Հայաստանում սկսելու ենք երիկամների, լյարդի եւ սրտի փոխպատվաստման ծրագիր՝ կենդանի ու ոչ կենդանի դոնորներից

- in Առողջություն
«Հանրային առողջապահության մարտահրավերները եւ լուծման ուղիները նոր Հայաստանում» մասնագիտական քննարկման առաջին դասախոսությունն անցկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում նախարարն առանձնացրել է առողջապահության ոլորտի բարելավման երեք ուղղություն՝ կանխարգելիչ բժշկության զարգացում, առողջության ապահովագրության ներդրման նոր մեխանիզմ, ուռուցքաբանությունն իր բոլոր մակարդակներում՝ վաղ հայտնաբերումից մինչեւ բուժում եւ պալիատիվ խնամք։
Նախարարը ներկաներին ծանոթացրել է վերջին նորություններին եւ ապագա ծրագրերին՝ շտապօգնության կանչերի կենտրոնացումից մինչեւ սանիտարական ավիացիա, փոխպատվաստում։
«Հայաստանի Հանրապետությունում սկսելու ենք երիկամների, լյարդի եւ սրտի փոխպատվաստման ծրագիր՝ կենդանի ու ոչ կենդանի դոնորներից։ Մենք գրեթե ամեն ինչ ունենք իրականացնելու համար, այդ թվում՝ քաղաքական կամք, եւ ծրագրի ներդրմամբ կփրկենք բազմաթիվ կյանքեր»,- ասել է Արսեն Թորոսյանը։
Այնուհետեւ նախարարը քննարկումը վերածել է հարցուպատասխանի եւ ներկաներն իրենց մտահոգող հարցերն են ուղղել, մասնավորապես՝ շաքարի հարկի գնային քաղաքականության, ոչ վարակիչ հիվանդությունների բուժման, պատվաստումների, ընտանեկան բժիշկների պրակտիկայի, հակաբիոտիկների եւ այլ թեմաների շուրջ։
Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...