Կենսաթոշակային լուրջ ռեֆորմ է քննարկվում ԱԺ-ում․ Լենա Նազարյանը բացում է փակագծերը

- in Պաշտոնական

ԱԺ-ում քննարկվում է կենսաթոշակներին վերաբերող հարց: Այս մասին իր Facebook-յան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

«Առաջարկվում է կենսաթոշակային համակարգում ներմուծել նոր ինստիտուտ՝ «նվազագույն կենսաթոշակի չափ». այս պահի դրությամբ 25.500 ՀՀ դրամ: Սա այն կենսաթոշակի չափն է, որից պակաս կենսաթոշակ չի կարող վճարվել: Այս փոփոխությունը վերաբերելու է շուրջ 18.000 կենսաթոշակառուի։

Պետական բյուջեում այս որոշումը կհանգեցնի շուրջ 800 մլն դրամի ծախսերի ավելացման։ 2019թ․ պետական բյուջեում համապատասխան միջոցները նախատեսված էին։ Օրենքին կտրվի նաև հետադարձ ուժ, ինչը նշանակում է, որ կհաշվարկվեն և կվճարվեն 2019 թվականի անցնող ամիսների գումարները։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը խոսեց նաև առաջիկայում նախատեսվող ընդհանուր կենսաթոշակների ավելացման մասին: Այս մասին գրված է նաև կառավարության ծրագրում», – ասված է նրա գրառման մեջ:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը չի հասկանում այն պատգամավորներին, որոնք քննադատում են Կառավարության ներկայացրած օրենքի այն նախագիծը՝ ըստ որի՝ առաջարկվում է նվազագույն կենսաթոշակ սահմանել 25500 ՀՀ դրամը․

«Անկեղծ ասած՝ իսկապես զարմացած եմ: Հիմա Կառավարությունը բերել է մի նախագիծ, որով ինչ-որ թվով մարդկանց համար հարց է լուծվում, եւ հնչում են քննադատություններ, բա ինչո՞ւ 10 եւ 12 տարվա աշխատանքային ստաժ ունեցողների միջեւ անհավասարություն է առաջանում, այսպես թե այնպես, չաշխատած մարդը, մի ամիս աշխատածը եւ 10 տարի աշխատած մարդը ստանում են նույն կենսաթոշակը, հիմա էդ շեմը երկու տարի երկարեցվում է»,- իր ելույթի ժամանակ ասաց Միրզոյանը։

Նա նշեց, որ համաձայն է, որ 10 եւ 12 տարի աշխատած մարդիկ ավելի բարձր կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն, բայց կա մի նվազագույն շեմ, որից ներքեւ էական չէ՝ ով քանի տարի է աշխատել, հարցը վերաբերում է սովամահ չլինելուն․

«Կառավարության բերած օրենքի նախագիծը հենց սրա մասին է։ Ես հասկանում եմ, որ կամերաների առաջ հաճելի է ունենալ, ներողություն, դեմագոգիկ ելույթներ, եթե այդպես է, կարող էի առաջարկել, որ խոսեք՝ իսկ ինչու՞ չի սահմանվում 100 կամ 300 հազար դրամ, մի՞թե հնարավոր է ապրել 50 հազար դրամով։ Հարգելի գործընկերներ, առաջարկում եմ ավելի սթափ եւ սառը վերաբերել նմանօրինակ հարցերին։ Երկու ամսվա կառավարությունը հսկայական դրական քայլ է անում, եւ սա պետք է արձանագրվի»,-ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ եթե կան էական վերապահումներ, ապա ինքը կոչ է անում երկու ընդդիմադիր ֆրակցիաներին՝ դեմ քվեարկել օրինագծին։