Կարիք չկա մեկնաբանել պաշտոնական Ստեփանակերտի հայտարարությունները

- in Պաշտոնական

Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հայտարարությունը, թե ժամանակն է հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից, Արցախի իշխանության դիրքորոշումն է, հետևաբար, կարիք չկա մեկնաբանել պաշտոնական Ստեփանակերտի հայտարարությունները:

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նա նշեց, որ հայկական երկու հանրապետությունները թեեւ հակասություններ չունեն, սակայն միմյանց դիրքորոշումները չեն մեկնաբանում:

ԱԳՆ խոսնակի կարծիքով, Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման քայլերը չեն նպաստում խաղաղության ամրապնդմանը:

«Սա չի նպաստում վստահության ու խաղաղության մթնոլորտի ձեւավորմանն ու ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու գործընթացին»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳՆ խոսնակի խոսքով՝ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Արցախը պաշտպանվելու ու հակահարված տալու վճռականություն ունեն ու այդ վճռականությամբ է պայմանավորված մեր հանձնառությունը՝ խաղաղության հաստատման ուղղությամբ: ՀՀ ԱԳՆ-ն հույս է հայտնում, որ ԼՂ հակամարտության կողմերը հանձնառու կլինեն Դուշանբեի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններին:

Ադրբեջանի կողմից առանց համապատասխան ծանուցման հարձակվողական բնույթի լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ գործիքակազմով նախատեսված միջազգային պարտավորությունների խախտում է: Այն որևէ ձև չի նպաստում տարածաշրջանում վստահության  մթնոլորտի ամրապնդմանը: Այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով այն  հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ԱԳՆ-ն Ադրբեջանի կողմից հարձակվողական բնույթի լայնամասշտաբ զորավարժությունների անցկացմանը. «ԵԱՀԿ-ում մեր ներկայացուցչությունն այս հարցը բարձրացրել է նաև ԵԱՀԿ շրջանակներում և Ադրբեջանից համապատասխան բացատրություն պահանջել»:

Անդրադառնալով հարցին, թե ԱԳՆ-ն ինչպե՞ս է մեկնաբանում հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից նոր զորակայանի տեղակայմանը՝ Աննա Նաղդալյանն ընդգծեց, որ դա նույնպես չի նպաստում տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանը. «Եվ Արցախը, և Հայաստանը ունեն վճռականություն և կարողություն պաշտպանվելու և հակահարված հասցնելու: Այս հարցը թող որևէ մեկը կասկածի տակ չդնի, որովհետև այդ վճռականությամբ է նաև պայմանավորված մեր հանձնառությունը՝ քայլեր ձեռնարկել խաղաղություն հաստատելու ուղղությամբ»:

Հայաստանը Ղազախստանի հետ ունի լայնածավալ և կարևոր օրակարգ, բազմաշերտ համագործակցություն, որը մեծ կարևորություն և նշանակություն ունի Հայաստանի համար: Լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով Ղազախստանի նախագահի հրաժարականին, այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը. «Մենք այդ բոլոր ուղղություններով համագործակցում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Առաջնային են նաև ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն, և այս առումով աշխատանքները շարունակվելու են»:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...