Համանախագահների հայտարարության բուն ասելիքը անտեսվեց

- in Վերլուծական

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը հայկական քաղաքական շրջանակներում ոչ միանշանակ գնահատականների արժանացավ։

Ընդդիմությունը, հասկանալի է, շտապեց դա ներկայացնել որպես ընդգծված հակահայկական փաստաթուղթ ու նույնիսկ «Հայաստանի նոր իշխանություններին հասցված դիվանագիտական ապտակ», ուրիշները դա գնահատեցին որպես հերթական հայտարարություն, որն ուղղված էր հիմնականում ադրբեջանական կողմին եւ այլն, ու մինչ մարդիկ փորձում են հասկանալ՝ ի վերջո հայկական կողմն այս դրվագում «կրե՞ց, թե կրվեց», հայտարարության բուն ասելիքը կարծես թե անտեսվեց։

Սկսենք նրանից, որ հարցին «կրել-կրվելու» տեսանկյունից նայելը սխալ է, եւ ընդհանրապես՝ համանախագահների հայտարարությունները, որպես կանոն, կողմերից միայն մեկին ուղղված չեն լինում։ Ավելին․ քանի որ ղարաբաղյան կարգավորման հարցում ե՛ւ մեր դիրքորոշումն է մաքսիմալիստական / հասարակությունը պահանջում է ԼՂՀ լիակատար անկախություն՝ առնվազն այսօրվա սահմաններով/, ե՛ւ ադրբեջանական կողմինը /նրանք պահանջում են ազատագրված բոլոր շրջանների վերադարձ, ու որ դրանից հետո էլ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում/, համանախագահների ցանկացած հայտարարություն ընկալվելու է որպես անընդունելի ե՛ւ մեզ համար, ե՛ւ նրանց։

Հիմա՝ ավելի հանգամանորեն։ Համանախագահների հայտարարության «կետերից» մեկն, այո, ըստ երեւույթին ուղղված էր հայկական կողմին․ այն կետը, որով նրանք կոչ էին անում ձեռնպահ մնալ բանակցությունների ձեւաչափը փոխելու պահանջից։ Փոխարենը՝ մյուս երեք կետերն ակնհայտորեն ուղղված էին ադրբեջանական կողմին։ Առաջին՝ այն կետը, որով կոչ է արվում թուլացնել «հրահրիչ հռետորաբանությունը» /Ադրբեջանն է, չէ՞, անընդհատ խոսում խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին/, երկրորդ՝ այն կետը, որով կոչ է արվում զերծ մնալ «գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն» /սա ստատուս-քվոն փոխելու փորձերի անթույլատրելիության մասին է/, եւ երրորդ՝ այն կետը, որով կոչ է արվում զերծ մնալ այնպիսի հայտարարություններից, որոնք «նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը»։ Այս վերջինն ամենակարեւորն է, որովհետեւ եթե Ալիեւը հայտարարում է, որ Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի կազմից դուրս լինել, դա հենց նշանակում է նախապես վճռել կամ կանխորոշել ապագա բանակցությունների արդյունքը։ Ու փաստորեն համանախագահներն ասում են, որ Ադրբեջանի այդ դիրքորոշումն անընդունելի է։ Ավելին՝ մեզ համար չափազանց կարեւոր է այն արձանագրումը, որ միջնորդները հակամարտության կարգավորման այս կամ այն սկզբունքը կամ տարրն առաջնային համարելու ցանկացած փորձ անընդունելի են համարում։ Այսինքն՝ տարածքային ամբողջականության սկզբունքն ինքնորոշման սկզբունքի նկատմամբ գերակա չէ /որքան էլ Ադրբեջանը փորձի հակառակը պնդել/։

Անցնենք «հավելյալ տարրերին»։ Ըստ էության ի՞նչ են ասում համանախագահները։ Նրանք ասում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները պիտի իրենց ժողովուրդներին նախապատրաստեն փոխզիջումների։ Ավելի կոնկրետ՝ մեր իշխանությունները պիտի մեր հասարակությանը նախապատրաստեն ազատագրված տարածքների վերադարձին, Ադրբեջանի իշխանություններն էլ պիտի իրենց հասարակությանը նախապատրաստեն այն մտքին, որ Արցախն այլեւս երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու, ու իրենք պիտի ընդունեն Արցախի ցանկացած կարգավիճակ, որն Արցախի ժողովուրդը կընտրի ազատ կամարտահայտման /հանրաքվեի/ արդյունքում։ Սա, կրկնում ենք, համանախագահների պատկերացումն է /եւ հորդորը/։

Ի՞նչ պիտի անի հայկական կողմն այս իրավիճակում։ Պիտի արձանագրի, որ բանակցություններն այսպես թե այնպես չեն կարող արդյունավետ լինել առանց ԼՂՀ մասնակցության, ու դա ոչ թե քմահաճույք է, այլ առողջ պրագմատիզմ, պիտի ընդհանուր առմամբ ողջունի համանախագահների՝ ստատուս-քվոյի խախտման ցանկացած փորձ անընդունելի համարելու դիրքորոշումը, ու պիտի ուշադիր հետեւի, թե ինչպես են Ադրբեջանի իշխանություններն իրենց ժողովրդին համոզում հաշտվել Արցախի անկախության անխուսափելիության մտքի հետ։

Պատերազմի նախապատրաստվելու մասին չենք խոսում, որովհետեւ ինքնին հասկանալի է՝ դրան պիտի պատրաստ լինենք միշտ։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...