Հայաստանի վարելահողերից մոտ 200 հազար հետարը չի մշակվում

- in Հասարակություն

Հայաստանի վարելահողերից մոտ 200 հազար հետարը չի մշակվում, խորհրդարանում լրագրողներին ասաց գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գևորգյանը:

Նա նշեց, որ այստեղ ավելի կարևոր է հարցը, թե մարդն ինչու պետք է մշակի, կամ ինչու չպետք է մշակի հողը. «Մենք պետք է այնպես անենք, որ հողի մշակումը դառնա արդյունավետ, և ՀՀ-ում մեկ սմ հող չմնա, որ չի մշակվելու: Բայց դա մեկ տարվա հարց չէ»:

Ըստ Գեղամ Գևորգյանի՝ գյուղատնտեսության սեզոնին նախապատրաստված են, ոռոգման ջրի հարցն է խնդիրը, բայց փորձում են այդ հարցին տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցելով լուծում տալ:

Գեղամ Գևորգյանն անդրադարձավ նաև ոլորտի ներդրումային ծրագրերին, ասաց, որ հինգ ուղղություններով ներդրումային ծրագրեր են ներկայացվել կառավարություն: Դրանք վերաբերում են թռչնաբուծության, ջերմոցային տնտեսություններին, այգեգործության ոլորտներին, ենթակառուցվածքների զարգացմանը:

Կառավարությունը անասնապահության համար կաջակցի գյուղացիներին,- ասաց գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ մատչելի վարկեր կտրամադրվեն գյուղացիներին: «Գաղափարն այն է, որ եթե նա ճիշտ է օգտագործում գումարը, գնում է, կաթը ստանում է և կաթից ստացած փողով սկսում է փակել իր ռեսուրսը: Ընդ որում, պայմանավորվածություն է լինելու վերամշակողի հետ, որ որակին համապատասխան գնով են ձեռք բերելու: Քանի որ որակական պահանջները չեն բավարարվում, դրա համար են էժան մթերում վերամշակողները, հետո վերամշակման համար շատ գումար են պահանջում»,- ասաց նա: Ըստ այդ ծրագրի՝ գյուղացիները ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած փոքր անասնագոմեր պետք է հիմնեն, որոնք սանիտարահիգիենիկ պայմաններով կհամապատասխանեն չափանիշներին:

Նրա խոսքով՝ Հայաստանում անասնապահությունը լրջագույն պոտենցիալ ունի: Միայն տավարի մսի դեֆիցիտը ամբողջ ԵՏՄ տարածքում բավական լուրջ է: Այսինքն՝ Հայաստանում ինչքան տավարի միս արտադրվի, դրա և ներքին պահանջարկը կա, և արտաքին: Այդ թվում՝ կաթի դեֆիցիտ կա: Իսկ ոչխարի միսը արաբական աշխարհում ու Իրանում լրջագույն պահանջարկ ունի. «Մնում է մի քանի հիմնական խնդիր լուծենք՝ ոլորտին ֆինանսական աջակցություն ցույց տանք, չմշակվող հողերի հարցը լուծենք: Անասնապահությունն ու թռնչաբուծությունը լրջագույն պահանջարկ ունեն, Հայաստանում նաև թռչնի ու խոզի մսի սպառման լրջագույն պահանջարկ կա»:

Անդրադառնալով ոչխար արտահանելու մասին հայտարարություններին, Գեղամ Գևորգյանն ասաց, որ արտահանում են. «Գլխաքանակը պակասել է, որովհետև մարդիկ շատ են մորթի ենթարկել: Մենք ընդհանրապես անասնապահությունը ֆինանսաորելու ենք, այդ թվում՝ ոչխարաբուծությունը, ինքը լուրջ ուղղություն է»: