է Ռուսաստանում:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...